Աննա Պանին, որը ներկայում հանդես է գալիս “Եզրագծից այն կողմ” սերիալում, ամառային հանգստի շրջանում՝ օգոստոսին, պատրաստվում է մեկնել Իրան` կրկին աշխատելու:): 27-ամյա դերասանուհին իրանական գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, մարմնավորելու է ռուս կնոջ: Շիկահեր Աննան BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է իր արմատների, սերիալներում մարմնավորած հերոսների ու նախասիրությունների մասին:
Աննա Պանին
“Սլավոնական արտաքինս` շփոթության պատճառ”
Թեեւ ունեմ ոչ հայկական արտաքին ու կեղծանուն, բայց ես հայ եմ: Բեմական անուն ընտրելիս օգտագործել եմ ազգանվանս առաջին երեք տառը` ավելացելով “ի”՝ Պանի: Ինձ հաճախ են հարցնում` արդյոք զտարյուն հայ եմ: Սլավոնական արտաքինս շփոթություն է առաջացնում, բայց ռուսական արմատներ չունեմ: Հետաքրքիրն այն է, որ մայրս ու հայրս շագանակագույն աչքեր ունեն, իսկ ես ու քույրս կապուտաչյա ենք: Արտաքինով պապիկիս կողմին ենք նման:):
“Ուղղակի երազանք էր թվում”
2006 թվականին ավարտել եմ Թատերական ինստիտուտի “Թատրոնի եւ կինոյի դերասան” բաժինը, սովորել եմ Արմեն Մազմանյանի արվեստանոցում: Իմ ուսանողական տարիներին հայկական հեռուստասերիալ ընդհանրապես չէր նկարահանվում, կինոյի հետ առնչություն չունեինք, մեր պրակտիկան անցնում էինք թատրոններում: Մեր մտքով չէր անցնում, որ մեկ-երկու տարի հետո այդքան շատ սերիալներ կլինեն, մինչ այդ ուղղակի երազանք էր թվում տեսախցիկների հետ աշխատելն ու գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելը:
Աննա Պանին
Հիմա խաղում եմ “Եզրագծից այն կողմ” սերիալում` դայակի կերպարում: Մինչ այդ նկարվել եմ “Որբեր”, “Ներիր ինձ”, “Սադրանք” սերիալներում, “Սպիտակ գայլերի որսը”, “Նիկոլայի վերջին անեծքը” հեռուստաֆիլմերում ու այլ նախագծերում:
Ծայրահեղ կերպարներ
Երկու տարի խաղացել եմ Երեւանի կամերային թատրոնում: Ցավոք, հիմա զբաղվածությունս միայն հեռուստատեսությունում է, թատրոնում չեմ աշխատում: Հուսով եմ` նորից կվերադառնամ, որովհետեւ դերասանն առանց թատրոնի նման է առանց թեւերի թռչնի:
Իմ դերերը ստանում եմ քասթինգի միջոցով. մասնակցում եմ փորձնական նկարահանումների, ռեժիսորի ընտրությամբ խաղում եմ այս կամ այն դերը: Կերպարներս միմյանցից ծայրահեղորեն տարբերվում են. մարմնավորել եմ սիրուհու, այրի կնոջ, մարդասպանի, թմրամոլ աղջկա, հիմա էլ դայակի դերում եմ հանդես գալիս: Չեմ սիրում խաղալ նույնատիպ հերոսների դերեր, ինձ համար հետաքրքիր չէ: Դերասանների շրջանում տարածված կարծիք կա, եթե բացասական կերպարներ ես խաղում ու կարողանում ես համոզիչ լինել, ուրեմն լավ դերասան ես:
Աննա Պանին
Դերասանուհի Աննան՝ դիջեյ :)
Ուզում եմ դիջեյությամբ զբաղվել, բայց չեմ ձգտում պրոֆեսիոնալ դիջեյ դառնալ, ուղղակի ցանկանում եմ նվագել փարթիների ժամանակ: DJ Play-ի ու DJ Kret-ի հիմնած ստուդիայում դասընթացների եմ մասնակցել, բայց դեռ շատ-շատ բաներ ունեմ սովորելու: Էլեկտրոնային երաժշտություն վաղուց եմ լսում, հենց սկզբից էլ ինձ հոգեհարազատ է եղել, հետաքրքրությունս բավարարելու համար որոշեցի ինքս սովորել, պրպտել ու հասկանալ, թե ինչպես է այն մարդուն կտրում գետնից ու երկինք տանում:): Պարելու համար ակումբներ գնալու ժամանակ վերջերս չեմ ունենում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Աղայանի, Ռաբերտ Ղեւոնդյանի, Դամիանի, Արվին Քոչարյանի, Մեսրոպ Սիմոնյանի եւ Վիգեն Մնոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: