×


Փարիզի տոնական հեքիաթային ցուցափեղկերը

Դրսում դեռ նոյեմբեր ամիսն է, իսկ Փարիզում արդեն շաբաթներ է, ինչ տիրում է տոնական տրամադրություն: Հոգեբանների կարծիքով, աշնան անցումային, երբեմն տաղտկալի շրջանը հաղթահարելու նպատակով հարկավոր է մարդկանց հնարավորինս շուտ հիշեցնել մոտալուտ տոների մասին: Հավանաբար, այս խորհրդին են հետեւում նաեւ եվրոպական մայրաքաղաքների բնակիչները:

Փարիզի տոնական զարդարանքը


Փարիզյան Նոր տարվա մշակույթի մասն են կազմում մեծ բրենդային խանութների հեքիաթային եւ ամեն տարի թեմատիկ փոփոխվող զարդարանքները: Դրանց թվում առաջինն են «Printemps» եւ «Galeries Lafayette» մեծ խանութները: Երկուսն էլ գտնվում են Փարիզի կենտրոնական իններորդ թաղամասում՝ «Օպերա Գարնիեի» հարեւանությամբ: Այս տարի համագործակցությունն իրականացվել է «Jimmy Choo», «David Yurman» եւ «Bonpoint» նորաձեւության տների հետ:

Փարիզի տոնական զարդարանքը


Ամեն երեկո այստեղ հավաքվում են հազարավոր զբոսաշրջիկներ եւ հատկապես փոքրիկներ` վայելելու ցուցափեղկերի ներսում պարող, երգող, թռչող տիկնիկների ներկայացումները:

Փարիզի տոնական զարդարանքը


Հայտնվելով այս թաղամասում՝ պետք է անպայման մտնել նաեւ «Galeries Lafayette» եւ տեսնել 2016 թվականի թեմատիկ տոնածառը, որը պատրաստվել է Լորենցո Պապասի եւ նրա ստեղծագործ թիմի ջանքերի շնորհիվ: Գեղարվեստական ղեկավար, ֆրանսիացի ռեժիսոր եւ կոմպոզիտոր Լորենցո Պապասն ընդամենը 30 տարեկան է, սակայն արդեն հայտնի է փարիզյան բոհեմյան շրջանակներում: Տարիների ընթացքում նա մասնագիտացել է թղթե ծավալային նուրբ աշխատանքի վրա` ստեղծելով եզակի նմուշներ` լի պոեզիայով եւ նրբությամբ:

Լորենցո Պապասի հեղինակած թղթե տոնածառը


«Galeries Lafayette»-ում ցուցադրվող՝ Պապասի հեղինակած թղթե ծառը միանշանակ կարելի է համարել փարիզյան ամանորյա ամենագեղեցիկ եւ յուրօրինակ ծառերից մեկը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Լիլիթ Սոխակյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW