“Ե՞ս Yes!” ամսագրի բացառիկ հարցազրույցը
Նոր բզիկներ չենք բացահայտում
Շոու-բիզնեսի ամուրիների շարքն աստիճանաբար նոսրանում է: Այս անգամ նրանց բանակը լքեց երգիչ Նարեկ Բավեյանը: Ինչպես տեղեկացրել էինք մեր ամսագրի նախորդ համարում, նոյեմբերի 3-ին Նոր Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցում Նարեկն ու Սոնան Աստծո առաջ ուրախության, տխրության եւ հիվանդության պահին միմյանց կողքին լինելու խոստում տվեցին:
Սիրված երգչի սիրո պատմության, խենթությունների, հարսանիքի ու ընտանեկան կյանքի մասին բացառիկ հարցազրույցը Նարեկ Բավեյանն ու կինը` Սոնա Արմենակյանը վստահեցին միայն սիրելի ամսագրիդ:
- Ինպե՞ս հասկացար, որ հենց Սոնան է կյանքիդ ուղեկիցը:
- Դժվար է ասել, որ միանգամից ես այդ ամենը հասկանում` հատկապես 20-21 տարեկանում: Սկզբում կա սիրահարվածություն, ու էլ ոչ մի բանի մասին չես մտածում: Ծանոթ էինք Երգի պետական թատրոնից, բայց ընկերությունը սկսվեց Սեւանից` 6 տարի առաջ:
- Ինչպե՞ս եղավ սիրո խոստովանությունը:
- Պաշտոնական սիրո խոստովանություն չի եղել: Հիշում եմ, որ արդեն Սեւանում էի, իսկ Սոնան Երեւանում էր եւ դեռ նոր պետք է գար: Մենք sms-ներ էինք գրում իրար եւ խոսում էինք այնպես, ինչպես արդեն իրար սիրող զույգերը կխոսեին: Դա միանգամից եղավ, ինքնաբերաբար այդ օրը սկսեցինք միմյանց գրել, որ կարոտում ենք, որ ուզում ենք իրար հետ լինել, ու հենց Սոնան եկավ Սեւան, մենք մեզ սիրահար զույգի պես էինք զգում: Բնականաբար, «ես սիրում եմ քեզ» խոսքերը շատ ենք ասել ու ասում:
- Ի՞նչ խենթություններ է արել քեզ համար Նարեկը:
Նարեկ. - Ըհը¯ը, դե պատմի:
Սոնա. - Վերջին խենթությունը պատմեմ. մի օր աշխատանքի վայրում (Երգի պետական թատրոնում) պատուհանից տեսա` 20-25 երեխա կիթառներով ինչ-որ երգ են փորձում: Մտածեցի` երեւի ինչ-որ տեսահոլովակ են նկարահանում, որովհետեւ տեսախցիկներ ու վերամբարձ կռունկ կար, ես էլ կիթառ շատ եմ սիրում եւ ուզում էի տեսնել` ինչ են անելու, քանի որ տեղն այնքան էլ հաճելի չէր տեսահոլովակի նկարահանման համար: Եվ հանկարծ նկատեցի, որ ավտոտնակների հետեւից Նարեկը դուրս եկավ, երեխաները սկսեցին նվագել, իսկ նա իսպաներենով սերենադ երգելով կռունկով բարձրացավ ու պատուհանից ինձ ծաղիկներ նվիրեց:
Նարեկ. - Չասեմ խենթություն, բայց ամեն բանի պատրաստ եմ:
- Ինչպես բոլոր զույգերի մոտ, վեճեր հաստատ կլինեն. ի՞նչ բնույթի են ձեր վեճերը:
Սոնա. - Եղել են:
Նարեկ. - Կան:
Սոնա. - Կլինե¯ն:
Նարեկ. - Այո, կլինեն: (Ծիծաղում են): Մեր վեճերի մեջ իրականում լուրջ բաներ չկան: Կարող է մի քիչ կոպիտ վերաբերվեմ Սոնայի շանը... Մի խոսքով, մանր-մունր բաներ, որ բոլոր զույգերի մոտ էլ լինում է:
- Ինչպե՞ս ես վերաբերվում Նարեկի հայտնի լինելուն. խանդի տեսարաններ չե՞ն լինում:
Սոնա. - Դրական:
Նարեկ. - Ըհը, դե, լավ, խանդում ես:
Սոնա. - Իհարկե, պատահում է, բայց դա հիվանդագին խանդ չէ: Եթե չկան երկրպագուներ, չկա երգիչ:
Նարեկ. - Երբեմն, երբ պետք է ինչ-որ տեղ գնամ երգելու, զգում եմ, որ խանդում է, բայց եթե չխանդեր, կարծում եմ, բնական չէր լինի:
- Ինչպե՞ս անցավ երկար սպասված հարսանիքը:
Նարեկ. - Ամեն ինչ ավանդական էր, բայց շատ գեղեցիկ: Բոլոր հարցերով երկուսով ենք զբաղվել: Իմ ընկեր-գործընկերները` Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Էրիկ Կարապետյանը, Հասմիկ Կարապետյանը, Վարդան Բադալյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Վահրամ Պետրոսյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը մեզ եւ ներկաներին երգ նվիրեցին: Ավետ Բարսեղյանը չէր երգում, բայց լավ շոու էր անում, հանդիսավարը Լեւոն Հարությունյանն էր: Մեզ համար հաճելի անակնկալ էր նաեւ, որ մեզ շնորհավորելու էր եկել Առաջին տիկինը` Ռիտա Սարգսյանը, ով իր ներկայությամբ պատվեց մեզ:
Սոնա. - Հարսի պարս շատ տպավորիչ էր: Հայկական ավանդական հարսի պարը` «Ուզունդարան», պարեցի վեց պարուհիների հետ. երկու ամիս պատրաստվել էի:
Նարեկ. - Իսկ առաջին պարը բեմադրել էր Արթուր Մարատիչը. դա ժամանակակից էտյուդ էր, վալս չէր: Այնքան գեղեցիկ էր, որ հարսանիքի ընթացքում 3 անգամ պարեցինք: Առաջինը` մուտքի ժամանակ, հետո եկավ իմ ու Սոնայի կնքահայրը` Արթուր Գրիգորյանը, ում այնքան էին պատմել մեր պարի մասին, որ հետաքրքրությունից դրդված` խնդրեց, որ նորից պարենք: Հարսանիքի կեսին եկավ Առաջին տիկինը, ում էլ Արթուր Գրիգորյանը պատմեց մեր պարի մասին, եւ մեկ անգամ էլ պարեցինք նրա համար:
- Բնականաբար, նվերներ ստացել եք. որո՞նք կառանձնացնեք:
- Նկարիչ-մոդելավորող Նուռի աշխատանքը` տղամարդուն եւ կնոջը խորհրդանշող վզնոցը: Մեր մյուս` շատ հետաքրքիր նվերից ոչ թե հրաժարվեցինք, այլ հետաձգեցինք. Սոնայի քեռին մեզ 10-օրյա ուղեգիր է նվիրելու, պարզապես զբաղվածության պատճառով հետաձգել ենք, նվերն ուժի մեջ է եւ Նոր տարուց հետո կմեկնենք մեղրամսի. վայրի ընտրությունը պայմանավորված կլինի տեղի եղանակով:
- Ինչպե՞ս է ընթանում նորաստեղծ ընտանեկան կյանքը, որտե՞ղ եք բնակվում:
Սոնա. - Մեզ մոտ ամեն բան այնքան տրամաբանական էր` ընկերությունը, նշանվելն ու ամուսնանալը...
Նարեկ. - Մենք հասցրել էինք միմյանց ճանաչել, բնականաբար մի տան մեջ ապրելն ու համատեղ կենցաղը ուրիշ բան է, բայց վեց տարվա շփումը քիչ ժամանակ չէ: Մեկս մյուսի նյարդերի վրա չենք ազդում, նոր բզիկներ չեն բացահայտվում, իրար լավ ենք հասկանում: Բնակարան ենք վարձել Նոր Նորքում, ժամանակավոր այստեղ ենք բնակվում:
- Ինչպե՞ս եք պատկերացնում ընտանիքի կազմը, ե՞րբ եք մտադիր այն համալրել:
Նարեկ. - Մեզ մոտ միշտ այդ խոսակցությունը եղել է. ես ասում եմ երկու երեխա ունենանք` տղա եւ աղջիկ, իսկ Սոնան` երեք: Դեռեւս մի քիչ կսպասենք...
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, ովքեր պատրաստվում են ամուսնանալ:
Նարեկ. - Ուղղակի պետք է շատ ու շատ հարցեր հեշտությամբ անտեսել, ուշադրություն չդարձնել մանրուքներին եւ փոխզիջման գնալ:
Սոնա. - Համբերատար լինել: Կյանքը մեկ անգամ է տրվում, պետք է լիովին վայելել այն:
Հարցազրույցը եւ լուսանկարները` “Ե՞ս Yes!” ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: