“Կին եմ, ով համարձակվել է սեքսից խոսել” Շագեն երկու տարի է` եթերից սեքսի մասին է խոսում: “Սեքսը փոքր քաղաքում”-ի շրջանակներում ինտիմ թեմաներ են շոշափել նաեւ Անդրեն, Լիլուն, Հասմիկ Կարապետյանը, Ջուսը, Վահրամ Սահակյանը եւ շատ այլ հայտնիներ: Շագեն նշում է` ինտիմ թեմաներն իր դեպքում ապրված են: Կարծում է` սիրուն բարեմասնությունները պետք է անպայման ցուցադրել: Հաղորդավարուհու գերխնդիրներից մեկն էլ ամուսնանալն է: Ինչո՞ւ է “սեքսի աղջիկը” կնոջ զսպվածությունը սեքսուալ համարում` Bravo.am-ի հարցազրույցում: -“Սե՞քսը” քեզ բերեց հեռուստատեսություն: - Արտաքին տվյալներս առիթ դարձան, որպեսզի վարեմ այս հաղորդումը. միշտ էլ ցանկալի եմ եղել տղամարդկանց համար: Ծանոթներս էլ նշում էին` շատ լավ կլինի, որ սեքսից խոսեմ: Հաղորդավարուհի դառնալու համար Արչիի հետ սկսեցի բեմական խոսք եւ լեզվի կուլտուրա պարապել ու հենց իրենից` “Սեքսը փոքր քաղաքում” հաղորդումը ATV-ի եթերում վարելու առաջարկ ստացա: Ասեմ` շատ երկար չմտածեցի, որովհետեւ հասկացա` այն թեման է, որի մասին ոչ ոք չի խոսում. լռում են: Ասես տաբու է դրված, ու անպայման մեկը պետք է լիներ, որ խոսի: -Մինչեւ “Սեքսը փոքր քաղաքում”, ինչո՞վ ես զբաղվել: -Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եմ: Բավական շատ եմ աշխատել, հիմնականում` նախարարություններում, Տիկնիկային թատրոնում, նախկինում սեփականաշնորհման նախարարությունում, հարկայինում, աշխատել եմ ամեն տեղ փորձել ուժերս: -Ի՞նչ ես կարծում, պարտադի՞ր է, որ սեքսի թեման շոշափող հաղորդավարուհին “Կամասուտրա”-ն ուսումնասիրած լինի: Եվ, առհասարակ, սեռական կյանքին վերաբերող մասնագիտական ի՞նչ գրականություն ես ուսումնասիրել: -Չեմ կարծում, որ պետք է անպայման կարդալ, բայց պետք է գոնե տեղեկացված լինել, որովհետեւ թվում է, թե հեշտ է, բայց շատ զգայուն թեմա է. կապված է մարդու հոգեբանության եւ ֆիզիոլոգիայի հետ: Այս հաղորդման շնորհիվ ես էլ շատ բաներ եմ սովորել ու շատ գոհ եմ: Եթերում ներկայացնում եմ մասնագետների գրած տեքստը: Գինեկոլոգ, սեքսապաթոլոգ, հոգեբան խորհրդատուներ ունենք, օրինակ` Մարատ Զաքարյանը, Վրեժ Շահրամանյանը… Ես էլ ամենը համեմում եմ աղ ու բիբարով:): -Փոքր քաղաքում սեքսն ինչի՞ց է սկսվել: -Սկսել ենք կարմիր խնձորից: 2009-ի սեպտեմբերի 26-ին էր առաջին եթերը: Ամենապարզունակ թեմաները զարգացնելով` սկսեցինք սեքսի տեսակները ներկայացնել եւ այլն, եւ այլն: -Պատահո՞ւմ է` հաղորդման սցենարը կարդաս ու որպես, քո խոսքերով, սեքսից լավատեղյակ մարդ, չհամաձայնես որոշ բաների հետ. տեսականը չհամապատասխանի գործնականին:): -Մեր թիմն իմ պահով շահել է, որովհետեւ 18 տարեկան չեմ, գիտակից կին եմ, քիչ, թե շատ, բնականաբար, ապրել եմ այդ կյանքով ու սեռական թեմաները խորթ չեն ինձ, շատ լավ մարսում եմ: Երբ կարդում եմ տեքստերը, համաձայնում եմ, որովհետեւ այդ ամենը ես զգում եմ ու հասկանալով ներկայացնում. այդ ամենն ապրված է: -Հեռուստատեսային կերպարդ հիմք ընդունելով` շա՞տ են քննադատում քեզ: -Հիմնականում աշխատում են հենց այդ կերպարում էլ ինձ տեսնել: Վերաբերմունքը շատ լավն է: Վատաբանողներ էլ են եղել, բայց ես դրան նորմալ եմ նայում: Այդպես էլ պետք է լիներ: Եթե փնովում են հայրենասիրությունից եւ ավանդույթներից խոսող մարդկանց… Իսկ ես կին եմ, ով համարձակվել է սեքսից խոսել: Եվ ինչպես հին հեքիաթում է ասվում` “Աջ գնաս, ծիտ կկորցնես, ձախ գնաս, դու կկորչես”: Ես եմ ընտրել այս ուղին եւ գիտակցելով եմ դա արել: -Նշածդ հայրենասերներն ու ավանդապաշտները երբեւէ վատ խոսքեր քո հասցեին չե՞ն ասել` իմիջդ հաշվի առնելով: -Դեռ վատ վերաբերմունքի չեմ արժանացել: Ընդհակառակը, նկատել եմ, որ տղամարդիկ ավելի շատ են սկսել հետաքրքրվել ինձնով: Ես վուլգար ոչ մի բան ինձ թույլ չեմ տալիս, ուղղակի Շագեն փոքր-ինչ տեմբրային ձայնով խոսում է սեքսից: Խոսքս կառուցելիս էրոգեն գոտիների փոխարեն կարող եմ տարփազգաց գոտիներ ասել, սեքսն էլ սիրով զբաղվել արտահայտությամբ փոխարինել: -Հասարակությանը, երիտասարդներին “փչացնելու” մեջ չե՞ն մեղադրում: -Հաղորդումը ցուցադրվում է գիշերը ժամը 1:15-ին, մինչ սկսվելը անպայման գրվում է, որ ծրագիրը նախատեսված է 18-ից բարձր անձանց համար, կրկնությունն էլ կեսգիշերից հետո է` ժամը 00:30-ին: Ծնողը չպետք է թույլ տա, որ իր անչափահաս երեխան այդ ժամին հեռուստացույց նայի: Եթե չեմ սխալվում, հայկական գրականության մեջ եւս սեռական հարաբերությունները նկարագրող հատվածներ կան, ի՞նչ դրանից: Մենք սեռական կյանքի մասին տեղեկատվական ծրագիր ենք ներկայացնում: -Քո կարծիքով, “ինտիմ” հաղորդումների դերը ո՞րն է: : -Մինչեւ վերջերս սեքսն անպարկեշտություն էր, խոսելը` անառակություն, բայց սեքսը սեռն է, սեքսուալը` սեռականը: Կարծում եմ` նորմալ մարդկանց համար այդ բառերի մեջ ոչ մի ամոթալի բան չկա: Պարզապես նման հաղորդումներին ճիշտ եւ պրոֆեսիոնալ մոտեցում է պետք: Համոզված եմ` առաջին հերթին հաղորդումը նայում են այն քննադատողները: Եթե դուր չի գալիս, վահանակը ձեռքդ է, կարող ես չէ՞ փոխել ալիքը: -Ինչպե՞ս ես տարբերակում էրոտիկան ու պոռնոգրաֆիան: -Միջազգային չափորոշիչներով: Երբ օրգանը երեւում է կադրում, դա “սուպեր” էրոտիկան է, երբ օրգանը կադրում երեւում է գործողության մեջ, դա արդեն համարվում է պոռնոգրաֆիա: Մեր հաղորդման շրջանակներում պոռնոգրաֆիա երբեք չի ցուցադրվում: -Սեքսի թեմայով ասելու ի՞նչ ունես: - Շեշտը դրվում է կին-տղամարդ հարաբերությունների վրա: Մարդիկ տեղեկացված լինելու ցանկություն ունեն: Կանայք սեռական կյանքով են ապրում, բայց նրանցից շատերը չգիտեն` օրգազմն ինչ է: Սեքսի տարատեսակների մասին եմ խոսում: Երկու տարի է` եթերում ենք, ընդամենը երկու անգամ ենք միասեռականությանն անդրադարձել: Հայտնի այգու մասին ենք խոսել բացասական առումով, դրանից հետո տրանսվիստիտներին որոշ ժամանակով այդ վայրից հեռացրին: Մի անգամ էլ խմբակային սեքսի մասին ենք խոսել, երբ ականատեսը պատմում էր մեր քաղաքում գործող նման ակումբի մասին: -Հայկական շոու-բիզնեսն էլ է՞ խոսում սեքսից: -Առաջին շրջանում մեր հայտնիներն էին խոսում դրա մասին` Հասմիկ Կարապետյանը, Վահրամ Սահակյանը, Լիլուն, Ռաֆայել Քոթանջյանը, Վիոլետ Գրիգորյան, Սերգեյ Դանիելյանը, Արամ Չախոյանը, Էլլա Տարունցը: Անդրեն պատմել է` ինչպիսին կլինի իր ստրիպտիզը սիրած անձնավորության համար: Վերջին եթերներից մեկում Վլադիմիր Բարխոյանն էլ պատմեց, որ ավտոմեքենայի մեջ է սիրով զբաղվել ու բավական հրապարակային վայրում: Նա խորհուրդ չտվեց այդպես վարվել, քանի որ շատ էքստրեմալ է. հասարակական վայրերում չի կարելի սեռական հարաբերություն ունենալ, կտուգանվելու վտանգ էլ կա: Լիլուն ասաց` կնախընտրի անկողնում սեքսով զբաղվել, քան ծառի տակ, ծառի վրա: Քաղաքում բացասական համբավ ունեցող շատերն էլ նախընտրել են դրա մասին եթերում չխոսել, ինչը ծիծաղելի է: Մենք ընդամենը կարծիքներ են ներկայացնում, մասնագետի խոսք ու այդ ամենը համեմում ենք հեռուստատեսային լեզվով: -Տղամարդկանց տեսակը լա՞վ ես ճանաչում: Ինչո՞ւ են դավաճանում: -Կարծում եմ` տղամարդն իր բնույթով որսորդ է, որսի է գնում: Կինը պետք է իրեն լավ զգա, որովհետեւ ինքն ընտրյալն է, տղամարդն իրեն սիրում է… - Փաստորեն դավաճանելը բնական երեւույթ ես համարում: Դե՞մ չես, որ ապագա ամուսինդ քեզ հետ այդպես վարվի: -Չէ, բնականաբար, բացասական եմ վերաբերվում: Զուգընկերոջը փոխելով չէ, որ պետք է սեքսով զբաղվել սովորել, կարելի է ամուսնու հետ էլ սովորել գեղեցիկ սեռական հարաբերություն ունենալ: Իմ գերխնդիրներից մեկն ու երազանքը առողջ, լավ ընտանիք ունենալն է: -Ինչպիսի՞ տղամարդ ես կողքիդ պատկերացնում: -Անկեղծ ասեմ, չգիտեմ` ինչու, մտածում եմ` տեղացի տղամարդու հետ չեմ ամուսնանա: Շատ եմ ուզում հայի հետ ամուսնանալ, բայց նա մոտ տասը տարի արտասահմանում ապրած պետք է լինի: -Ավանդապաշտ տեղացի տղամարդիկ, որոնց չես ցանկանում, կարծո՞ւմ ես` կցանկանան քեզ հետ ամուսնանալ` հաշվի առնելով իմիջդ եւ վարածդ հաղորդման ձեւաչափը: -Այս հաղորդաշարը վարելու ընթացքում ամուսնության մի քանի առաջարկ եմ ստացել: Անկեղծ, տղամարդկանց վերաբերմունքը լավն է: -Պլաստիկ վիրահատություններ կատարե՞լ ես ավելի սեքսուալ երեւալու համար: - Չէ: Կրծքերս սիլիկոնե չեն: -Ինչո՞ւ ես միշտ լայն բացվածքով բլուզներ հագնում: -Հաղորդման ֆորմատն է այդպիսին: Ես երբեւէ չեմ մերկանում, փորս չեմ բացում: Հիմա եթերում բոլորն էլ բաց են հագնվում, ուղղակի իմ դեպքում աչք է զարնում, քանի որ ընդգծված բարեմասնություններ ունեմ: Եթե սիրուն տեղ ունես, պետք է ցույց տաս: -Բայց հիմա նկարահանման չես:): -Գուցե այս շորը այլ կին հագներ, սովորական նայվեր, բայց արտահայտված ֆիզիկական տվյալներ ունեմ, ավելի վառ ու ցայտուն է երեւում: -Անֆիսա Չեխովան ինչքանո՞վ է քեզ համար հեղինակություն: -Ես իր հաղորդումները չեմ նայում, որ հանկարծ որեւէ կերպ չնմանակեմ: -Սեքսուալ կինը պետք է անպայման շիկահեր լինի՞: -Ոչ, ինձ համար սեքսուալությունը մերկանալու, բարեմասնությունները ցույց տալու մեջ չէ, այլ կանացի, զուսպ լինելու: Հետս շփվելուց հետո ասում են` “Վայ, էս ինչ համեստ ես, Շագե”: Իրական կյանքում շպարվել էլ չեմ սիրում: -Իսկ այս վառ գույնի շրթներկդ ի՞նչ առիթով է: -Ուղղակի տրամադրության հետ է կապված:): -“Սեքսը մեծ քաղաքում” դիտե՞լ ես: -Շատ եմ սիրում. կանանց պատմությունները հետաքրքիր են: Ախր սեքսը հրաշք բան է, եթե մենք կարողանանք էդ կյանքով սիրուն ապրել… -Շագեն բեմական անունդ է, ծնողներդ է՞լ են այդպես դիմում: -Ինձ սեքսի Շագե, սեքսի աղջիկ անունով են կնքել: Մայրիկիս հետ եմ ապրում, իրական անունս է տալիս, բայց, օրինակ, քրոջս տղան Շագե է ասում: -Մայրդ դիտո՞ւմ է “Սեքսը փոքր քաղաքում”: -Ոչ, որովհետեւ հաղորդումն ուշ է սկսվում, քնած է լինում: -Գիտի` ի՞նչ ձեւաչափի հաղորդում ես վարում: -Այո: Գիտի, թե ինչերի մեջով եմ անցել ու ինչ քրտինքով եմ այս ամենին հասել, դրա համար լավ է վերաբերվում: -Եթերից դուրս ինչո՞վ ես զբաղվում:): -Ամեն հաղորդման վերջում մաղթանքներ եմ ասում ու հավելում` “Ես էլ գնամ` սեքսի իմ հերթական չափաբաժինը ստանալու”: Դա զույգերին շահագրգռելու նպատակով եմ ասում, որ սիրահարները, ամուսինները սիրով զբաղվեն: Լուսանկարները` Շագեի անձնական արխիվից եւ Արթուր Վարդանյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: