Անվանի իտալացին Երեւանում կերգի “ընտրյալների” համար
Սեզարիա Էվորայի փոխարեն, սեպտեմբերի 29-ին երեւանյան բեմում կերգի Ալեսանդրո Սաֆինան: Իտալացի աշխարհահռչակ տենորը Հայաստանում հանդես կգա առաջին անգամ:
“Որակի հարց է: Էվորան պետք է փոխարինվեր ոչ պակաս, այլ առավել մեծ ուրիշ անունով”,- ասել է “Երեւանյան հեռանկարներ” փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Համերգի կազմակերպիչ ընկերությունը միջոցառումը վայելելու է հրավիրել իր հաճախորդներին, երեկոյին “ներկա գտնվելու հնարավորություն կունենան նաեւ որոշ երկրպագուներ”. այսպես է նշված լրագրողներին բաժանված մամուլի հաղորդագրության մեջ:):
“Այսինքն, շատ քիչ քանակով` մոտ 500 տոմս կվաճառվի, որոնց արժեքը, ինչպես Էվորայի համերգի տոմսերի դեպքում, կլինի 5-ից 35 հազար դրամ: Ցանկացողները կարող են փոխանակել իրենց ձեռք բերած նախորդ տոմսերը նորերով կամ վերցնել դրանց գումարը “Արամ Խաչատրյան” համերգասրահի մոտ գտնվող տոմսարկղից”,- տեղեկացրել է Սոնա Հովհաննիսյանը:
Բարոյական պարտք արվեստասերների նկատմամբ
“Համերգն ի սկզբանե նախատեսված է մեր մշտական հաճախորդների համար. մեր շնորհակալական խոսքն ենք հայտնում նրանց: Հրավիրատոմսերն արդեն իսկ բաժանված են: Ինչ խոսք, որոշակի քանակությամբ տոմսեր կվաճառվեն, դա մեր բարոյական պարտքն է, որովհետեւ մարդիկ կան, որ բարձր արվեստի կարիք ունեն”,- հավելել է համերգի հովանավոր ընկերության ղեկավար Համազասպ Մելքումյանը:
“Իսկ լրագրողնե՞րը”,- ասուլիսին ներկա լրագրողներից մեկի հարցին Համազասպը այս կերպ է պատասխանել. “Կարող եք լինել մեր հաճախորդները, ոչ ոք չի արգելում, նույնիսկ խրախուսում ենք` հաջորդ միջոցառումներին մասնակցելու ակնկալիքով”:
“Ցավոք, Օպերային դահլիճը ընդամենը 1070 տեղ ունի, եւ խնդիր է մարդկանց տեղավորելու հարցը”,- հավելել է Սոնա Հովհաննիսյանը:
“Աթոռներ դրեք”,- մեկ այլ լրագրողի առաջարկն էլ այսպիսին էր:):
“Չէ, սա այն միջոցառումը չէ”,- պատասխանել է հովանավորը` այնուհետեւ լսելով հետեւյալը. “Հայտարարություն անելիս լրագրողներին հիշում եք, իսկ համերգին հրավիրելիս` մոռանում: Տհաճ վերաբերմունք է”:
Հայրենասիրական մոտիվներով
Իսկ ահա այսպիսին է “Երեւանյան հեռանկարներ”-ի գլխավոր մենեջերի խոսքը. “Փառատոնը շահագրգռված է նման միջոցառումների անցկացման հարցում: Մեր նպատակն է Հայաստանը ճանաչելի դարձնել միջազգային ասպարեզում: Նման մեծ արտիստները, որ գալիս են, մեր երկրի հեղինակությունն է բարձրացնում դրսում: Եվ մենք շատ ենք ողջունում այն բիզնեսները, որոնք մեծ գումարներ են ծախսում եւ նման անուններ են բերում: Դա մեծ գումարներ արժի, իսկ փառատոնի բյուջեն երբեք թույլ չի տա նման բաներ անել”:
Սոնա Հովհաննիսյանը նաեւ հավելել է, թե արվածը “հայրենասիրական գործ է, եւ նույնիսկ կարեւոր չէ` քանի հոգի կկարողանա համերգին գնալ կամ չգնալ”:
Նշենք, որ 48-ամյա Ալեսանդրո Սաֆինան ծննդով Իտալիայի Սիենա քաղաքից է: Որպես օպերային երգիչ` ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, արժանացել է պլատինե եւ ոսկե սկավառակների: Նրա կատարումները հնչում են հանրաճանաչ ֆիլմերում:
Ալեսանդրո Սաֆինայի երգացանկից լայն ճանաչում ունի “Luna”-ն, որը հնչում է “Կլոն” հեռուստասերիալում: Հենց այս երգի տեսահոլովակն էլ առաջարկում ենք դիտել ստորեւ: Խորհուրդ ենք տալիս իրականությունն ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա, իհարկե, հետեւություններ անելով ու չմոռանալով ժպտալ ;):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: