×


Ավրաամ Ռուսսո

Ավրաամ Ռուսսո

“Հայ լինել ու հայերեն երգ չսիրելը մեղք է” Ավրաամ Ռուսսոն օրերս մերձերեւանյան խաղատներից մեկում համերգով է հանդես եկել, վաղը պատրաստվում է Էջմիածին մեկնել` պատարագի մասնակցելու, այսօր էլ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ սկզբում ռուսերեն, հետո հայերեն դստեր մասին պատմեց, պլաններից խոսեց. հայերեն լեզվով ալբոմ է ուզում թողարկել, քաղաքական հարցեր շոշափեց, հպարտացավ իր հայկական ծագմամբ, իսկ վերջում էլ հայերեն երգ կատարեց: Abraham Russo Հայտնի երգիչը, ում իրական անուն-ազգանունը Աբրահամ Իբջյան է, ներկայում բնակվում է Նյու-Յորքում` կնոջ, դստեր եւ մոր հետ: Ռուսսոն Bravo.am-ին ասաց` կինը հրեա է, բայց, իր խոսքերով, վեց տարվա ընթացքում հայի տիպար է դարձել. հայերեն վարժ խոսում է:): Չորս տարեկան դստեր անունը Էմանուելա է, որ Աստվածաշնչում “Աստված մեզ հետ” է թարգմանվում. “Աղջիկս արդեն սկսել է հայերեն խոսել. հիմնականում մայրս է սովորեցնում: Երկու ամիս առաջ երգի մրցույթի մասնակցեց եւ առաջին տեղը գրավեց, “Սերաֆինա” ռուսերեն երգի հիման վրա տեսահոլովակ ունի”: Ռուսսոն հինգ տարի առաջ կատարված մահափորձից հետո առողջական խնդիրներ չի ունենում. “Փառք Աստծո, ողջ եմ, կարող եմ քայլել, ցատկել, վազել… Դժվարությունները մնացել են անցյալում: Մենք հավատացյալ ժողովուրդ ենք. հավատքն ինձ փրկեց”: Abraham Russo “Հայ լինել ու հայերեն երգ չսիրելը մեղք է”. Ավրաամ Ռուսսո Երգիչը նշեց` հայերեն լեզվով ալբոմ է երազում թողարկել. չորս երգի երաժշտությունն արդեն գրել է, մնում են բառերը. “Հայկական հին երգերն էլ ուզում եմ ռիմեյք անել”: Աբրահամ Ռուսսոն հայկական էստրադային ծանոթ չէ, մի քանի անուն գիտի, մասնավորապես` Թաթային, ցանկանում է, որ ալբոմում անպայման դուետներ լինեն: Իր բենդում հայեր են նվագում: Ռուսսոյի հոգու երգերը հայկական ստեղծագործություններն են. “Հայ լինել ու հայերեն երգ չսիրելը մեղք է ազգիդ, կրոնիդ դեմ: Չնայած` Սիրիայում եմ ծնվել, արաբական երաժշտությունն էլ եմ սիրում, բայց հոգիս հայկականին է ձգտում: Երբ մենակ եմ լինում, ուզում ինչ-որ բան երգել, ի՞նչ պետք է երգեմ, իհարկե, իմ ամենասիրելի հայկական երգերը”:  Երգիչը նշեց, որ հայերեն գրել, կարդալ էլ գիտի: Abraham Russo Ժամանակը գա, Ռուսսոն Երեւանում էլ բնակարան կգնի. “Դեռ ուժ ունեմ, վազվզում եմ, դրա համար կարեւոր չէ` ուր եմ ապրում. օդանավերի մեջ եմ ապրում, իսկ Հայաստանն իմ հայրենիքն է”: Երգիչը նշեց` Հայաստանի քաղաքացիություն չի ստացել. “Ռուսականը երեք շաբաթում վերցրի, հայկականը մեկ ու կես տարի է` չեն տալիս: Ուրեմն արժանի չեմ երեւի, ցավալի է: Բայց չմտածեք, թե Հայաստանից վիրավորված եմ: Այսօր չտան, վաղը կտան. գնամ մի քիչ կռիվ անեմ հայկական ձեւով, գոռամ, կտան: Ես արտասահմանի հայ եմ` հայրենիքի երազներով ապրած: Հայրենիքից վիրավորվելը մեղք է”: “Շատ իմաստուն ժողովուրդ ենք, շատ լավ հատկություններ ունենք, բայց ուրիշներն ինձ ավելի են օգնության ձեռք մեկնել, քան հայերը: Օրինակ` տասը անգամ ասել եմ` ուզում եմ հայերեն ալբոմ թողարկել, մեկը չասաց` արի միասին անենք: Ամենահին ազգերից մեկն ենք, այսօր իրավունք ունենք ավելի բարձր լինել. պետք է բոլորս իրար օգնենք”,- ասաց Ավրաամ Ռուսսոն: Abraham Russo “Թող ինձ Ադրբեջան չթողնեն”. Աբրահամ Ռուսսո Ռուսսոն Ցեղասպանության թեմայով երգ երգելու մասին չէր մտածել դեռ. “Տվեցիք գաղափարը”: Սերժ Թանգյանին չի ճանաչում. “Սերժ ո՞վ, չեմ ճանաչում: Ո՞ւր կապրի: “System of A Down” խմբին ծանոթ չեմ. ժամանակ չունեմ գլուխս քորելու”: Երգիչը Արցախում համերգ տալու ցանկություն ունի. “Երկու անգամ Ադրբեջան եմ գնացել, թող ինձ Ադրբեջան չթողնեն, ի՞նչ գործ ունեմ, ուրախ, զվարթ կգնամ եւ կերգեմ Ղարաբաղում, բայց հրավիրող չկա: Վաղը թող ասեն, կգնամ ու շատ մեծ համերգ կտամ, թող հետո Ամերիկա էլ չթողնեն գնամ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW