Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին Երեւանյան փողոցներում փակցված պաստառները մեզ արդեն իսկ հուշում են, որ Հայաստանում կայանալիք “Մանկական Եվրատեսիլ 2011”-ը սարերի ետեւում չէ:): Մեր երկիրը հյուրընկալելու է 13 երկրի պատվիրակություններին ու ներկայացուցիչներին: Մանկական երաժշտական մրցույթի նախաշեմին երեկ տեղի է ունեցել ղեկավարների ժողով, որի շրջանակներում քննարկվել են “Մանկական Եվրատեսիլ”-ին վերաբերող տեխնիկական, ստեղծագործական հարցեր:
Վիճակահանության արդյունքում էլ հայտնի են դարձել տարբեր երկրների ներկայացուցիչների ելույթների կարգն ու հերթականությունը: Եվ այսպես, մրցույթը կբացի Ռուսաստանի մասնակիցը, իսկ վերջինը ելույթ կունենա Բելգիայի ներկայացուցիչը: Հայաստանը ներկայացնող Դալիթան հանդես կգա չորրորդ համարի ներքո: Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել նաեւ “Մանկական Եվրատեսիլ”-ին նվիրված պաշտոնական առաջին մամուլի ասուլիսը, որի ընթացքում “Վորլդ Վիժն Հայաստան’’ կազմակերպության տնօրեն Գրեհեմ Սթրոնգը, “Մանկական Եվրատեսիլ” մրցույթի ղեկավար Սիեթսե Բեքերը, “HDR” ընկերության ղեկավար Պեր Սանդին եւ “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ներկայացրել են մանրամասներ մրցույթի աշխատանքային ընթացքից:
Պեր Սանդին, Գրեհեմ Սթրոնգը, Գոհար Գասպարյանը, Սիեթսե Բեքերը եւ Արտակ Վարդանյանը
2011-ի “Մանկական Եվրատեսիլ”-ը կկայանա դեկտեմբերի 3-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հենց այդ օրն էլ հայտնի կդառնա հաղթողի անունը: Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 2-ին, մրցույթի երկրպագուները կկարողանան վայելել մրցութային նույն համերգը, որ համարվում է գլխավոր փորձ: Քվեարկությունը տեղի է ունենալու 50/50 հարաբերությամբ, այսինքն` կամփոփվեն պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկությունները: Միակ նորույթն այն է, որ քվեարկությունը տեղի կունենա մրցութային համերգի ավարտին: “Եվրատեսիլյան” միջոցառման տոմսերը կարժենան 1000-ից 20 000 դրամ, վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին: Ի դեպ, Հայաստանում անցկացվող մրցույթին Թուրքիան եւ Ադրբեջանը չեն մասնակցում մասնակցության հայտ չներկայացնելու պատճառով: “Մանկական Եվրատեսիլ”-ի հաղորդավարների անունները դեռեւս քննարկվում են: Կազմակերպիչները խոստանում են անակնկալ մատուցել հանդիսատեսին: Հաղորդավարների թեկնածուների թվում է նաեւ հանրահայտ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը:
"Մանկական Եվրատեսիլ 2011"-ի Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան
13 երկրի մասնակիցները Երեւան կժամանեն նոյեմբերի վերջին: Կազմակերպիչների խոսքերով` նրանք անհայտ են համաշխարհային շոու-բիզնեսի աշխարհում, սակայն բավական հայտնի իրենց երկրներում: Մինչ մրցութային օրը երեխաները կմասնակցեն տարբեր միջոցառումների, փորձեր կունենան: Կազմակերպվելու է նաեւ ընդունելություն, որին կմասնակցեն բոլոր երկրների պատվիրակությունները: Մանկական մրցույթի կազմակերպիչները նշում են նաեւ, որ երեւանյան դահլիճն ու “Եվրատեսիլ”-ին պատրաստվելու ընթացքը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Ի դեպ, օրեր առաջ սկսվել են “Welcome to Armenia’’ երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: 2011-ի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի փոքրիկ 16 երգչի մասնակցությամբ տեսահոլովակը շուտով կհայտնվի եթերում:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները ` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: