Մոսկվայի տանն օրերս հյուրընկալվել էին դերասան, պոետ, երգիչ, լեգենդար Վլադիմիր Վիսոցկու երկրպագուները. փետրվարի 11-ին կայացել է մեծ աղմուկ հանած “Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես’’ ֆիլմի փակ ցուցադրությունը: Հատկանշական է, որ երեւանյան պրեմիերային ներկա էր արտիստի որդին` Նիկիտա Վիսոցկին:
Վլադիմիր Վիսոցկու որդին` Նիկիտան
Հյուրերը հնարավորություն ստացան շփվել լեգենդար երաժշտի որդու հետ, հղել նրան` ֆիլմի, Վլադիմիր Սեմյոնիչի, հայր եւ որդի հարաբերությունների վերաբերյալ իրենց հուզող հարցերը: Դահլիճում գտնվող հանդիսատեսի մեծամասնությունն ավագ սերնդի ներկայացուցիչներ էին, ոմանց նաեւ հաջողվել էր տարիներ առաջ ներկա գտնվել Վիսոցկու համերգին եւ անձամբ շփվել արտիստի հետ: Նրանք պարզապես պատմեցին Նիկիտա Վլադիմիրովիչին “իրենց Վլադիմիր Վիսոցկու մասին’’:):
“Կառավարությունն ասում էր` Վիսոցկին մերն է, կրիմինալ աշխարհը պնդում էր, որ իրենցն է, շանսոնյեներն իրենցն են համարում Վիսոցկուն, զինվորականները հավատացնում են, որ հենց իրենցն է, իսկ նա մեկն էր’’,- ասում է Նիկիտա Վիսոցկին:
Հատված “Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես” ֆիլմից
Լեգենդար երգչի մասին կենսագրական ֆիլմ դիտելուն տրամադրվածները հիասթափվեցին: Նիկիտա Վիսոցկու խոսքերով` բազմաթիվ կենսագրական ֆիլմեր են նկարահանվել իր հոր մասին, իսկ այս մեկը “պարզապես իր հոր կյանքից մեկ հատված է, որը ժամանակին լսել է ընտանիքի ընկերներից, հուզվել ու որոշել էկրանավորել. ֆիլմում ցուցադրված է լեգենդար արտիստի մեկ այլ կողմը”:
Ֆիլմի սցենարի հեղինակը, նաեւ պրոդյուսերներից մեկը հենց արտիստի որդին է` Նիկիտան, որի ձայնով էլ խոսում է ֆիլմում Վլադիմիր Վիսոցկուն մարմնավորող դերասանը: Ֆիլմի վերաբերյալ ամենահետաքրքիր եւ ինտրիգային փաստն այն է, որ գլխավոր դերասանի անունը չի հրապարակվում: Տասնյակ դերասանների անուններ են նշվել, սակայն ապարդյուն:): Ամենաքննարկվող տարբերակներն էին Սերգեյ Բեզրուկովը եւ Վիսոցկու նմանակը: “Չեմ ասի, թե ով է մարմնավորել գլխավոր հերոսին: Բաշխումն արդեն ընտրություն է, իսկ պատահական ընտրություններ չեն լինում’’,- այս առիթով ասել է Վիսոցկու որդին: Իսկ առեղծվածի իմաստն այն է, որ գլխավոր դերասանը շպարի եւ համակարգչային էֆեկտների շնորհիվ հրաժարվել է իր իրական դեմքից` կենդանի Վիսոցկի դառնալու համար: Ֆիլմի ռեժիսորն է Պյոտր Բուսլովը:
Հատված “Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես” ֆիլմից
“Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես’’ ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 1-ին: Այն կարճ ժամանակահատվածում դարձել է ռուսական ֆիլմերի վարձույթի առաջատարը, “Sony Pictures Releasing International”-ում նույնպես բեսթսելլեր է: Այն 2011 թվականին նկարահանված ամենահաջողակ նախագծերի ցուցակում զբաղեցնում է 7-րդ տեղը` “Տրանսֆորմերները’’, “Հարի Փոթեր’’ ֆիլմերի հետ մեկտեղ:
Մեծ հաջողության հետ մեկտեղ ֆիլմը բազմաթիվ քննադատությունների է արժանացել: Նիկիտա Վլադիմիրովիչը այդ առիթով հետեւյալն է ասել. “Ֆիլմը դիտած 10 հանդիսատեսից 9-ը հավանել են: Ընդհանուր առմամբ` հանդիսատեսի 70 տոկոսը հավանել է ֆիլմը: Նույն պատկերն էլ Վիսոցկու դեպքում էր: Շատերն ասում էին` “Դե հա, լավ հանգավորում ես, խռպոտություն ունես, բայց պոետ չես”: Առողջ քննադատությունը բնական երեւույթ է, բայց երբ վերածվում է “կեղտի’’, դրանից վատ եմ զգում’’:
“Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես” ֆիլմի երեւանյան պրեմիերային ներկա է եղել արտիստի որդին` Նիկիտա Վիսոցկին
Շուտով կթողարկվի ֆիլմի հեռուստատեսային տարբերակը, որը կընդգրկի նաեւ ֆիլմում տեղ չգտած կադրերը: Նիկիտա Վլադիմիրովիչի կարծիքով, առաջիկա 3-4 տարվա ընթացքում Վիսոցկու մասին նոր ֆիլմեր չեն նկարահանվի: “Այս ֆիլմը խթան է հանդիսացել երիտասարդների համար, ովքեր չեն լսել Վիսոցկու երգերը, գնալ, փորփրել համացանցն ու գրքերը, գտնել տեղեկություն ու լսել երգերը: Ես, որպես Վիսոցկու անվան թանգարանի տնօրեն, բազմաթիվ նամակներ եմ ստացել, որտեղ ինձ խնդրել են ուսումնական հաստատություններն ապահովել Վիսոցկու մասին տեղեկատվությամբ’’, -պատմում է Նիկիտան:
Նիկիտա Վիսոցկին նաեւ հետաքրքիր մի քանի պատմություն է պատմել Վլադիմիր Սեմյոնիչի կյանքից: Այսպես օրինակ ` ԱՄՆ-ում կայացած համերգների ընթացքում դահլիճում ներկա են եղել հիմնականում ռուսներ, երբ Վիսոցկին սկսել է երգել, դահլիճի մուտքի մոտ կանգնած ամերիկացի ոստիկանները, լսելով խռպոտ ու էմոցիոնալ ելույթը, սկսել են անգլախոս մարդիկ փնտրել` երգերի խոսքերն իրենց համար թարգմանելու խնդրանքով:
Հատված “Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես” ֆիլմից
Հայր եւ որդի հարաբերությունների մասին Նիկիտան հետեւյալն է նշում. “Նա կիրակնօրյա հայր էր: Այդ ժամանակ չէի ընկալում, թե ով է հայրս: Երեւի տարիքով փոքր էի: Եվ իր շրջապատից շատ մարդիկ, որոնք սիրում էին իրեն, միեւնույն է` չէին ընկալում, որովհետեւ նա հասանելի էր: Տարբեր հավաքույթների ընթացքում իրեն ասում էին` լավ ես երգում, մի բան երգի: Նա էլ` պարզ ու հասարակ, երգում էր ու հասանելի էր մեզ համար’’:
Նիկիտա Վիսոցկին հոր մասին ֆիլմն ամփոփ կերպով այսպես է բնութագրում. “Այս ֆիլմը մի կաթիլ է: Ցանկության դեպքում մարդիկ ծով կտեսնես, կարող են եւ չտեսնել’’:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: