Ռուզաննա Հարությունյանն ամուսնու հետ օրերս է վերադարձել Բալիից: Թե ինչպիսի հանգիստ է անցկացրել զույգը, ինչն է առավել տպավորել դերասանուհի-հաղորդավարուհուն, վերջինս պատմել է BRAVO.am-ին:
«Ընտրեցինք Բալին, քանի որ վաղուց էի ցանկանում Ինդոնեզիայում լինել: Օվկիանոսը միշտ առեղծվածային է ինձ թվացել, չնայած՝ առաջին անգամ չէի օվկիանոսի ափին: Շատ եմ սիրում էկզոտիկ բնություն, այնքան, որ հետո վերադարձն ուղեկցվում է տրամադրության անկմամբ, որն, իհարկե, ժամանակավոր է»,-պատմել է նա եւ հավելել, որ տասնօրյա հանգիստը հնարավորություն է տվել կտրվել կենցաղից, աշխատանքից, քաղաքի եռուզեռից եւ լինել բնությանն ավելի մոտ ու ներդաշնակ։
Ռուզաննա Հարությունյանը
Նրա խոսքով՝ հանգստյան օրերը շատ արագ են անցել.«Բայց հասցրի լիցքաթափվել, բացահայտումներ անել, կարեւորներից մեկը՝ վախեր հաղթահարել ու բուռն էմոցիաներով վերադառնալ։ Հատկապես տպավորված եմ կապիկներով:): Երբեք այդքան մոտ չեմ եղել նրանց, երբեք մի տեղում այդքան շատ չեմ տեսել նրանց եւ, ասեմ ավելին, երբեք մատով անգամ չեմ դիպչել ազատության մեջ ապրող կապիկներին։ Բայց ոչ միայն դիպչեցի մատով, այլեւ թռան գլխիս, մեջքիս, ճանկռեցին, կծեցին, գրպանիցս գողություն արեցին:): Շատ հետաքրքիր կենդանիներ են, նրանց անվերջ կարելի է հետեւել ու չձանձրանալ»:
Ռուզաննա Հարությունյանը
Հաղորդավարուհին արդեն հայրենիքում է եւ հասցրել է կարեւոր միջոցառման մասնակցել.«Վերադարձիս հաջորդ օրը մեկնեցինք Արցախ՝ Ուսանողների համերաշխության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Երեկոն տեղի ունեցավ Մարտակերտ քաղաքի Մշակույթի տան դահլիճում, ելույթ ունեցան ոչ միայն տեղի ու տարբեր մարզերից եկած ուսանողները, նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, ով համերգի իրականացման աջակիցն էր: Նաեւ «Դետք» բոյ բենդի տղաները, ովքեր այս պահին ծառայում են հայոց բանակում։ Իսկ իմ առաքելությունն այդ երեկոն վարելն էր»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռուզաննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: