Ալեքսանդր Սոկուրովի ավանդը կինեմատոգրաֆում հսկայական է: “Ֆաուստ’’ ֆիլմի համար Վենետիկի` նախորդ տարվա միջազգային կինոփառատոնի շրջանակում նա արժանացել է “Ոսկե առյուծ’’ մրցանակին: Հայտնի կինոռեժիսորը հուլիսի 12-ին Երեւանում էր` “Ոսկե ծիրան’’ երեւանյան միջազգային կինոփառատոնի հրավերով:
Ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին շնորհվել է “Եղիցի լույս” մրցանակը
Ազգությամբ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, հեղինակել է 17 խաղարկային եւ 33 վավերագրական ֆիլմ, արժանացել է 40-ից ավելի մրցանակների: Քննադատները հաճախ ասում են, թե նրան հաջողվում է աշխատանքներում ներկայացնել լույսի բոլոր երանգները, իսկ լույսն իր համար կյանք է: Սոկուրովի ֆիլմերի հերոս կարող է դառնալ ցանկացած մեկը` սկսած հասարակ կնոջից մինչեւ ռուս մեծանուն որեւէ գրող:
Սոկուրովի երեւանյան այցի շրջանակում երկու իրադարձություն է տեղի ունեցել: Առաջինը` “Ոսկե ծիրան”-ի չորրորդ օրը հանդիսատեսը մեծ էկրանին դիտել է “Ֆաուստը'': Նշենք, որ ֆիլմի` փառատոնին տրամադրված տարբերակն անորակ է եղել, ինչի պատճառով հայաստանյան հանդիսատեսը չի դիտել դրա վերջին 15 րոպեն: Ստեղծված իրավիճակը փրկել է հենց ինքը` Սոկուրովը, որը ներկա է եղել երեւանյան պրեմիերային: Նա ողջունել է հանդիսատեսին եւ ֆիլմից մանրամասներ պատմել:
134 րոպե տեւողությամբ ֆիլմի հերոսները խոսում են միմյանց հետ բացառապես գերմաներենով: Սոկուրովը հավատացած է` ֆիլմը պետք է ներկայացվի ստեղծագործության բնօրինակի լեզվով. “Գյոթեն գերմանացի էր: Մենք ուսումնասիրեցինք “Ֆաուստ”-ը հենց գերմամերենով ու որոշեցինք` այլ տարբերակ չի կարող լինել”:
“Ոսկե ծիրան’’ երեւանյան կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հոգեւոր այրերի հետ
Հաջորդ անակնկալն արդեն նախատեսված է եղել հենց ռեժիսորի համար: Հայաստանյաց առաքելական եկեղեցին այս տարի առաջին անգամ մրցանակ է սահմանել “Ոսկե ծիրան’’ կինոփառատոնի շրջանակում: “Եղիցի լույս’’ մրցանակն առաջին անգամ շնորհվել է հենց Սոկուրովին: Հայտնի ռեժիսորը ստացել է մրցանակը համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցախ իր մեծ ավանդի, հոգեւոր մշակույթը եւ համամարդկային արժեքները քարոզելու համար: Մրցանակը Սոկուրովին հանձնել է Ամենայն Հայոց Կաթողիկող Գարեգին Երկրորդը: Նշենք, որ Սոկուրովին շնորհված մրցանակի հեղինակը Նուռն է` Արման Դավթյանը:
“Սա մեծ պատիվ է ինձ համար: Ի սրտե ուրախ եմ այս մրցանակը ստանալու համար: Կարող էի արդյոք երբեւէ մտածել , որ մեկ օր սա տեղի կունենա: Այս մրցանակը նշանակում է, որ անկախ մեր բնակության վայրից, մենք միմյանց կրիքն ունենք’’,-հուզմունքով ասել է ռեժիսորը:
“Ի սրտե ուրախ եմ “Եղիցի լույս” մրցանակը ստանալու համար”. Ալեքսանդր Սոկուրով
Արարողությունը տեղի է ունեցել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի հանդիսությունների սրահում: Թեեւ դահլիճում տոնական մթնոլորտ է տիրել, Սոկուրովը, կաթողիկոսին դիմելով, նշել է, որ շատ է տխրել, երբ տեղեկացել է` Երեւանի կինոստուդիան այլեւս չկա. “Մոսկվայում է բնակվում մեծագույն Արտավազդ Փելեշյանը: Մենք` Ռուսաստանում ապրողներս, գիտեք այս անունն ու շատ ենք սիրում նրան: Ուզում եմ, որ Հայաստանում եւս նրան լավ ճանաչեն’’:
“Եղիցի լույս” մրցանակի հանձնման արարողության ընթացքում ելույթ է ունեցել նաեւ “Ոսկե ծիրան’’ երեւանյան կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը. “Շատ հուզված եմ, կարճ եմ խոսելու: Ի սրտե շնորհավորում եմ պարոն Սոկուրովին: Աստված մեզ պահապան’’:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: