Լույս է տեսել երգչուհու հետմահու առաջին CD-ն Արաքս Դավթյանի կատարմամբ ռուսական ռոմանսների ձայնասկավառակ է թողարկվել: Երգչուհու հետմահու առաջին CD-ն կազմել եւ հրատարակել է Կոնստանտին Օրբելյանը: “Արաքսն օժտված էր արվեստի հանդեպ հավատով և անկեղծությամբ: Նա Մոցարտի, Վերդիի, Պուչինիի և, իհարկե, հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Բաբաջանյանի, Միրզոյանի և Հարությունյանի ստեղծագործությունները կատարում էր սեփական մեկնաբանմամբ և առանձնահատուկ ճշմարտությամբ: Դժբախտաբար, նրա այդ կատարումներից որևէ մեկը չի ձայնագրվել: 1990-ականների կեսերին ես կարողացա ձայնագրել այն ստեղծագործությունները, որոնք ներկայացնում եմ ձեզ”,- ասում է մաեստրոն: “Մեծ նվաճումները մեծ ջանքեր են պահանջում: Հայաստանում ապրող Արաքսի ու Մոսկվայում ապրող հիասքանչ դաշնակահար Վլադիմիր Կլեւկեի հետ մենք մի քանի ազատ շաբաթ էինք գտել, որպեսզի Արաքսը գար Մոսկվա ձայնագրվելու այս ալբոմի համար, ուր, համոզված եմ, ընդգրկված են ռուսական երաժշտական արվեստի գոհարները”,- ձայնասկավառակի հրատարակման պատմությունն է ներկայացնում նա: Կոնստանտին Օրբելյանի հուշերը անվանի երգչուհու մասին այսպիսին են. “Արաքս Դավթյանին հանդիպեցի 22 տարի առաջ Ֆրանսիայի գավառական Տուրս քաղաքում: Նա աշխատում էր իմ ընկեր և գործընկեր Վլադիմիր Սպիվակովի և վերջինիս "Մոսկովյան վիրտուոզներ" կամերային նվագախմբի հետ: Ես ամբողջովին գերվել էի Արաքսի բյուրեղյա մաքրություն ունեցող ձայնով, վարպետությամբ և Մոցարտի հիասքանչ ստեղծագործությունների հանդեպ նվիրվածությամբ: Սա ծանոթություն էր ոչ միայն Արաքս երգչուհու, այլև ջերմ և հիասքանչ մարդու հետ, ում հետ ես հետո բախտ ունեցա աշխատելու և 20 տարվա ընթացքում հանդես գալու ավելի քան 250 համերգով”: “Երբ 1991 թվականին նշանակվեցի Մոսկվայի կամերային նվագախմբի երաժշտական ղեկավար, խնդրեցի Արաքսին որպես մենակատար հանդես գալ իմ առաջին համերգի ընթացքում Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Արաքս Դավթյանի հետ մենք համերգներով շրջեցինք ողջ աշխարհով` Ճապոնիա, Հարավային Աֆրիկա, Հարավային Ամերիկա և Եվրոպա”,- պատմում է Կոնստանտին Օրբելյանը: Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: