×


Սոնա Շահգելդյան.“Քանի որ երկուսս էլ սիրում ենք, որոշեցինք ոչինչ չփոխել”

Սոնա Շահգելդյանն ու Սեւակ Ամրոյանը շուտով կներկայացնեն “Սարերի հովին մեռնեմ” հայտնի երգի տեսահոլովակը: Հովհաննես Բադալյանի մշակմամբ հայկական ժողովրդական երգը նրանք ձայնագրել են դեռ 2012 թվականին, միասին կատարել տարբեր համերգների ընթացքում:

Սեւակ Ամրոյանը եւ Սոնա Շահգելդյանը


Սեւակի փոխանցմամբ` զբաղվածության պատճառով տեսահոլովակի նկարահանումը հետաձգվում էր, սակայն որոշել էին ձայնագրությամբ չսահմանափակվել.“Ամեն մեկս մեր անհատական գործունեությամբ էինք զբաղվում եւ ժամանակ չէինք տրամադրում, բայց կարծում եմ` ճիշտ ժամանակին նկարահանվեց: Սոնայի էներգիայի ու հումորի շնորհիվ մեկ ամբողջ օր լավ տրամադրություն ունեցանք, ծանր աշխատանքային օրը թեթեւ անցավ: Գնահատում եմ  նրան որպես լավ երգչուհի եւ լավ մարդ”:

Սոնան էլ նշել է, որ սիրում է երաժշտական տարբեր ոճերում զուգերգեր կատարել. “Այս երգը դեռ դուետի տեսքով չի հնչել, քանի որ երկուսս էլ սիրում ենք, որոշեցինք ոչինչ չփոխել: Ինձ համար այն մնայուն արժեք է: Երկար քննարկումներից ու նախապատրաստվելուց հետո սկսեցինք նկարահանումը, բացի մեզնից նկարահանվել են դերասաններ, որոնք կներկայացնեն հետաքրքիր պատմություն”:

Սոնա Շահգելդյանը եւ Արմեն Փիրիմասիհին


Ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին, որը նկարահանել է նաեւ երգչուհու “Իմ էքսցենտրիկ էությունը” երգի տեսահոլովակը, BRAVO.am-ին հայտնել է, որ նոր հոլովակը նման կլինի խաղարկային ֆիլմի.“Սյուժեի հիմքում հայրենադարձությունն է, ամեն հայ որտեղ էլ լինի, միեւնույն է, ձգտում է իր արմատներին: Նվիրում ենք այն մարդկանց, որոնք վերադարձել են ապրելու Հայաստանում, եւ, ինչու ոչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինքս հայրենադարձ եմ, եւ սա այն եզակի երգերից է, որ ինձ ոգեշնչել է վերադառնալ Հայաստան”:

Սեւակն ու Սոնան տեսահոլովակում կներկայանան երեք կերպարով: Սեւակի հագուստի ոճով զբաղվել է մոդելավորող Արամ Նիկոլյանը, Սոնան զգեստներն ընտրել է իր ճաշակով: Նկարահանումը տեղի է ունեցել երեք վայրում` պատկերասրահում, բնության գրկում եւ տաղավարում:

Սոնա Շահգելդյանը` "Սարերի հովին մեռնեմ" երգի տեսահոլովակի նկարահանումներին


Մինչ այս տեսահոլովակի պրեմիերան Սոնա Շահգելդյանը նախատեսում է “Նոր ալիք” մրցույթում իր կատարած երեք երգի հիման վրա տեսահոլովակ ներկայացնել. “Նաեւ մի քանի նոր երգ եմ ձայնագրել, որոնցից մեկը նվիրել է երգահան Լիանա Անդրիասյանը: Տարվա ընթացքում հերթով կներկայացնեմ բոլոր նոր երգերս եւ կնկարեմ նաեւ դրանց տեսահոլովակները”:

“Սարերի հովին մեռնեմ” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է փետրվարին, իսկ երգը կարող եք ունկնդրել ստորեւ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW