Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Արա Գեւորգյանի հայտնի “Ադանա” ստեղծագործությունը, որը նրա գործիքավորմամբ եւ նվագակցությամբ կատարել են Գեղամ Գրիգորյանն ու “Կիլիկիա” երգչախումբը, նոր տեսահոլովակով կներկայացնեն “Ժողովրդական երգիչ” հեռուստանախագծի հաղթող Սեւակ Ամրոյանը եւ Մհերը:
Սեւակ Ամրոյանը, Արա Գեւորգյանը եւ Մհերը
Երաժիշտը BRAVO.am-ին հայտնել է, որ սիրով է համաձայնել համագործակցել երիտասարդ երգիչների հետ.“Այս գործը թարգմանվել ու երգվել է 20 լեզվով: Խոսքերի հեղինակը Հենրիկ Անասյանն է: Նպատակ ունեմ տարբեր լեզուներով կատարված “Ադանա”-ի ձայնասկավառակ թողարկել` ընդգրկելով 15 տարբերակ, ինչը խորհրդանշական կերպով կապված կլինի 1915 թվի հետ”:
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանի մասնակցությամբ տեսահոլովակի ռեժիսորը Գեորգի Հարությունյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Ներկայացվում է Արեւմտյան Հայաստանում ապրող բարձրաշխարհիկ մի ընտանիքի պատմություն, որից միայն դուստրն է փրկվում: Սյուժեի հիմքում հայ ընտանիքի դրաման է, միակ փրկված աղջիկն ու Աստվածաշունչը:
"Ադանա" երգի տեսահոլովակի նկարահանումներին
Հոլովակում հանդես է գալիս նաեւ Արա Գեւորգյանը` նվագելով դաշնամուրի պարտիան.“Ավելի շատ նախընտրում եմ, որ իմ ելույթները ցուցադրվեն կենդանի հնչողությամբ համերգներից, անհարմար եմ զգում ու չեմ սիրում տեսահոլովակներում նկարվել, բայց այս անգամ չմերժեցի ու համաձայնեցի մասնակցել: Հուսով եմ` ազդեցիկ ու տպավորիչ աշխատանք կստացվի”:
Մհերի եւ Սեւակի պրոդյուսերները` Գեորգի Հարությունյանն ու Ալեքսանդր Մհերյանն, այս նախագծի պրոդյուսերներն են: Սեւակ Ամրոյանը պատմել է, որ նկարահանումներն իրականացրել են Ծիծեռնակաբերդում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ու այլ մի քանի վայրում.“Առաջին անգամ եմ մասնակցում նման նախագծի, ինչն ինձ համար կարեւոր է: Դժվար է ասել, թե ով ում առաջարկեց ստեղծել այս տեսահոլովակը, միասին համաձայնության եկանք ու թիմային աշխատանք արեցինք”:
Գեորգի Հարությունյանը, Մհերը, Ալեքսանդր Մհերյանը, Արա Գեւորգյանը եւ Սեւակ Ամրոյանը
Մհերը եւս առաջին անգամ է Հայոց ցեղասպանության թեմայով երգ կատարում. “Յուրաքանչյուր մարդ, ով իրեն հայ է զգում, կոտորածի կրողն է: Իմ մոր տատիկն այդ տարիներին փախել ու եկել է Արեւելյան Հայաստան: Պարտքս է գործով ցույց տալ, որ չենք մոռացել դաժան տարիների մասին”:
“Ադանա” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մինչեւ ապրիլի 24-ը:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Մհերյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: