×


Սոֆի Դեւոյանը՝ Իռեն Ուլիխանովայի բացակայության եւ նոր աշխատանքի մասին

Սոֆի Դեւոյանը BRAVO.am-ին հայտնել է, որ Պարի եւ հոգու թատրոնում այժմ նոր ներկայացում է բեմադրում, որի առաջնախաղը նախատեսել է 2018-ի գարնանը. «Շատ ազգային, կոլորիտային մեկ ամբողջական ներկայացում կլինի։ Ուշադրություն ենք դարձնում բոլոր դետալներին, երաժշտությանը, ինքնատիպությանը։ Առաջին մասում, որը բաղկացած է մեր լավագույն պարերից, նաեւ ես կպարեմ, իսկ երկրորդ բաժնում՝ իմ սաները»։

Նրա ղեկավարած պարային թատրոնի ամենահայտնի պարուհիներից մեկը՝ Իռեն Ուլիխանովան, ամուսնու՝ Վահագն Գրիգորյանի եւ որդու հետ վերջերս տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Զույգն այնտեղ մասնագիտական գործունեություն է ծավալում։ Խոսելով Իռենի բացակայության մասին՝ Սոֆի Դեւոյանը նշել է.«Նրա տեղը զգացվում է, բայց միշտ պատրաստում եմ փոխարինողներ, որովհետեւ մեկն ամուսնանում է, մյուսը երկրից գնում է… Իրենց ընտանիքին սիրում եմ, բաժանումը դժվար է, ամեն մարդ իր տեղն ունի։ Իմ աղջիկներից մի քանիսն ապրում են Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում։ Ոմանք շարունակում են պարի ոլորտում աշխատել, օրինակ՝ իմ լավագույն պարուհիներից Աբգարյան Գայանեն Լոս Անջելեսում դասավանդում է։ Ես ուրախանում եմ իրենց հաջողություններով, որովհետեւ իմ աղջիկներն են։ Իրենց գործում արհեստավարժ են, երբեք չեմ ամաչում, հակառակը՝ ուրախանում ու հպարտանում եմ նրանցով»։

Վահագն Գրիգորյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դեւոյանը եւ Իռեն Ուլիխանովան


Թոռնուհու՝ կրտսեր Սոֆի Դեւոյանի մասին նա եւս հպարտությամբ է պատմում. «Ապրիլին ներկայացրեց անհատական հոլովակ՝ «Ժառանգություն»-ը՝ բեմադրված «Դլե յաման»-ի ներքո։ Հիմա նոր պարեր է պարում, նաեւ ընդգրկված է նոր ներկայացմանս կազմում»։

Սոֆի Դեւոյան կրտսերը, Զարուհի Բաբայանը եւ Սոֆի Դեւոյանը


«Հայ պարարվեստի դիցուհի» տիտղոսին արժանացած Սոֆի Դեւոյանի սաները վերջինիս ղեկավարությամբ դասավանդում են նոր սերնդին, մասնակցում են տարբեր մրցույթների եւ միջազգային փառատոնների, վերջերս եղել են Իտալիայում, Ռուսաստանում, նաեւ Հայաստանի մարզերում.«Պարի մրցույթներից երեխաները պարտադիր վերադառնում են մրցանակներով։ Մի քանի օրից մեկնում ենք Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանում Հայաստանին նվիրված օրերին»։

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սոֆի Դեւոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW