×


Փարիզում բացվել է հայ ոսկերիչների միջազգային ցուցահանդես

Ֆրանսիայի մայրաքաղաքում առաջին անգամ համատեղ ցուցադրությամբ երեք օր շարունակ ներկայացվում են Հայաստանի, Ֆրանսիայի, Կանադայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ այլ մի շարք երկրների հայ անվանի ոսկերիչների գլուխգործոցները։ Աննախադեպ այս միջոցառումն անցկացվում է մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի բարձր հովանու ներքո։

Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանը` տիկնոջ հետ


Հայ ոսկերիչների միության կողմից կազմակերպված այս ցուցահանդեսը բացվել է Փարիզի "Grand Hôtel Intercontinental" շքեղ հյուրանոցում` փետրվարի 16-ին։
Միության նախագահ, "Էսթետ" ոսկերչական տան հիմնադիր եւ ղեկավար Գագիկ Գեւորգյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ սա բացառիկ միջոցառում է իրենց համար."Հայերն առանձին-առանձին մեծ գործեր են անում, հաջողություններ ունեն, սակայն նրանց միախմբելը մեծ խնդիր է։ Այսօր մեզ համար տոն է, հայ ոսկերիչների համար պատմական մի իրադարձություն` պատմության մեջ առաջին անգամ մենք այսպիսի հանդիպում ենք կազմակերպել արտերկրում"։

"Nishi"-ի վզնոցների կարեւորագույն դետալները պատրաստվել են Հայաստանում


Իսկ հենց նորձեւության մայրաքաղաքում այս միջոցառման կազմակերպումը նա կապել է ֆրանսացիների եւ հայերի նմանության, նաեւ այն փաստի հետ, որ ֆրանսիացիները գիտեն, թե ինչ մեծ ներդրում ունեն հայերն այս բնագավառում եւ բարձր են գնահատում նրանց աշխատանքը։ Գագիկ Գեւորգյանը շեշտել է, որ հայերն այս բնագավառում անգերազանցելի են. "Փարիզում հավաքված հեղինակավոր հայ գործիչները տարբեր երկրներում են աշխատում, բայց բոլորն էլ վստահեցնում են, որ իրենց ոսկերչական մոդելներն ամբողջովին հայկական հոգի ունեն, որն էլ իրենց հաջողության գաղտնիքն է"։

"Էսթետ" ոսկերչական տան արվեստի նմուշը


Ըստ միության ղեկավարի` հայերը որպես լավագույն ոսկերիչներ ճանաչված են միջազգային մակարդակով, սակայն` ավելի նեղ մասնագիտական շրջանակում, իսկ լայն հասարակությունն այդ մասին գրեթե տեղյակ չէ։

ՀՈՄ հիմնադիրներից մեկը` "Nishi" ընկերությունը ներկայացնող Պիեռ Աքքելյանն էլ BRAVO.am-ի թղթակցին պատմել է, որ դեռեւս անհիշելի ժամանակներից ցանկացած երկրի ոսկերչության պատմության գլխավոր դերակատարները հայերն են եղել. ‘‘Մենք ցանկանում ենք տարբեր ծրագրերի միջոցով աշխարհին ներկայացնել հայ ոսկերիչների ավանդը։ Ֆիլմի եւ այլ ծրագրերի նախագծերն արդեն ուրվագծված են’’։

"Ֆրանկ Մյուլլեր" բրենդի հատուկ թողարկված ժամացույցը


Միության հիմնադրամը փորձում է միջոցներ ձեռք բերել հայ ոսկերչության պատմությանը համաշխարհային ճանաչում տալու ծրագրերն իրականացնելու համար։ 15000-ից 25000 դոլար նվիրատվություն անողները պարգեւ կստանան` հայկական տառերով զարդարված ‘‘Ֆրանկ Մյուլլեր’’ ժամացույց, որը ստեղծվել է սահմանափակ քանակությամբ` հենց այդ նպատակով։

Ֆրանսիայում ՀՀ արտաքին եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը եւ Գագիկ Գեւորգյանը


Ի դեպ, 2013-ը Հայ ոսկերիչների միության համար հոբելյանական է. լրանում է նրանց 15 տարին։ Տարեդարձը եւ փարիզյան հանդիպումը նշելու առիթով ցուցահանդեսի բացման օրը մեծ ճաշկերույթ-համերգ է կազմակերպվել։ Իրենց ներկայությամբ միջոցառումը պատվել են Ֆրանսիայում ՀՀ արտաքին եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեսպանները,  Ֆրանսիական կինոյի ‘‘Սեզար’’ ակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը, ֆրանսիացի եւ ֆրանսահայ այլ գործիչներ։

Տեքստը եւ լուսանկարները` Էլլադա Ղուկասյանի /Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW