×


Սամի Նասերին՝ Հայաստան գալու, Ազնավուրի, «Տաքսի» ֆիլմի հաջողության եւ իր հետաքրքրությունների մասին

Ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին, ում մեծ ճանաչում բերեց «Տաքսի» ֆիլմաշարը, այս օրերին Հայաստանում է: Նա ներկա է գտնվել «Mix Fight Events» մենամարտերի միջազգային մրցաշարին: Սամի Նասերիին ուղեկցում է եղբայրը` դերասան, սցենարիստ Բիբի Նասերին: BRAVO.am-ը գրի է առել լրագրողների հետ նրանց հանդիպման ամենաուշագրավ հատվածները:

Հայաստան գալու առիթը
Ֆրանսիացի դերասանն իր խոսքի սկզբում պատմեց, որ փոքր տարիքում ինքն ու եղբայրը նույնպես հաճախել են խառը մենամարտերի, բայց ավելի ուշ թողել են սպորտը՝ ընտրելով կինոոլորտը: Այդքան տարի անց, սակայն, որպես դիտորդ՝ հաճախ են ներկա գտնվում տարբեր մրցաշարերի՝ աջակցելով իրենց ընկերներին: Սամի Նասերին ասաց, որ այս անգամ ուրախ կլինեին իրենց հայ ընկերների հաղթանակով: Իսկ ահա Բիբին կեսկատակ նշեց, որ տեղեկացել է՝ մրցաշարին մի մարոկացի մարզիկ էլ է մասնակցելու, եւ ինքը հենց նրա կողմից է:

Սամի եւ Բիբի Նասերիները



Հայաստանն ու հայերը՝ Սամի Նասերիի կյանքում
Խոսելով Հայաստանի մասին՝ դերասաններն ասացին, որ հայերն իրենց կյանքում դեռ մանկությունից են եղել.«Փարիզում մենք մեծացել ենք մի թաղամասում, որտեղ հայ շատ ընկերներ ունեինք: Իհարկե, նրանցից շատերի հետ այժմ կապ չկա, բայց տարիներ հետո մենք հայ նոր ընկերներ ձեռք բերեցինք, որոնց հետ մինչ օրս էլ աշխատում ենք եւ ընկերություն անում: Օրինակ` հայ ռեժիսոր Արտակ Իգիթյանը մի ֆիլմ է նկարահանում, որ կոչվում է «Անատոլիական պատմություն»: Այնտեղ ես հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դարմոնի հետ գլխավոր դերում եմ հանդես գալիս: Շատ գեղեցիկ պատմություն է, շատ հուզիչ, որն ինձ իրոք տպավորել է: Հենց այդ պատճառով էլ համաձայնել եմ նկարահանվել»:


Սամի Նասերին նաեւ պատմեց, որ այժմ մի ֆիլմ էլ Լոս Անջելեսում են նկարահանում, որի ռեժիսորը կրկին հայկական ծագում ունի, բայց արդեն 25 տարի է՝ ԱՄՆ-ում է բնակվում: Ֆիլմի սցենարը գրել է Բիբի Նասերին, իսկ նկարահանման ավարտին նախատեսում են ֆիլմը մեծ էկրաններ բարձրացնել միջազգային մակարդակով:


Շառլ Ազնավուրի հետ հանդիպումն ու ընկերությունը
Սամի Նասերին մեծ հիշողություններ ունի նաեւ Շառլ Ազնավուրի եւ նրա ընտանիքի հետ կապված, քանի որ անձամբ է ճանաչել մեծն շանսոնյեին ու նրա ընտանիքին: Ասում է` փոքր ժամանակ իրենց տանը միշտ Ազնավուրի երգերն են հնչել, քանի որ հայրն է շատ սիրել ֆրանսահայ երգչին.«Նույնիսկ ամառային արձակուրդներին, երբ որեւէ տեղ էինք գնում ընտանիքով, ճանապարհին միշտ Շառլի երգերն էր միացնում մեքենայի մեջ: Եվ երբ սկսեցի կինոյով զբաղվել, արդեն առիթ ունեցա անձամբ ճանաչելու Ազնավուրին: Նա ինձ համար կուռք էր, եւ մեծ երջանկություն էր նրան տեսնելը: Ցավոք, այդ ֆիլմը չնկարահանվեց, բայց ես ավելի ուշ սկսեցի ընկերություն անել նրա դստեր ու փեսայի` Կատյայի եւ Ժան Ռաշիդի հետ: Մեր մտերմությունը մինչ օրս էլ շարունակվում է»:

Սամի Նասերին



Նա հիշեց, որ Ազնավուրի վերջին համերգից հետո, երբ միասին գնացել են Փարիզի ռեստորաններից մեկում ընթրելու, Շառլը ողջ գիշեր հետաքրքիր պատմություններ է պատմել իր կյանքից ու ընկերներից, որի շնորհիվ էլ գիշերը մի ակնթարթ է թվացել: Ասում է` շատ տպավորիչ եւ հուզիչ են այդ հիշողությունները:


Հանրահայտ «Տաքսի» ֆիլմի հաջողության մասին
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպես է նկարահանվել հայտնի ու սիրված «Տաքսի» ֆիլմը, եւ արդյոք իրական են այն հնարքներն ու արագությունը, որ կան ֆիլմում: Սամի Նասերին անկեղծացավ, որ իրենց բախտն իսկապես բերել է աշխարհահռչակ ռեժիսոր Լյուկ Բեսոնի հետ աշխատելով.«Առաջին ֆիլմի՝ «Տաքսի 1»-ի սցենարը հենց նա էր գրել, եւ շատ հետաքրքիր էր մտածել` գլխավոր դերերի համար երկու անհայտ դերասան ընտրելով: Իսկ հետո արդեն` նկարահանման ժամանակ, մենք իսկական վարորդներ ունեինք, որոնք կարողանում էին արագ վարել: Նրանք բոլորն էլ ավտոմրցաշարերի պրոֆեսիոնալ չեմպիոններ էին: Շատ հայտնի կասկադյորներ էլ ունեինք: Եվ այդ «բաղադրատոմսը», որ նա ընտրել էր ֆիլմի նկարահանման համար, շատ ճիշտ էր՝ իրեն շրջապատել իսկական պրոֆեսիոնալներով: Եվ գուցե հենց դա է պատճառը, որ 5-րդ «Տաքսին» այդքան լավ չի ստացվել. 5-րդում չկային այն մարդիկ, այն պրոֆեսիոնալները, որ կային նախորդ ֆիլմերում»:


«Սիրում եմ մշակույթը, չեմ ներգրավվում քաղաքական թեմաներում»
Խոսելով նաեւ իր հետաքրքրությունների մասին` Սամի Նասերին ասաց, որ գրեթե բոլոր սպորտաձեւերն էլ սիրում է, մասնավորապես` ֆուտբոլը. «Դրանում ինչ-որ իսկական կիրք կա, իսկական էմոցիա»: Իսկ առհասարակ մեծապես հետաքրքրված է մշակույթով, սիրում է այցելել այնպիսի երկրներ, որոնք հարուստ մշակութային ժառանգություն ունեն: Իսկ ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա այն, ըստ դերասանի, շատ բարդ է, իր առանձնահատուկ գծերն ունի, եւ ինքն աշխատում է ընդհանրապես չխորանալ այդ ուղղությամբ, չներգրավվել. «Փարիզում մենք մեծացել ենք մի թաղամասում, որտեղ կային տարբեր մշակույթների ներկայացուցիչներ: Այնտեղ ունեինք թե՛ հայ ընկերներ, թե՛ թուրք, թե՛ հրեա, թե՛ արաբ... Այնտեղ մենք լսում էինք տարբեր պատմություններ, լսել էինք նաեւ Հայոց ցեղասպանության մասին, բայց երբ բոլորով հանդիպում էինք միմյանց, սիրո եւ համերաշխության մթնոլորտ էր ստեղծվում: Դրանք մեր մանկական ամենավառ հիշողություններն են»,- պատմում է նա:


Բիբի Նասերին


Իսկ ահա Բիբի Նասերին ասաց, որ երազում է մի ֆիլմ նկարահանել Ֆրանսիա եկած հայերի մասին.«Այդպիսով ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել նրանց: Գալով Ֆրանսիա` նրանք հետո պատերազմել են նաեւ գերմանացիների դեմ: Դա իմ երազանքն է, քանի որ Շառլ Ազնավուրի ծնողները նույնպես այդ սերնդի ներկայացուցիչներն են: Նրանք ստեղծել են մի խումբ, որը կոչվում է «Մանուշյան»: Հենց այդ խմբի մասին էլ կցանկանամ նկարահանել ֆիլմը»,- ասաց նա եւ կեսկատակ հավելեց.«Կարծում եմ՝ այստեղ հաղորդագրություն կար` ուղղված հայ պրոդյուսերներին (ժպտում է,- հեղ)»:


Ուր են գնալու Հայաստանում
Հանդիպման ավարտին լրագրողները նաեւ հարցրին դերասաններին, թե դեռ քանի օր են պատրաստվում մնալ Հայաստանում եւ արդյոք պատրաստվում են այցելել մեր երկրի տեսարժան վայրեր: Սամի Նասերին ասաց, որ դեռ չեն հասցրել շրջել քաղաքում եւ քաղաքից դուրս, բայց դեռ երկու-երեք օր այստեղ են լինելու եւ պլանավորում են անպայման շրջել Երեւանում, լինել Շառլ Ազնավուրի թանգարանում, տեսնել Հայաստանի մշակութային բոլոր վայրերը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW