Երգչին առաջինը սիրելին է շնորհավորել:) Երկու տարի առաջ Արամեն երկրպագուների հետ նշեց “կյանքի 27-րդ առավոտը”` ծննդյան 27-ամյակը, որն իր համար նշանավորվեց երեւանյան առաջին`“Իմ կյանքի 27-րդ առավոտը” խորագիրը կրող մենահամերգով: Երգիչն իր կյանքի 29-րդ տարվա առաջին առավոտը եւս դիմավորել ու անցկացրել է երկրպագուների, սիրելի մարդկանց ու գործընկերների հետ` այս անգամ ունենալով տեսահոլովակի եւ ձայնասկավառակի պրեմիերա-շնորհանդես, ինչն իր երկու տարվա աշխատանքի արդյունքն է: Երգիչն իր նոր ձայնասկավառակն անվանել է “Իմ միակ սիրելի”: Համանուն տեսահոլովակի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Արամեն դարձավ 29-ը տարեկան հոկտեմբերի 10-ին: Վաղ առավոտից երկրպագուների կողմից տարբեր նվերներ ու շնորհավորանքներ ստանալուց հետո երգիչը շտապել էր լրագրողների հետ հանդիպման`խոսելու օրվա ծրագրերի, նոյեմբերի 8-ին սպասվող մենահամերգի ու “Իմ միակ սիրելի”-ի մասին, ինչի հարցում երգչին օգնեց տեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը: “Մեծ անակնկալ էր, երբ այստեղ գալուց առաջ տատիկս ասաց, որ դռան առջեւ շատ մարդիկ են հավաքվել` ինձ շնորհավորելու: Երկրպագուներս տարբեր նվերներով ուրախացրին ինձ, անգամ ակվարիումով ձուկ էին բերել. ինձ մեղքի տակ են գցում, չեմ կարողանալու պահել այդ անմեղ կենդանիներին...”,-ասել է երգիչը, ում ծննդյան օրով “մեղքի տակ է գցել” նաեւ հանդիպմանը ներկա լրագրողներից մեկը, որին ամենաշատը հուզում էր երգչի` աղանդավորական խմբերի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Սերենադ Արամեի համար :) Օրվա հաջորդ կանգառը ձայնասկավառակների երեւանյան խանութ-սրահներից մեկում էր, ուր Արամեին դիմավորեց երկրպագուների բանակը, որը երգչին շնորհավորելու էր եկել փուչիկներով, նվերներով ու խենթություններով: Երգչի համար տորթ էին բերել, փոքրիկ հրավառություն կազմակերպել: Մեկն էլ սեր խոստովանելուց բացի, նաեւ կիթառ է նվագել ու սերենադ երգել, հետո էլ խնդրել, որ Արամեն ստորագրի իր կիթառի վրա: Երգչին ավելի մոտ կանգնելու ցանկությունից շփոթված երկրպագուներից մեկն էլ բաժակով լի ջուրը միամիտ թափել է նրա վրա, իսկ հետո, արժանանալով Արամեի ներողամիտ հայացքին, արագ մոռացել է կատարվածն ու խոստովանել իր սերը նրա երգերի ու անձի հանդեպ:): “Հեփի բրթդեյ դիըր Արամ”, երգել են Էմմին, Սոֆին, Արմինկան ու Նազենին Երկրպագուների հետ հանդիպմանը հաջորդել է “Իմ միակ սիրելի” տեսահոլովակի պրեմիերան եւ համանուն ձայնասկավառակի շնորհանդեսը: Մոսկվայի տանը հավաքվել էին երգչի գործընկերները` Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Էմմին, Արմինկան, Ռազմիկ Ամյանը, Արսեն Սաֆարյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանն ու այլ երգիչներ, Արամեի մտերիմներն ու տեսահոլովակի ստեղծագործական կազմը: Բեմից Արամեին ծննդյան, ձայնասկավառակի ու տեսահոլովակի առթիվ շնորհավորել է Արմեն Ամիրյանը, ում միացել են դահլիճում նստած երգիչները` Էմմին, Սոֆին, Արմինկան, ովքեր ոտքի են կանգնել ու փուչիկները թափահարելով “հեփի բրթդեյ” երգել: Հաջորդ շնորհավորողը ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն է եղել, ով “Իմ միակ սիրելի”-ի ստեղծագործական կազմի հետ ներկայացրել է տեսահոլովակը, որը չդադարող ծափահարությունների արդյունքում երկրորդ անգամ է ներկայացվել: “Այստեղ ներկայացված է սեր, որը մարդ կարող է ապրել մեկ կյանքի ընթացքում”,- BRAVO.am-ին ասել է երգիչը: Տեսահոլովակը դիտելուց մի քիչ տխրել է Էմմին, ում հուզել էր պատմության տխուր, բայց ինչպես ինքն է ասում, իմաստալից ավարտը: “Իմ միակ սիրելի”-ն դուր է եկել նաեւ Սոֆիին ու Արմինկային, ովքեր շնորհավորանքից բացի մի շարք բարեմաղթանքներ ուղղեցին իրենց գործընկերոջը: “Առաջին շնորհավորանքը ստացել եմ իմ շատ սիրելի անձնավորության կողմից”. Արամե BRAVO.am-ին Արամեն պատել է, որ ծնունդն առաջինը`գիշերվա ժամը 12:00-ից հետո շնորհավորել է իր համար շատ սիրելի մի անձնավորություն, որին հաջորդել են հարազատների ու ընկերների, նաեւ երկրպագուների շնորհավորանքները: Ի դեպ, ձայնասկավառակի շնորհանդեսին ու տեսահոլովակի պրեմիերային Արամեն մենակ չէր. նրան ուղեկցում էր մի գեղեցկուհի, ով էլ, հավանաբար, երգչին առաջինը շնորհավորող սիրելի անձնավորությունն է ;): BRAVO.am-ի հետ զրույցում Աննա Թովմասյանն ասաց, որ Արամեին իր շնորհավորանքն արդեն հայտնի է: “Չէի կարող այս օրը չկիսել իմ երկրպագուների հետ, ուրախ եմ, որ նրանց եւս տեսել ու ուրախացրել եմ: Ամեն ինչ շատ լավ ու գեղեցիկ անցավ”,- նշել է երգիչը, ով երկրպագուների հետ հաջորդ հանդիպումը ծրագրել է նոյեմբերի 8-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մենահամերգի ժամանակ, որտեղ սպասվում են նոր ծրագիր, սիմֆոնիկ նվագախումբ ու ժողովրդական երգեր: BRAVO.am-ը եւս շնորհավորում է երգչին: Առաջարկում ենք դիտել Արամեի նոր տեսահոլովակը ստորեւ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: