Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Երեւանում է
Համերգային…
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ երեկ` սեպտեմբերի 19-ին, ելույթ է ունեցել Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում:
Երեկոյի ընթացքում հնչել են Գուստավ Մալերի “Սիմֆոնիա թիվ 4”-ը, որի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ռուս սոպրանո Անաստասիա Կալագինան, Ռիխարդ Շտրաուսի “Հերոսի կյանքը’’ սիմֆոնիկ պոեմը, Կամիլ Սեն-Սանսի թավջութակի կոնցերտը, որի ընթացքում հանդիսատեսի համար անակնկալ է մատուցվել. բեմ է բարձրացել Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը:):
Վալերի Գերգիեւ.
“Հայաստանը երաժշտության երկիր է, եւ ինձ շատ հաճելի է, որ մենք մասնակցում ենք այս տոնական միջոցառմանը: Իմ կենսագրությունը սերտ կապված է Հայաստանի հետ, այնպես որ, կարծես թե տուն եմ վերադարձել: 4-5 տարի աշխատել եմ Հայաստանում, հետո կրկին վերադարձել: Այդ ամենն իմ կյանքի շատ վառ էջերից են: Այն փորձը, որ ձեռք եմ բերել այստեղ, շատ կարեւոր է ինձ համար: Այստեղ շատ ընկերներ ունեմ, ոմանց հետ արդեն հասցրել եմ հանդիպել”:
Մաեստրոն ու Երեւանը
“Ես եղել եմ օդանավակայանում, ավտոմեքենայում եւ թատրոնում, արդեն լավ սկիզբ է”,- ասում է Գերգիեւն ու ավելացնում, որ պատրաստվում է քաղաքը տեսնել գիշերը: Մաեստրոյի խոսքերով` փորձելու է նկատել, ֆիքսել ու գնահատել քաղաքում կատարված դրական փոփոխությունները:
Նարեկ Հախնազարյանը` Գերգիեւի աչքերով
Մաեստրոն նշել է, որ հենց իր գաղափարն է եղել հրավիրել թավջութակահար Նարեկ Հախնազարյանին` համատեղ ելույթով հանդես գալու. “Ուզում եմ բոլորիդ շնորհավորել Չայկովսկու անվան մրցույթում ձեր հայրենակցի հաղթանակի կապակցությամբ: Մենք շնորհեցինք նրան այդ ոսկե մեդալը, եւ ուզում եմ նշեմ, որ մրցակցությունը շատ լուրջ էր: Այժմ կարեւոր է, որ նա զարգանա որպես երաժիշտ, դառնա ավելի հասուն եւ չտարվի մենեջերներով, հարցազրույցներով:)”:
Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ
Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Ռուսաստանի ամենահին նվագախմբերից մեկն է, մոտ 200 տարվա պատմություն ունի: “The Financial Times” ամսագրի կարծիքով այս նվագախումբն աշխարհի լավագույն նվագախմբերից մեկն է: Վալերի Գերգիեւը Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն է դարձել 1996 թվականին, աշխատում է նվագախմբի հետ առ այսօր:
Հեռանկարներ
Երեկվա համերգը կայացել է “Երեւանյան հեռանկարներ” 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վալերի Գերգիեւի հանդիպման ընթացքում նախագահն առաջարկել է 2013 թվականին Երեւանում անցկացնել “Գերգիեւյան փառատոն’’: “Մեծ պատիվ է ինձ համար, շատ ուրախ եմ այդ առիթով”,- ասել է Գերգիեւը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: