×


Սաթին անակնկալ է պատրաստում Ալեքսանդր Բաբասյանի եւ Ժաննա Բուտուլյանի հետ

11-ամյա երգչուհի Սաթին վերջերս մասնակցել է երաժշտական նոր ձեւաչափով «I Like It» հեռուստաշոուին: Թե ինչ տպավորություններ է ստացել այս նախագծից, առաջիկայում ինչ նորություն կներկայացնի երկրպագուներին, ինչ համագործակցություն է սպասվում Ալեքսանդր Բաբասյանի եւ Ժաննա Բուտուլյանի հետ, երգչուհին պատմել է BRAVO.am-ի հետ նոր զրույցում:

«I Like It» նախագծի մասին

«Արմենիա TV»-ի նախագծում նախնական եւ կույր լսումների ընթացքում Սաթիի հետ մեծ աշխատանք է կատարել վոկալի հիմնական ուսուցչուհին՝ Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դասական վոկալ բաժնի մասնագետ Լիլիթ Ստեփանյանը, ինչի համար երգչուհին անչափ շնորհակալ է: Սաթին (Սաթի Այվազյանը) նախագծի 5 բոնուսակիր մասնակիցներից մեկն էր, որ հնարավորություն ունեցավ հենց իր ընտրությամբ որոշել մարզչական թիմը:

Սաթին եւ Միհրան Ծառուկյանը


«Իրականում բարդ էր իրավիճակն ընտրության առումով, քանի որ ժյուրիի բոլոր անդամներն էլ շատ լավն էին` թե´ պատանի, թե´ ավագ, մանավանդ որ առաջին մարզչական թիմի կազմում էր իմ եվրատեսիլյան երգի հեղինակ, փոփ ժանրի սիրված երգիչ, երաժիշտ, երգահան Նիկ Էգիբյանը, որի հետ երաժշտական ուղիս սկսվել է դեռեւս «Ապրել խաղաղ» նախագծում՝ «Հայ եմ» տեսահոլովակի նկարահանման ժամանակ»,-պատմել է երգչուհին:

Այնուամենայնիվ, 11-ամյա Սաթին հավանությունը տվել է Միհրան Ծառուկյան եւ Յանա Հովհաննիսյան 3-րդ մարզչական թիմին՝ ստեղծված իրավիճակից ելնելով եւ այդ պահին սրտի ձայնին հետեւելով.«Ընտրությունն անսպասելի էր նույնիսկ ավագ մարզիչ Միհրան Ծառուկյանի համար, բայց սա ընդամենը մրցույթ էր` հրաշալի սկիզբ ու ավարտ ունեցող: Մրցույթի ընթացքում ստեղծվեց հրաշալի, մտերմիկ մթնոլորտ՝ Միհրանի չափազանց բարի, համբերատար ու զուսպ բնավորության շնորհիվ: Ձեւավորվեց լավ թիմ, գրվեց հատուկ երգ, նկարահանվեց տեսահոլովակ: Այդ թիմում էր նաեւ իմ մտերիմ ընկերը՝ Արման Մուրադյանը»:

Սաթին


Երգչուհին չի մոռացել ստեղծագործական ընթացքի համար եւս մեկ անգամ իր խորին շնորհակալությունը հայտնել «I Like It »-ի ստեղծագործական պրոֆեսիոնալ անձնակազմին (գլխավոր ռեժիսոր` Ռուբեն Մխիթարյան).«Սա այն բացառիկ ու ստացված նախագիծն էր, որ ավարտվեց որպես մրցույթ, սակայն չի ավարտվել որպես մեծ ընկերություն եւ ստեղծագործական համագործակցություն, որովհետեւ Հայաստանի տարբեր մասերում շարունակվում են համատեղ համերգները»:

Նոր տեսահոլովակ՝ Ալեքսանդրի եւ Ժաննայի մասնակցությամբ

Աշնան երկրորդ ամսվա սկզբին սպասվում է Սաթիի երրորդ տեսահոլովակի պրեմիերան, որը երգչուհին նվիրում է իր երջանկահիշատակ հայրիկին, ինչպես նաեւ բոլոր հայրիկներին: «Ճիշտ է` թեման շատ ցավոտ է, բայց ես միշտ ապրել եմ նրա բարի երկնային աղոթքով, այն ինձ ուղեկցել է ամենուր: Հենց իմ առաջին տեսահոլովակի երգի թեւավոր ու զորեղ խոսքերը` «Հրեշտակները քեզ համար լուռ կաղոթեն...», ակամայից դա են վկայել երգի առաջին իսկ ստեղծման օրվանից, ինչի համար շնորհակալ եմ առաջին հերթին այս աշխատանքն ինձ համար ստեղծողներին՝ հատկապես խոսքերի հեղինակին` սցենարիստ, արձակագիր Արմինե Բոյաջյանին, որը մայրիկիս մանկության ընկերուհին է: Տեսահոլովակ, որն ինձ մեծ թեւեր տվեց` շարժվելու առաջ», - նշել է Սաթին:

Սաթին


Երգչուհին հավելել է նաեւ, որ ինքն էլ է իր հերթին անհամբեր սպասել այս կարեւոր թեմային, թե երբ է երգը ստեղծվելու, ով է հեղինակելու երաժշտությունը, քանի որ խոսքերի առումով ոսկե ձեռագիրն անփոփոխ էր, այն վստահվելու էր Արմինե Բոյաջյանին: «Չնայած՝ այս պահին Արմինե Բոյաջյանը գտնվում է Արգենտինայում, եւ գիտեմ, որ նա չափազանց զբաղված է, սակայն ես եւ մայրս ունենք վստահություն, որ նա միշտ պատրաստ է աջակցել եւ կողքիս է՝ անկախ հեռավորությունից ու աշխատանքի առատությունից»,- ասել է նա եւ ավելացրել.«Երբեք մտքովս չէր անցի, որ հենց այս թեմայի երաժշտության հեղինակը մայրս է լինելու: Դրա ստեղծման առաջին ականատեսն ու արձանագրողը ես եմ եղել: Նկատեցի, որ նստած դաշնամուրի մոտ ե՛ւ նվագում, ե՛ւ քթի տակ ինչ-որ բան է շշնջում, այդ պահին ձայնագրեցի, եւ ահա արդյունքը…»:

Երգի գործիքավորումը, միքսն ու մասթերինգը Նիկ Էգիբյանինն է: Երգի վերջնական ձեւավորմանը Նիկն իր երաժշտական բարձրաճաշակությամբ փայլ է ավելացրել` շտկելով ու հղկելով այն: Տեսահոլովակի ռեժիսորը կլինի Գրիգոր Դավթյանը:

Ժաննա Բուտուլյանը եւ Սաթին


Սիրված ու ճանաչված, նաեւ վերջերս տեսահոլովակներում պահանջարկ ունեցող դերասանուհի, ինչպես Սաթին է իր սոցցանցերի գրառումներում նշում, միշտ գեղեցկուհի, ուսուցչուհի ժաննա Բուտուլյանին ռեժիսորի հետ տեսահոլովակում առաջարկել են նոր, իրեն շատ համահունչ կերպար: «Այս պարագայում իմ շատ սիրելի Ժաննա Բուտուլյանի կողմից արված քայլն անգին եմ համարում ու անչափ շնորհակալ եմ` թե՛ սիրով համաձայնության համար, թե՛... Իզուր չէր, որ մենք Ժաննային այդքան շատ սիրեցինք»,-ասել է նա:

Տեսահոլովակում հոր կերպարի մարմնավորման համար առաջարկ է արվել սիրված ու ճանաչված, բազմաթիվ սերիալներից հանրությանը հայտնի դերասան Ալեքսանդր Բաբասյանին.«Սա այն բացառիկ դեպքն է, որ տեսահոլովակում նկարահանվելու առաջարկը նրա կողմից չի մերժվել` հաշվի առնելով այն թեման, որին անդրադարձ է կատարելու երգ-հոլովակը: Այս քայլը նույնպես անգնահատելի է, խոսքերն ավելորդ են, երբ սիրելի դերասաններն իրենց կողմից նվեր են անում ինձ համար սպասված մասնակցությունը»:

Սաթին


Տեսահոլովակի նկարահանումները նախատեսված են օգոստոսին, մոնտաժման հեղինակը դարձյալ Էդուարդ Մաթենցյանն է (eskiz studio), վարսահարդարման աշխատանքների համար նախապես պայմանավորվածություն կա Անի Ավդալյանի իմիջ կենտրոնի հետ:

Իսկ վերջում Սաթին մեկ անգամ եւս իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս աշխատանքում թե´ իրենց բարի խորհրդով, թե´ իրենց մասնակցությամբ ցանկացած առումով կմնան հավերժ անգնահատելի: «Հաջողություն մեր պրոֆեսիոնալ թիմին»,-եզրափակեց երգչուհին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Սաթիի անձնական արխիվից

Սաթիի նորություններին կարող եք հետեւել այստեղ

Սաթիին Ինստագրամում կարող եք հետեւել այստեղ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW