Երգչի չիրականացած երազանքը, սիրելին ու մեծ տուփով նվերը:) Միստր X-ի՝ Արթուր Հակոբյանի մենահամերգն օրերս էր` “Արամ Խաչատրյան” մեծ համերգասրահում: Կրկին նոյեմբերին ու նույն համերգասրահում երգիչը մենահամերգով է ներկայացել նաեւ նախորդ տարի:): Այս անգամ Արթուրն իր հանդիսատեսի համար պատրաստել էր համերգային նոր ծրագիր՝ պրեմիերաներ, զուգերգեր, նաեւ կատարել է իր հայտնի ստեղծագործությունները: Ինչպես Միստր X-ն է ասում, չէր կարող համերգին չերգել “Քո աչքերը”, քանի որ էլեկտրոնային բազմաթիվ նամակներ է ստացել, որոնցում հարցրել են՝ արդյո՞ք հնչելու է այդ երգը: Երգիչը նաեւ բացատրել է՝ ինչու է մեծամասամբ օտարալեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն երգեր կատարում. “Հայաստանի սահմաններից դուրս հաճախ եմ ելույթ ունենում սփյուռքահայերի ու օտարազգիների համար, բայց մի համերգի ժամանակ “Ավե Մարիա” երգը կատարեցի հայերեն, չէին հասկացել՝ ինչ լեզվով է, բայց հետաքրքրվում էին, թե որ լեզվով է այդպես գեղեցիկ հնչում:)”: Երկու մասից կազմված համերգի կենդանի հնչողությունն ապահովել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ Մարտին Վարդազարյանի եւ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ: Երգիչը բեմից հատուկ ողջունել է իր սիրելի դերասան Կարեն Ջանիբեկյանին եւ խոստովանել, որ նրա ներկայացումները դիտելով` վաղ տարիքում երազել է դերասան դառնալու մասին. “Փորձում էի պարապել, որ ընդունվեմ դերասանական բաժին, բայց չգիտես ինչու՝ քննություններին չգնացի, երազանքս չիրականացավ:)”: Միստր X-ը դուետներով երգել է Աննա Մայիլյանի, Նարինե Դովլաթյանի եւ Հեղինե Ասատրյանի հետ: “Արսենալ” պարային խմբի պարողները, ինչպես Արթուրն է նշել, ավելի գեղեցիկ են դարձրել իր կատարումները: Երգիչը նաեւ հիշել է իր ուսուցիչներին: “Շատ ուսուցիչներ եմ ունեցել, որոնցից մեկը Շառլ Ազնավուրն է”, - բեմից ասել է նա ու երգել հանրահայտ “She” ստեղծագործությունը: Արթուր Հակոբյանի սիրելին՝ Մերին, դահլիճից հետեւել է համերգին, իրեն նվիրված “Մարիո” երգից հետո էլ բեմ բարձրացել ու ծաղիկներ նվիրել: “Կիսում եմ իր լարվածությունը, ստացած ծափահարությունները: Դահլիճում որպես հանդիսատես նստած չեմ, այնպես եմ հուզվում, կարծես, ես եմ երգում:)”, - այս խոսքերը Մերին բեմից չի նշել, այլ համերգի ընդմիջմանը, երբ ետնաբեմում սատարում էր սիրելիին:): Ինչպես BRAVO.am-ին հայտնել է Մերին, նշանադրությունից ամիսներ են անցել, սակայն դեռ չեն պատրաստվում ամուսնանալ. “Ես երկու տեղ մագիստրատուրայում եմ սովորում, Արթուրն էլ պարբերաբար արտերկրում հյուրախաղեր է ունենում, բայց կարծում եմ՝ հաջորդ տարի կամուսնանանք”: Հանդիսատեսի բուռն ծափերը, ծաղիկները, մեծ տուփով կարմիր փուչիկները, նվերներն երգչին շատ են ուրախացրել… Մենահամերգի ավարտին Միստր X-ը կատարել է “Ավե Մարիա”-ն, շնորհակալություն հայտնել իր ընկերներին, մտերիմներին, իսկ վերջում՝ լեփ-լեցուն դահլիճին. “Անչափ շնորհակալ եմ ձեր ծափահարությունների համար, մենք դեռ շատ կհանդիպենք…”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: