Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Ի՞նչ են խոսում. դերասանուհի Արփինե Իսրայելյանը, նույն ինքը` “Աննա” սերիալի գլխավոր հերոսուհի Աննան նշանվել է: Իրականում. հաճելի լուրն իսկապես համապատասխանում է իրականությանը: Մեզ հետ զրույցում դերասանուհին նշեց, որ մեկ տարի ընկերություն անելուց հետո որոշեցին նշանվել, իսկ ընտրյալն էլ նույն հեռուստասերիալի բեմադրող նկարիչ, 25-ամյա Ներսես Սեդրակյանն է, ում հետ Աննան ծանոթացել է հենց նկարահանումների ժամանակ: Նշանադրության արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 2-ին: “Շատ համեստ, ընտանեկան նշանադրություն ենք արել”- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին: Արփինեի խոսքերով` այդ օրվան հատուկ չի պատրաստվել, պարզապես նախապես երկար, ծիրանագույն զգեստ է պատվիրել, որով էլ եղել է այդ օրը: Դերասանուհին ի նշան իրենց սիրո նշանադրությանը սպիտակ ոսկուց, ադամանդակուռ մատանի է նվեր ստացել, որն ընտրել է հենց Ներսեսը: Ինչ վերաբերում է ամուսնությանը, ապա Արփինեն շեշտեց, որ դեռեւս չի շտապում ամուսնանալ: Ի՞նչ են խոսում. դերասան Խորեն Լեւոնյանն ամուսնալուծվում է: Իրականում. վերջին շրջանում հաճախ ենք հեռախոսազանգեր ստանում, որոնք միաբերան մի բան են ասում. Խորենի եւ Մերիի ընտանեկան կյանքն այնքան էլ հարթ չէ: Սկզբում կարծեցինք, թե դա հետաքրքրասերների երեւակայության հերթական պտուղն է, սակայն խոսակցությունների մեծ թափ առած ընթացքը բոլորովին այլ բան է հուշում: Ի վերջո, որոշեցինք հենց Խորենից եւ կնոջից` Մերիից ճշտել դրանց իսկությունը: Մեզ հետ զրույցում Խորեն Լեւոնյանը բավական վրդովվեց` այդպես էլ հստակ ոչինչ չասելով: “Որքանով է բարոյապես ճիշտ իմ կյանքը լուսաբանելը… Չեմ ուզում, որ իմ մասին գրեն կամ խոսեն: Ես դա ասել եմ նաեւ այն բոլոր հեռուստաալիքներին ու լրատվամիջոցներին, ովքեր իմ մասին ինչ-որ բաներ են տպագրել կամ ասել”,- նյարդայնացած պնդեց դերասանը: Նշենք, որ մինչ հայտնի դերասան-հաղորդավարին զանգահարելը` խոսեցինք կնոջ` Մերիի հետ, ով մեզ փոխանցեց հետեւյալը. “Չէ, մենք չենք բաժանվել, պարզապես այժմ ամեն ինչ խառն է: Մենք առանձին ենք ապրում, բայց, կարծում եմ, դա ժամանակավոր է: Դուք էլ գիտեք, որ այժմ բոլորը դրա մասին են խոսում. ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի”,-հույս հայտնեց Մերին: Ին՞չ են խոսում. ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը բալիկի է սպասում: Իրականում. այո, այո, Գոհարն ու իր ամուսինը` “Արմեններ” դհոլահարների խմբի ղեկավար Գուրգեն Թամրազյանը, սպասում են իրենց առաջնեկին: Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ հղիության գրեթե 7-րդ ամսում է: Չնայած դրան` երգչուհին այժմ էլ շարունակում է իր համերգային գործունեությունը եւ նշում է, որ մինչեւ հղիության 8-րդ ամիսը ծրագրած համերգներ ունի. “Հղիանալուց հետո առանձնապես բան չի փոխվել. ես ինձ շատ լավ եմ զգում, եթե լավ չլինեի, այսքան համերգներ չէի կարող ունենալ. միայն Ֆրանսիայից համերգի հրավեր ունեի, որը մերժեցի”: Երգչուհու եւ Գուրգենի առաջնեկը տղա է լինելու, ինչպես որ Գոհարը երգում է “Աղջիկ եմ Սասունցի” երգում. “Այո, երգումս տողեր կան, որ մի օր տղա զավակ կբերեմ, եւ կարծես հենց այդպես էլ լինում է: Իսկ ամուսինս, երբ իմացավ, որ տղա ենք ունենալու, չզարմացավ եւ ասաց` խոսք էի տվել իմ երգով: Ինձ համար կապ չունի երեխայի սեռը, կարեւորը` առողջ եւ լավ բալիկ լինի”: Հետաքրքրվեցինք նաեւ, թե երգչուհին արդեն պատրաստվում է երեխայի ծննդյանը, անհրաժեշտ գնումներ կատարում է: “Դեռ ոչ, չեմ սիրում, երբ նախապես են պատրաստվում, նույնիսկ անունը չենք որոշել: Հավանաբար, երեխայի ծննդից մեկ ամիս առաջ այդ գործերով կզբաղվեմ”,- ասաց Գոհարը: Ին՞չ են խոսում. “Թիվ 5” խմբի անդամներից Մանվելը հայր է դարձել: Իրականում. այս ուրախալի լուրը իսկապես համապատասխանում է իրականությանը: Ավելին` Մանվելի եւ Լուսինեի առաջնեկը լույս աշխարհ է եկել հունիսի 18-ին Գյումրու ծննդատանը 2.3 կգ քաշով եւ 50 սմ հասակով: “Երեխային անվանել ենք պապիկի անունով` Սամվել: Շատ հետաքրքիր է, որ ես Մանվել Սամվելովիչն եմ, իսկ իմ որդին` Սամվել Մանվելովիչը”,-մեզ հետ զրույցում ժպիտով նշեց երգիչն ու ավելացրեց, որ մինչ երեխայի ծնվելը հասցրել էր մեկ անգամ խմել եւ նշել փոքրիկի ծնունդը. “Այո, մի օր կնոջս մոտ ցավեր սկսվեցին, ես էլ նրան ծննդատուն տարա, որից հետո եկա տուն եւ սկսեցի օղի խմել ու նշել փոքրիկիս ծնունդը. հասցրի նաեւ ընկերներիս ասել ուրախալի լուրը, նրանք էլ իրենց հերթին սկսեցին նշել հայր դառնալս: Բայց… կատարվածից 10-15 օր հետո` հունիսի 18-ին` երեխայի ծննդյան օրը, Մանվելի ընկերները “Թիվ 5” խմբի Տիգրանի գլխավորությամբ եկել են երգիչ ընկերոջը շնորհավորելու: “Հանկարծ գիշերը ժամը չորսին դուռս թակեցին ընկերներս` Տիգրանի գլխավորությամբ եւ հայտնեցին, որ այս անգամ իսկապես հայր եմ դարձել: Շատ ուրախ էի, բայց մինչեւ հիմա էլ չեմ գիտակցում, որ հայր եմ դարձել: Երեւի, ժամանակի ընթացքում, երբ հոգսերը շատանան, կհասկանամ, թե ինչ է նշանակում հայր լինելը”,- ասաց Մանվելը: Տեղեկացնենք, որ դերասան-երգիչը, մինչ երեխայի քառասունքը, ընտանիքով բնակվել է Գյումրիում` իր հայրական տանը: Ինչ վերաբերվում է “Թիվ 5” խմբի ամուսնացած մյուս տղաներին, ապա նրանք կարծես դեռ ընտանիքները համալրելու լուրեր չունեն: Լուրերի իսկությունը ճշտեց Արեւիկ Իսաջանյանը Տեքստը եւ լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: