“Քեզ թվաց` ոչ մի բան չհասկացող փափկամազիկ եմ” Սյուզի Մելիքյանն ուզում է գտնել իր իրական սերը: Համանուն երգում Սյուզին երգում է. “Քեզ թվաց սկզբում, թե հասարակ աղջիկ եմ, ոչ մի բան չհասկացող փափկամազիկ եմ, իմ տեսքին խաբվել են շատ-շատերը, բայց լսիր՝ որոնք են հենց իմ պահանջները…”: Պահանջները հայտնի կդառնան երգչուհու՝ օրերս նկարահանած տեսահոլովակի ցուցադրումից հետո:): Սյուզիի խոսքերով՝ տեսահոլովակի միջոցով մարդիկ կտեսնեն իր պատկերացրած իրական սերը. “Այս երգն ուրախ ու թեթեւ է, խոսքերն իմ մասին են, բնավորությանս գծերը երեւում են, իմ բնույթին համապատասխան է: Կադրում միայնակ երգում եմ, պարում, իմ էմոցինաներն եմ արտահայտում: Այս տեսահոլովակի կերպարներն ինձ նման են”: BRAVO.am-ի հետ զրույցում Սյուզին նշել է՝ ինչպիսին է պատկերացնում իրական սերը. “Մինչ օրս եթե կյանքս չեմ կապել մեկի հետ, ուրեմն սպասում եմ իրական սիրո, որ կարողանամ ամբողջ կյանքս այդ մարդու հետ ապրել: Ինձ համար կարեւոր են խենթ բնավորությունը, խելառ վիճակներն ու անկեղծ սերը”: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, երգի երաժշտության հեղինակը՝ Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: “Կինոյի արտառոց սցենար չի լինի. խաղարկային տեսարաններ, տղա-աղջիկ հարաբերություններ են երեւալու, որոնք կապ ունեն երգի տեքստի հետ: “Կլիպի տղա” էլ կա, որին մինչ նկարահանումը չէի տեսել, բայց ռեժիսորը համապատասխան կերպար է ընտրել”: Նկարահանումների որոշ մասը կատարվել է Երեւանի նորակառույց շենքերից մեկի տանիքին, պատշգամբում, ավտոմեքենաների կայանատեղում. “Իմ մրսածության պատճառով նկարահանումների մյուս մասը հետաձգվել է, դեռ նոր տեսարաններ կլինեն”, - նշել է Սյուզին ու հավելել. “Ի տարբերություն իմ մյուս տեսահոլովակների, այս անգամ փոփոխություններ եմ արել սանրվածքի, կերպարի, դիմահարդարման մեջ”: “Հովանավորներ չունեմ”. Սյուզի Մելիքյան Սյուզի Մելիքյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է՝ հովանավորներ չունի, տեսահոլովակն իր աշխատած գումարով է նկարահանում. “Ուզում եմ տեսահոլովակի միջոցով երգն ավելի հանրային դարձնել: Տարբեր միջոցառումների ժամանակ երգել եմ այս երգը, մարդկանց կողմից դրական կարծիքներ եմ լսել: Հուսով եմ՝ ժողովուրդը կհավանի ու կսիրի այն”: Երգչուհին նաեւ որոշել է հիմնական աշխատանքի անցնել ու երգել համալիրներից մեկում. “Շուտվանից էի ուզում աշխատել, որոշ պատճառներով հետաձգվում էր: Փորձում եմ հասցնել երգեր ձայնագրել, տեսահոլովակներ նկարել, իմ ուժերով ավելիին հասնել”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: