×


Ֆորշը, Սոնա Ազարյանն ու Մադաթ Ավանեսովը ներկայացրել են Կոմիտասի ստեղծագործությունները

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում երեկ հանդիսատեսը վայելել է “Կոմիտաս ջազ’’ համերգը, որը մատուցել են Ֆորշը, Սոնա Ազարյանը, “Ռե մինոր’’ համույթն ու Մադաթ Ավանեսովը:  Երաժիշտները, ազգային ժառանգությանը ժամանակակից մոտեցում ցուցաբերելով, տալիս են դրան նոր հնչեղություն՝  պահպանելով ավանդական նշանակությունն ու եւս մեկ անգամ հաստատելով հավիտենական արժեքը:

Սոնա Ազարյանն ու Ֆորշը


Կոմիտասի երաժշտական ժառանգությանը նվիրված երեկոյի ընթացքում հնչել է 12 ստեղծագործություն: “Կարծես ձայնասկավառակ լսեք: Հանդիսատեսի ընդունելությունից կախված՝ հաճախ փոխում ենք կատարումների ցանկը, հիմնականում ավելացնում ենք’’,-նշել է ջութակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր,  Յուրի Բաշմետի ղեկավարած “Новая Россия’’ սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Սոնա Ազարյանը:

Ջութակահարուհի Սոնա Ազարյանը


Երաժիշտների համագործակցության գաղափարը հանկարծակի է ծագել: Այս տարվա մայիսին մոսկվաբնակ Սոնան, որն իրեն Ֆորշի եւ “Ռե մինոր” համույթի երկրպագու է համարում, երկու շաբաթով հայրենիքում է եղել: Եվ հենց այդ ընթացքում էլ որոշվել է համատեղ ուժերով նորություն ներկայացնել՝  Կոմիտասի ստեղծագործությունները` ջազային գործիքավորմամբ: Օգտագործվել են Ասլամազյանի կատարած մշակումները: Լարային քառյակի կազմում են հայ դասական հայտնի երաժիշտներ` Հայաստանի պետական կամերային եւ ֆիլհարմոնիկ նվագախմբերի մենակատարներ ջութակահար Տաթեւիկ Մկրտումյանը, ալտահար Ռուբեն Ադամյանը եւ թավջութակահար Աննա Հարությունյանը:

Մադաթ Ավանեսովն ու Սոնա Ազարյանը

 
“Կոմիտասն ինձ շատ հոգեհարազատ է, նրա երաժշտությանբ եմ դաստիարակվել: 6 տարի երգչախմբում Կոմիտաս եմ երգել: Երբ Սոնան առաջարկեց, որ Կոմիտասի կատարումները ներկայացնենք, շատ ոգեւորվեցի: Վերջապես որոշեցինք մի փոքրիկ էքսպերիմենտ անել` խառնելով դասականն ու ջազը’’,-ասել է Ֆորշը:

Ֆորշը


“Փորձերը ստեղծագործ միջավայրում են անցնում: Մենք անդադար փնտրտուքների մեջ ենք ու միշտ նոր երանգներ ենք գտնում երաժշտության մեջ, այնպես որ կարող եմ ասել` այսօր նորություն ենք ներկայացրել”,-նշել է Սոնա Ազարյանը:

Ջութակահարուհին վստահ է՝ Ֆորշի ու Մադաթ Ավանեսովի հետ իր համագործակցությունը շարունակական կլինի. “Պետք է փորձեմ ազատ ժամանակ գտնել ու կազմակերպել նման  համերգ արդեն Մոսկվայում եւ ոչ միայն”:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW