Փառատոնի պաշտոնական բացումը Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 8-ին “Մոսկվա” կինոթատրոնում: Փառատոնի բացման արարողության հատուկ հյուրն էր VO.X խումբը, որն էլ իր ելույթով բացեց փառատոնը: Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ BMI ավիաընկերության բիզնես վաճառքի ղեկավար Սիմոն Ավագյանը: Փառատոնի բացումը սկսվեց մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորանքներից: “Պատահական չէ, որ բացում ենք փառատոնը այսօր`մարտի 8-ին: Փառատոնի շրջանակներում ներկայացված խնդիրների շարքում են նաեւ կանանց խնդիրները: Մաղթում եմ Հայաստանի ու աշխարհի բոլոր կանանց ուժ եւ կորով պայքարելու իրենց հավասարության համար, անկախ նրանից, թե ինչ դեր են զբաղեցնում հասարակությունում”, ասաց դեսպան Լոնսդեյլը: Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 6 ֆիլմ` ”Արտադրված է Դագենհեմում”, ”Արբոր”, “Վարդագույն սարիներ”, “Ժողովրդի թշնամիները”, “Բաբելոնի զավակը”, “Ըստ կասկածանքի”: Պատերազմի արհավիրքների դեմ պայքարող մարդկանց, ընտանեկան երջանկության ձգտող կանանց եւ համակարգային անարդարությունների մասին պատմող ֆիլմերը բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն աշխատանքներից են: Փառատոնի հյուրն է հեռարձակման, կապի եւ միջոցառումների մասնագետ Սառա Ռոսը: Նա աշխատել է Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում եւ Channel 4 BRITDOC Foundation-ում: Սառա Ռոսը վարպետության դասեր կանցկացնի ուսանողների համար եւ սեմինարներ Վանաձորում ու Կապանում: Մարտի 10-ին փառատոնի շրջանակներում կկազմակերպվի աշխատաժողով, որի ընթացքում կինոգործիչները կքննարկեն հասարակական կազմակերպությունների, ապրանքանիշերի եւ զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության նոր մոդելներ: Փառատոնը մարտի 8-13-ը տեղի կունենա Երեւանում, 10-12-ը` Վանաձորում, իսկ 14-16-ը` Կապանում: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: