Փարիզում օրերս “սպիտակ” գիշեր էր, որին ականատես է եղել նաեւ BRAVO.am-ի թղթակիցը եւ մեր ընթերցողներին ներկայացնում է եղելության մանրամասները:):
Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում անքուն գիշեր էր հայտարարված
Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում անքուն գիշեր էր հայտարարված: Այստեղ ուշ երեկոյից մինչ առավոտ կազմակերպված տարատեսակ միջոցառումները տոնական տրամադրություն էին ստեղծում:
“Սպիտակ գիշեր” խորագրով ծրագիրն արդեն 11 տարի է, որ քաղաքի բնակչությանն ու հյուրերին յուրօրինակ միջոցառումներ է ներկայացնում: Ամենամյա այս ծրագիրը սկզբում միայն Փարիզի համար է գործել, սակայն այժմ մայրաքաղաքի օրինակին են հետեւում նաեւ շրջակա քաղաքներն ու ավանները:
2011-ի փարիզյան “Սպիտակ գիշերը” :)
Նախապես հայտարարված ցանկում կարելի է գտնել յուրաքանչյուր ճաշակին համապատասխան համերգ, ներկայացում կամ ցուցադրություն: Հարկ է նշել, որ դրանք հիմնականում բացօթյա են լինում, սակայն Փարիզի եղանակին չվստահելով, կազմակերպիչները հաճախ ծածկված տարածքներ են գերադասում: Այս տարի էլ անձրեւը փոքր-ինչ նոսրացրել էր փարիզեցիների հոսքը քաղաքում:
“Սպիտակ գիշերվան” մասնակցել կարող է յուրաքանչյուրը, բավական է տեղավորվել փողոցի կամ շենքի մի անկյուն ու գործի դնել երեւակայությունը: Այս գիշերվա ընթացքում “սիրո քաղաքի” փողոցները բեմահարթակ են դառնում պրոֆեսիոնալ եւ սիրողական արվեստով զբաղվողների համար:
"Շարժվող մուս"-ի ցուցադրություն Փարիզում` "Սպիտակ գիշերվա" շրջանակում
Իրենց ակտիվ մասնակցությունն ունեն նաեւ Փարիզի քաղաքապետարանն ու թաղապետարանները, որոնք ամեն տարի յուրօրինակ որեւէ ցուցադրությամբ են հանդես գալիս: 4-րդ թաղամասի թաղապետարանն այս անգամ այդ գործը վստահել էր ժամանակակից արվեստի գործչի, որի մտահղացումն էլ փրփուր արտադրող գործիքի անընդհատ աշխատանքով ստեղծվող շարժվող պատկերն էր, որը տեսնել ցանկացողները բազմամարդ հերթ էին գոյացրել:
Առանց սահմանափակումների այս բազմաժանր ծրագիրը միայն մեկ կանոն ունի. ցանկացած միջոցառում` փակ տարածքում, թե բացօթյա, անվճար է: Թանգարաններն էլ հաճախ իրենց դռներն են բացում ողջ գիշեր անվճար մուտքով:
“Սպիտակ գիշեր”` Փարիզում
Աշնանային այս ծրագրին բնորոշ են լուսային խաղերով ցուցադրությունները: Իսկ 2012-ի յուրահատկությունը Փարիզի ջրային գեղեցկուհուն պատվելն էր. միջոցառումների մեծ մասը հենց Սենա գետի շրջակայքում են անցկացվել:
Տեքստը` Էլլադա Ղուկասյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Էլլադա Ղուկասյանի/Bravo.am/ եւ courrier-picard.fr -ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: