Երգչուհու «Խոստովանությունը» եւ փոքրիկ Սոֆիի անկեղծ ցանկությունը :) Երգչուհի Զարուհի Բաբայանին հանդիպեցի նոր տեսահոլովակի նկարահանման առիթով: Հարցազրույցին ներկա էր նաեւ նրա դուստրը` Սոֆին:): Մինչ երգչուհու վերջին նորություններին ծանոթանալը, առաջարկում եմ կարդալ փոքրիկ Սոֆիի մասին, ով անկեղծորեն խոստովանում է, որ սերիալում նկարահանվելն իրեն դուր չի գալիս, չի սիրում երգել, նրան պարն է հարազատ. «Ոնց չեմ սիրում երգե՜լ, բայց պարել շատ-շատ եմ սիրում: Ուզում եմ տարբեր մասնագիտություններ ունենալ. ապակու ու շորերի դիզայներ, պարուհի ու դերասանուհի: Հարսանիքների ժամանակ շատ սիրուն ձեւավորված բաժակներ եմ տեսել, որոշել եմ ես էլ ապակու դիզայներ դառնալ, համ էլ հագուստի դիզայներ, որ իմ հարսի շորը կարեմ::) Հիմա տիկնիկներիս համար շորիկներ եմ կարում: Նկարչության էի գնում, հիմա չեմ հասցնում, բայց մաման խոստացել է նորից տանել»: «Չեմ ուզում տխուր դերեր տանել»:) Սոֆին այժմ 3-րդ սերիալում է նկարահանվում. «Ախր շատ տխուր ա, իմ եղբայրն ամբողջ օրը խաղում է, ուրախանում, իսկ ես գնում եմ նկարահանման, հետո էլ դաս եմ անում: Ահավոր շատ դաս են տալիս :)»: Դպրոցական առարկաներից առանձնացնում է կերպարվեստը, պարը, առողջ ապրելակերպն ու շախմատը. «Ոչ մի լուրջ առարկա»,- ավելացնում է Զարուհի Բաբայանը. «Ավելի հետեւողական եմ, որ լեզուներն ու մաթեմատիկան միշտ սովորի ու դասերին պատրաստ լինի: Տանը դաս անելու պրոցեսը չի սիրում, բայց չեմ կարծում, որ ծանրաբեռնում ենք իրեն: Իհարկե, կցանկանամ, որ հետագայում զբաղվի այն գործով, որը կսիրի: Երգել չի սիրում, չեմ էլ պնդում»: Իր տատիկի` Սոֆի Դեւոյանի բեմադրած «Արքայադստեր ծնունդը» պարային երաժշտական ներկայացման մեջ աղջնակն արքայադստեր կերպարում է եղել. «Պարելիս, փորձերի ժամանակ ընդհանրապես չեմ հոգնում, շատ հավես է, իհարկե, բեմում ավելի լավ է: Ավելի շատ սիրում եմ պարել, քան նկարահանվել: Եթե նորից առաջարկեն սերիալում խաղալ ու տխուր դեր լինի, հաստատ չեմ նկարվի: Երեք դերերս էլ շատ տխուր, լացակումած են եղել, չեմ ուզում էդպիսի դերեր տանել»: Ո՞վ է ընտանիքի ամենաճանաչված մարդը :) Զառան հիշում է, որ «Որբեր» սերիալում նկարահանվելիս, բոլորը Սոֆիին Եվա էին ասում. «Հիշում եմ` մի անգամ Վերնիսաժում ընտանիքով հուշանվերներ էինք գնում, մարդիկ միայն իրեն էին նկատում, Եվա էին ասում, նվերներ տալիս: Վերնիսաժից դուրս գալիս տեսա, որ բավական շատ նվերներ էր ստացել` տիկնիկ, մատանի, վզնոց, թեւնոց, իրենից շատ գոհ դուրս եկավ Վերնիսաժից»: :) Ո՞վ է ձեր ընտանիքի ամենաճանաչված մարդը հարցին փոքրիկ Սոֆին պատասխանում է. «Չգիտեմ` ես, մաման, թե տատիկը:)»: Երգչուհին ավելացնում է. «Ինձ թվում է` հիմա երեւի դու:): Փողոցում հաճախ ասում են` Եվայի մաման, Սոֆի էլ չեն ասում»: 9-ամյա Սոֆին ամենաշատը սիրում է Օպերայի բակում չմուշկներով սահել եւ իր մյուս տատիկի տուն գնալ. «Մի անգամ էլ ինձ մաման տարավ «Աիդա» օպերան նայելու, շատ հետաքրքիր էր, բայց նորից չեմ ուզում նայեմ, որ մեծանամ, կարող է մոռացած լինեմ, էլի կգնամ նայելու:)»: «Տատիկներս իմ խաղը հավանում են, իսկ մաման չի գովում» :) Զարուհու տղան` Գոգան, չի խաղում սերիալում, ցանկություն ընդհանրապես չունի. «Իրեն չի հետաքրքրում, չի ուզում երգել, նկարահանվել, նույնիսկ լուսանկարվել: Շատ եմ խնդրում, որ հետս գա հաղորդումներին: Թեթեւ ատլետիկայով է զբաղվում, սպորտն է ավելի շատ սիրում, սովորում է երկրորդ դասարանում ու ամբողջ օրը համակարգչով է խաղում:)»: Սոֆոչկան ասում է, որ եղբայրն իրեն չի թողնում համակարգչով խաղեր խաղալ. «Պահում է, որ չխաղամ:): Իմ խաղալիքները, իրերը չի վերցնում, մենակ կոնֆետ ու ծամոն է ինձնից տանում, բայց որ ես իրենին կպնեմ, նենց կխփի, բայց դե ինձանից ուժեղ չի :)»,- կատակում է նա ու ասում, որ երբ իրեն ցույց են տալիս հեռուստացույցով, եղբայրը չի դիտում. «Մեզ ոչ մեկիս չի նայում, մենակ «Կարգին սերիալ» է նայում, իսկ ես դա չեմ սիրում: Երբ ինձ ցույց են տալիս, տատիկիս հետ եմ նայում, տատիկներս իմ խաղը հավանում են, իսկ մաման չի գովում»: Նրա ամենամեծ ցանկությունն այս պահին նոր հեռախոս ունենալն է, ասում է, որ սերիալից ստացած հոնորարները հավաքում է նոր հեռախոսի համար. «Բայց իմ ձեռքից վերցնում են:), չի հերիքի, որ սենյակիս համար էլ սիրուն իրեր առնեմ», - ժպտալով դժգոհում է նա. «Մի ցանկություն էլ ունեմ, բայց չի կարող լինել. կուզենայի կախարդական փայտիկ ունենալ, որ սեղմեի, դասերս աներ»: :) Երգչուհին ոչ թե նորաթուխ հարսիկ է, այլ 10-ամյա հարս Հիմա երգչուհու մասին. նա շուտով նոր տեսահոլովակով կներկայանա: «Խոստովանություն» երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Կարեն Քոչարյանը: Երգչուհին նշում է, որ Սոֆի Դեւոյանի Պարի եւ հոգու թատրոնի պարուհիները երգին համապատասխան նոր համար են ներկայացրել: Զարուհի Բաբայանի զգեստը դիզայներական է` հեղինակը Լիլիթ Մարգարյանն է. «Հարսի զգեստը հատուկ մտածված է. ոչ թե նորաթուխ հարսիկ եմ, այլ 10-ամյա հարս»: Նա ասաց, որ տեսահոլովակում կտեսնենք մի շարք երգիչների, հաղորդավարների, դերասանների, բայց նրանք չեն մասնակցում երգչուհու հարսանիքին, այլ իրենց հարսանեկան արարողության դրվագներն են երեւալու:). «Յուրաքանչյուր մարդ կտեսնի, թե ինչպես է անցկացվում հայկական հարսանիքը: Մոնտաժի արդյունքում ճանաչված ու սիրված մարդկանց հարսանիքները կմիաձուլվեն իմ երգին, բայց հարս ու փեսա կոնկրետ չկա»: Երգչուհու խոսքով` գաղափարը նրա ամուսնունն է, նրանց հարսանեկան արարողության կադրերը եւս կընդգրկվեն «Խոստովանություն» տեսահոլովակում. «Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի, Էդգար Գյանջումյանի, 32-ի Զառայի, Նուռի, Վարշամ Գեւորգյանի, Գեւորգ Ալթունյանի, Լուլուի ու շատ այլ մարդկանց հարսանիքների կադրերը կերեւան տեսահոլովակում»: «Որակյալ ջազային ձայնասկավառակի համար շատ ժամանակ կպահանջվի» Տեսահոլովակին կհաջորդի նոր ձայնասկավառակի թողարկումը, որում տեղ կգտնեն «Սոխակ», «Սիրուն տղա», «Խոստովանություն» ու այլ նոր երգեր. «Երգերի ընտրության, ձայնագրման փուլն անցել եմ, հիմա պետք է զբաղվեմ արտաքին ձեւավորման, լուսանկարների հարցերով»: Զառա Բաբայանը որոշել է նաեւ ջազային ստեղծագործություններով ալբոմ ձայնագրել, բայց չի խոստանում այս տարի թողարկել:). «Մշակված ու որակյալ ջազային ձայնասկավառակի համար շատ ժամանակ կպահանջվի: Ջազային ստանդարտների փոխարեն երգելու եմ հայ հեղինակների գործերը: Երգահան, երգիչ Արսեն Գրիգորյանը, Սիրուշոն արդեն հայերեն խոսքերով ջազային երգեր են պատրաստել ինձ համար»: «Երեխաներին հայտարարեցի, որ տարին Կոմիտասին ենք նվիրելու»:) Երգչուհին մոտ մեկ տարի առաջ հիմնել է իր երգի ստուդիան, որտեղ դասավանդում է 5-12 տարեկան երեխաներին: Սկզբում սովորեցրել է մանկական ուրախ երգեր, բայց. «Մեր բաց դասերից մեկի ժամանակ հրավիրել էինք կանադահայ օպերային երգիչ Դավիթ Վարժապետյանին, ով երեխաներին խնդրեց երգել Կոմիտասի երգերից որեւէ մեկը: Ես անակնկալի եկա, հասկացա, որ նրանք չգիտեն Կոմիտասի երգերը: 50 հոգուց միայն մեկը քառյակ երգեց: Բաց դասից հետո անընդհատ մտորումների մեջ էի, հասկացա, որ երեխաները շատ ամաչկոտ են, կոմպլեքսավորված, իրոք չգիտեն, ով է Կոմիտասը: Զայրույթս արտահայտեցի այսպես. 2010-ի սկզբում երեխաներին հայտարարեցի, որ տարին Կոմիտասին ենք նվիրելու: Արդյունքում երեխաները տեղեկացան նրա կենսագրության, հայ ժողովրդի համար կատարած գործերի մասին ու սովորեցին որոշ երգեր` «Կաքավիկ», «Լորիկ», «Հով արեք, սարեր» եւ այլն: Երեխաներն այդ երգերին ծանոթ էին, բայց չգիտեին, որ դրանք հեղինակել է Կոմիտասը: Գիտեք, ծնողները տարակուսանքի մեջ էին, թե ինչու եմ Կոմիտասի գործերը սովորեցնում, բայց հետո ասում էին, որ իրենց ծանոթ շրջապատում երբ երեխաները Կոմիտաս են երգում, շատերը հաճելիորեն զարմանում են: Ցավոք, այսօր երեխաների կատարմամբ Կոմիտաս լսելն արտասովոր է դարձել»: Տարվա ընթացքում երգչուհին հավանաբար փոքր համերգ-հանդիպումներ կունենա. «Ակումբային կամ փոքր դահլիճի համերգները շատ էներգիայով լեցուն են անցնում, քեզ ավելի շատ էներգիա ու էմոցիա են տալիս, քան մեծ համերգները, որտեղ միայն երգում ես, իսկ ակումբային համերգի ժամանակ տալիս ես ու կրկնակի էմոցիաներ ստանում հանդիսատեսից: Տեսնում ես մարդկանց աչքերը, դեմքի արտահայտությունը, խոսում, շփվում… Ինձ համար հաճելի են փոքրիկ համերգները»: «Կարեւորը միմյանց ճիշտ էմոցիաներ փոխանցենք» :) Նրա կարծիքով` համատարած 6/8-ային երգեր երգելը ժամանակի խնդիր է, յուրաքանչյուր ժամանակաշրջանում որեւէ ոճ սկսում է գերակշռել մյուսներին. «Հիշում եմ` մի քանի տարի առաջ համատարած կարծիք կար, որ շատ են լացակումած երգերը, ինչքան կարելի է տխուր երգեր երգել: Մի ժամանակ էլ, երբ Երգի թատրոնում արտասահմանյան հիթեր էինք երգում, մարդիկ ասում էին` լավ էլի, երբ ենք լսելու հայերեն լեզվով հայկական երգեր: Երբեք չես կարող այնպես անել, որ բոլորը գոհ մնան, մի խումբ միեւնույնն է դժգոհ է լինում: Այժմ էլ երգիչները մեկը մյուսին կրկնօրինակելով անցել են 6/8-ային երգերին: Ուղղակի վատ է, որ երգիչները, չունենալով ֆանտազիա, մտածում են, որ մեկը երգեց, սիրվեց, համատարած պետք է այդ ոճի մեջ երգեն: Իրականում, 50-ից հազիվ հինգն են իրենց երգածի դիմաց համապատասխան վարձատրություն ստանում, մնացածը կրկնում են, ակնկալելով մեծ գումարներ, բայց շատերին չի հաջողվում»: Զառան նշում է, որ այժմ իրեն այնքան էլ չի հետաքրքրում, թե քանի հոգի իր երգերը կլսի, կերգի այն, ինչ իր հոգուն հարազատ է: Նշում է` թեեւ իրեն դուր են գալիս ավելի ռիթմիկ, պարային երգերը, բայց ջազային երգերն ավելի գերակշռելու են. «Կապ չունի, թող 10 հոգի լսի, բայց այդ 10 հոգին ու ես իրար ճիշտ էմոցիաներ փոխանցենք:): Ես երգել եմ նաեւ «Սոխակ»-ի նման աշխույժ երգ, որ մարդիկ ուրախանան, պարեն, ինձ դրանից վատ չեմ զգում: Գիտակցորեն եմ անում, սկսած «Շալախո»-ից իմ երգացանկում կան աշխույժ երգեր»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Զարուհի Բաբայանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: