×


Ալեսանդրո Սաֆինա

Ալեսանդրո Սաֆինային ստիպեցին խոստովանել, որ հայ է :)

Կյանքում առաջին անգամ հայաստանյան օդն է շնչում Ալեսանդրո Սաֆինան: Աշխարհահռչակ տենորն այսօր իր ձայնի հզորությունը ցույց կտա երեւանյան բեմում: Բնականաբար, ամենաբարձր ու հոտնկայս ծափողջույններին նա կարժանանա նաեւ հայ հասարակության կողմից անչափ սիրված «Luna» երգը հնչեցնելուց հետո:

Երաժիշտը համերգի երեկվա փորձից հետո Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրերի սրահում անչափ հետաքրքիր հանդիպում է ունեցել հայ լրագրողների հետ, որոնք իրենց զարմանահրաշ հարցերի շնորհիվ կարողացել են բացել Սաֆինայի զգայուն սիրտը: Եվ այսպես, լրագրողների` տեղին գործադրված ջանքերի շնորհիվ երգիչը, վերջապես, խոստովանել է, որ հայ է, եւ ոչ թե իտալացի: Այս փաստն ուրախությամբ է ընդունվել, քանի որ հայրենակից Սաֆինայի համերգի տոմսեր ստանալու հույսով ասուլիսին ներկա գտնվելը, այն էլ յուրաքանչյուր լրատվամիջոցից մեկի փոխարեն մի քանի լրագրողով, ավելի քան հայրենասիրական ու պահանջատիրական մղում է: Պետք է նշենք, սակայն, որ կարեւոր այս հարցն այդպես էլ չի հաջողվել տալ սպասված հյուրին, ինչպես ասում են` հերթը դրան չի հասել, պատմական ասուլիսն էլ ցանկալի ավարտը չի ունեցել: Իսկ մեղավորը, իհարկե, նույն ինքը` Ալեսանդրո Սաֆինան է:

Ալեսանդրո Սաֆինային հիացրել են հայ լրագրողների հարցերը

 

Աշխարհահռչակ տենորի պատասխաններից ցավալիորեն պարզ է դարձել, որ նա Հայաստանի մասին ոչինչ չգիտի, իսկ այս մեկ օրվա ընթացքում չի հասցրել լինել Սեւանում, Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում: Լրագրողներից մեկի այն հարցը, թե երաժիշտն արդյո՞ք վատ չի զգում, որ հայրենակիցներն ավելի շատ սիրում եւ ընդունում են մեկ այլ անվանի հայի` Մարտին Յորգանցին, կոռեկտ չհամարելով` չի ցանկացել թարգմանել կազմակերպիչներից մեկը, բայց Սաֆինայի գործադրած ճնշումների ներքո, վերջապես, տեղի է ունեցել թարգմանությունն ու հնչել է հետեւյալ պատասխանը.«Այո, այո, գիտեմ նրան: Կուզեք, ես համերգ չտամ, թող նա գա իմ փոխարեն երգի: Ես մեղավոր չեմ, որ եկել եմ… Ինձ հրավիրեցին»: Այս հատվածում բոլորը մեկ րոպե լռությամբ հարգել են այն լրագրողի բջջային հեռախոսի զանգի ձայնը, որ չէր անջատվել նախքան հարցազրույցի սկսվելը:

Ալեսանդրո Սաֆինան խոստացել է հայոց պատմություն սովորել

Սաֆինան չի կարողացել թվարկել նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամների անունները: Հայոց ցեղասպանության մասին անտեղյակությունն էլ երաժիշտը հիմնավորել է նրանով, որ իր երաժշտությունից այն կողմ ոչինչ չի տեսնում եւ ոչնչով չի հետաքրքրվում, խնդրել է ներողամիտ լինել` խոստանալով հաջորդ այցին հայոց պատմությունը հայ բոլոր արտիստներից լավ իմանալ: Նշենք նաեւ, որ իր անտեղյակության համար նա մեղադրել է հայաստանյան իշխանություններին, ովքեր, փաստորեն, քարոզչական ճիշտ քաղաքականություն չեն իրականացնում արտասահմանում, ու Իտալիայում իրեն հասու չի եղել այս ինֆորմացիան: Սա էլ չի փրկել Ալեսանդրո Սաֆինային, եւ ասուլիսը վերջնականապես տապալվել է հետեւյալ կերպ. լրագրողներից մեկը ցուցադրական կերպով երաժշտի դիմացի սեղանից վերցրել է իր ձայնագրիչն ու լքել սրահը` իմանալով, որ հայ Սաֆինան անգամ չգիտի` ինչ համ ունեն հայկական խորովածն ու քաբաբը: Արդարության համար նշենք, որ հանրահայտ տենորը, խոստանալով անմիջապես ուղղել իր սխալը, նույն պահին դուրս է եկել սրահից` ուղեւորվելով Սեւան` ձուկ, խորոված ու այլ համեղ բաներ ուտելու, ու լրագրողներին թողնելով իրենց` դեռեւս չհնչած հետաքրքիր հարցերով: Թե ինչպես է հեռանում Սաֆինան Օպերային թատրոնից` BRAVO.am-ի լուսանկարներում:

Ձանձրացած Ալեսանդրո Սաֆինան երեւանյան իր ասուլիսին

 Չմոռանանք նշել, որ «Facebook» սոցիալական ցանցում երեկվա ասուլիսից անմիջապես հետո խումբ է բացվել «Պահանջում ենք Ալեսանդրո Սաֆինայի վտարումը Հայաստանից» անվանմամբ` ի փրկություն անհետացող իշխան ձկնատեսակի, որն էլ փորձել է համտեսել անվանի տենորը:

Իրականում. Ալեսանդրո Սաֆինայի ասուլիսը տապալել է Slaq-ի լրագրողը

Իտալացի աշխարհահռչակ տենորը սեպտեմբերի 28-ին իսկապես հանդիպել է հայ լրագրողների հետ, ասուլիսը րոպեներ է տեւել ու ոչ ցանկալի ավարտ ունեցել: Ալեսանդրո Սաֆինան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրերի սրահ է մտել բավական բարձր տրամադրությամբ, անգամ կատակել է:

Ալեսանդրո Սաֆինային զարմացրել են Երեւանում

 «Մենք շատ պատվավոր հյուրեր ունենք ձեզ ներկայացնելու: Զրույցը շատ կարճ կլինի, որ չհոգնեցնենք արտիստին»,- ասուլիսի սկզբում նշել է «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: «Ձեր «Luna»-ն այստեղ մեծ հռչակ է վայելում: Դուք կարծես հրաժեշտ եք տվել օպերային կարիերային` գնալով դեպի շոու-բիզնես, նպատակը շատ փող վաստակե՞լն էր, թե՞ դա ստեղծագործական պահանջ էր»,- այսպիսին էր լրագրողների հնչեցրած առաջին հարցը: «Այդպես ստացվեց պարզապես: Իմ ընկերները, իմ շրջապատը այդ երգերն առաջարկեցին, «Luna»-ն մանավանդ, որը ես շատ սիրեցի…»,- նշել է Ալեսանդրո Սաֆինան:

Երաժիշտը նաեւ տեղեկացրել է, որ երեւանյան այսօրվա համերգին կներկայացնի իր երգերի լավագույն ընտրանին, նաեւ դուետով հանդես կգա: Սաֆինան շեշտել է, որ ինքը երգել է ու երգում է օպերային ժանրում: Երաժշտի խոսքերով, հայկական մշակույթի մասին փոքր-ինչ տեղեկություններ ունի, անվանի հայերից էլ ճանաչում է Շառլ Ազնավուրին: Լրագրողներից մեկի հարցը, որ վերաբերել է երաժշտի` երեւանյան համերգին հեշտ համաձայնելուն, «Երեւանյան հեռանկարներ»-ի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը որոշել է շրջանցել, քանի որ, իր խոսքերով, դա կազմակերպիչներին է վերաբերել: Սաֆինայի ցանկությամբ հարցը թարգմանվել է եւ հնչել է հետեւյալ պատասխանը. «Մի քանի օր առաջ նրանք ինձ հրավիրեցին, եւ ես համաձայնեցի»:

Ալեսանդրո Սաֆինան լքել է հայ լրագրողներին

 Իրարանցումը սկսվել է այն բանից հետո, երբ slaq.am-ի լրագրողը հարցրել է` ինչպես է վերաբերում անվանի տենորը այն հարցին, որ ոչ թե ինքն էր հրավիրված, այլ փոխարինում է Սեզարիա Էվորային: «Չի փոխարինում: Իր համերգին չեն գալիս նախորդ համերգի տոմսերով, գալիս են իր համերգի տոմսերով, սա իր համերգն է»,- նշել է Սոնա Հովհաննիսյանը:

«Եթե եկել եմ, արդեն ուրախ եմ»,- ասել է Սաֆինան` չհասկանալով` ինչ խառնաշփոթ է շուրջբոլորը: Վերոնշյալ կայքի լրագրողը Սաֆինայից փորձել է ճշտել նաեւ տենորի` Հայոց ցեղասպանության հարցով տեղեկացվածությունը` արժանանալով Սոնա Հովհաննիսյանի այս հարցին. «Դուք ո՞ր լրատվամիջոցն եք ներկայացնում»: «Կապ չունի, ժողովուրդ, ես իրավունք ունեմ իմ հարցը տալ…»,- ագրեսիվ կերպով հավելել է լրագրողը: «Եթե դժգոհ եք, գուցե սրահը թողնեք, դուրս գաք»,- շարունակել է «Երեւանյան հեռանկարներ»-ի գլխավոր մենեջերը:

Հայ լրագրողներից նեղացած Սաֆինան մեկնում է Օպերային թատրոնից

Աշխարհահռչակ, բայց արդեն շփոթված տենորը, որ չէր հասկանում` ինչ հարց են իրար մեջ պարզում հայերը, հարցրել է` արդյոք ինչ-որ մեղք է գործել` Հայաստան գալով: Իսկ արդյունքն այն է եղել, որ Ալեսանդրո Սաֆինան լքել է ներկաներին: «Իրավունք չունեք այսպիսի տոնով, այսպիսի շարժումներով խոսել, ոնց որ փողոցում կռիվ անելիս լինեք»,- հյուրասրահից դուրս գալիս վերոնշյալ կայքի լրագրողին ասել է Սոնա Հովհաննիսյանը` լսելով հետեւյալ պատասխանը. «Ես կռիվ չեմ անում»:

Այսօր երեկոյան Ալեսանդրո Սաֆինան կերգի հայ հանդիսատեսի համար, բայց թե ինչպիսի տրամադրությամբ, հայտնի չէ:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW