Ժամանակին կատու էի պահում, փախավ, որովհետեւ հասկացավ, կատուն ինքը չի, ես եմ :): Ըստ արեւելյան հորոսկոպի` 2011 թվականը կատվի տարի է: Դե բնական է, որ չէինք կարող չհանդիպել ու չզրուցել մեր քաղաքի ամենագլխավոր “կատվի” hետ :): Նա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, հայտնի է իր բազմազան “մազալու” գլխարկներով: Իսկ երբ այս ջազմենը նաեւ երգում է, այնպիսի տպավորություն է, որ լսում ես հին ջազի դասականներից մեկին: Ասում են` նա է մեր քաղաքի ջազի ծավալի չափանիշը... Մի խոսքով, մեր այսօրվա հերոսն է ջազի “բարոմետր” Վահագն Հայրապետյանը :): - Առաջին անգամ ե՞րբ սիրահարվեցիք երաժշտությանը: - Երեւի երկու տարեկանում: Մսուրում արդեն հաստատ սիրահարված էի երաժշտությանը, այդ ժամանակ նույնիսկ երգ ունեի գրած մսուրի մասին, ու էլի ջազային ստանդարտներով էր :): Իսկ ջազի հետ ավելի մոտիկից ծանոթացա էլի փոքրուց, որովհետեւ տանը շատ սկավառակներ կային, ու ծնողներս միշտ էլ նվագում էին: - Իսկ հիշո՞ւմ եք լսած առաջին ձայնասկավառակը: - Այո, Դյուք Էլինգթոնի ու Քաունթ Բեյսիի “Big Band”-երի ձայնասկավառակներն էին, հետո Օսկար Փեթերսոն լսեցի, ինչ-որ մեկի տանն էի, երեք թե չորս տարեկան էի: Սիրեցի ու միանգամից էդ ձայնասկավառակը վերցրեցի այդ մարդու մոտից :): “Ակորդ” անվանումով սովետական մի նվագարկիչ ունեի ու դրանով շատ երաժշտություն էի լսում: Էն ժամանակվա համն ու հոտը ներկայիս CD-ներում էլ չկա: Չնայած երաժշտությունը երաժշտություն է, կապ չունի, կարեւոր է ձայնագրության միտքը, իմաստը: - Բայց CD-ներ գնո՞ւմ եք: Ո՞րն է եղել Ձեր գնած վերջին ձայնասկավառակը: - Հիմա կամ գնում եմ, կամ շատ հաճախ ինտերնետից երաժշտություն եմ ներբեռնում: Մի հիանալի շեփորահար կար` Քլիֆորդ Բրաուն, իր բոլոր ալբոմների հավաքածուն եմ ներբեռնել` 12 ալբոմ: Ես դրանք դեռեւս “կասետներով” ունեի: Ախր իմ “iPad”-ում էնքան երաժշտություն կա, որ չեմ հասցնում լսել, բայց լավ է, ասում եմ` մի հատ տեսնեմ ի՞նչ կա ու նոր բաներ եմ հայտնաբերում: - Խոսեցիք ծնողներից, ձեր հայրը` Հայաստանի լավագույն ջութակահարներից մեկը` Կարո Հայրապետյանը, ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեր մասնագիտության ընտրության հարցում: - Համ նրա, համ մամայիս ազդեցությունն է եղել, որ երաժիշտ եմ դարձել: Երկուսն էլ ջութակահարներ են եղել ու տանը միշտ էլ հնչել է երաժշտություն: Բայց պատճառը երեւի թե գեներն են: - Իսկ Դուք ինչո՞ւ ջութակ չընտրեցիք: - Որովհետեւ ջութակ ընտրեցին ծնողներս, իսկ ես չսիրեցի էդ գործիքը :): Ինձ տարան ջութակի դասերի, հատուկ ջութակ պատվիրեցին, միեւնույն է` չսիրեցի: Բայց փոքրուց դաշնամուր եմ նվագել: Ոտքերս չէին հասնում, կանգնած էի նվագում :): - Ձեր մանկության այդ դաշնամուրը ինչ-որ նախապատմություն ունի՞, որտեղի՞ց է Ձեզ հասել: -Էդ մամայիս մամայի` տատիկիս դաշնամուրն էր: Իսկ նա Դանիել Ղազարյանի դասական երգչախմբի մեներգչուհին էր: Չնայած քեռիս բանասեր է, միշտ տանը նվագում էր, հենց ինքը ինձ առաջին ջազային ակորդները սովորեցրեց: - “Կատուներ” բենդը ստեղծվեց 2005 թվականի սկզբին: Մինչ այդ Արտո Թունջբոյաջանի “Navy Band”-ում եւ ձեր տրիոյով էիք հանդես գալիս: Ինչպե՞ս հավաքվեցիք “Կատուներով”: - “Կատուներ”-ը “Navy Band”-ից ծնվեցին, որովհետեւ նույն կազմով էինք այնտեղ նվագում: Արտոն շատ բզեց, ասում էր` “մի հատ խումբ մը սարքեք, մի բան մը արեք, պիտի առաջ գնա էդ երաժշտությունը” (այդ պահին կարծես Արտո Թունջբոյաջանի հետ զրուցեի, Վահագնը նույն Արտոյի ձայնով սկսեց խոսել – հեղ. :)): Երբ Արտոն այստեղ չէ, “Navy Band”-ը չկա, ու էդ տիպի երաժշտություն էլ չի հնչում: Արտոն գիտեր` ով ում հետ կարող էր “յոլա գնալ” եւ ով ում հետ պետք է նույն սենյակում մնար, որ ինչ-որ մի բան փոխվեր կամ ստեղծվեր: Եվ այդպես էլ եղավ. ես եւ մեր շեփորահար Տիգրանը շրջագայությունների ընթացքում նույն սենյակում էինք մնում ու երկուսիս կյանքում էլ ինչ-որ բան փոխվեց: - Այդ ժամանակ սվինգ ու բոպ էիք նվագում: Բայց հիմա, երբ հայկական ֆոլկ են ասում, միանգամից Արտո Թունջբոյաջյանին ու ձեզ են հիշում: - Գիտես, երաժշտությունն ավելի մեծ է, քան որեւէ ոճը: Թե ջազում, թե ֆոլկում սահմաններ չկան: Ջազն էլ է չէ ֆոլկից դուրս եկել` եվրոպական հարմոնիայով, աֆրիկյան ֆոլկլոր ռիթմերով եւ մեղեդային բլուզով: Էդ էլ իրենց “Դլե Յամանն” է: Երաժշտությունը բոլորինն է: Ես երաժշտության մեջ եմ, որի մեջ մտնում է նաեւ ֆոլկը: - Չեմ կարող չհարցնել` ինչո՞ւ “Կատուներ” անվանվեցիք: - Որ ոչ մեկ չկռահի :): - Եվ ոչ մեկ այդպես էլ չկռահե՞ց: - Դե, կատվային երաժշտություն ենք չէ՞ նվագում, բա ոնց :): - Բայց կատուները ինքնուրույն են քայլում :): - Տես, դու հարցրեցիր ու ինքդ էլ պատասխանեցիր: Որովհետեւ մենք էլ ենք ինքնուրույն քայլում ու ինքնուրույն երաժշտություն ներկայացնում, ինքնուրույն` իր ոճի մեջ: Ու մի պատճառ էլ կա. կատուն ամենահայկական կենդանին է, միակը, որ հայկական ծագում ունի, բա վանակատու ունենք չէ :): - Իսկ տանը կատու պահե՞լ եք :): - Ժամանակին պահում էի, փախավ, որովհետեւ հասկացավ, որ կատուն ինքը չի, ես եմ, երկու կատու մեկ տան մեջ չեն լինի :): - Արեւելյան հորոսկոպով կենդանակերպի նշանով կատո՞ւ եք: - Կատու չեմ, բայց էլի “կ”-ով ա` կապիկ եմ: Բայց ինձ համար այդքան էլ կարեւոր չի, ես, միեւնույն է, ինձ լավ եմ զգում ամեն տարի, նույնիսկ տարեցտարի: - Իսկ մեր քաղաքի երաժշտական կյանքի ռիթմում Ձեզ լա՞վ եք զգում: - Իսկական երաժշտությունը այն չի, որ տեսնում եք հեռուստացույցով: Իսկականը այդտեղ չի կատարվում: Շարժ եմ նկատում մեր քաղաքում, ակումբները շատանում են, հնարավորություն են տալիս թե նոր, թե հին անուններին ներկայանալ, նվագել: Նույնիսկ դասական երաժշտությունը ժամանակին ակումբային բնույթ է կրել, ոչ թե սրահային: Մի շատ լավ ուսուցիչ ունեմ Նյու-Յորքում, մի անգամ ասաց` համերգային դահլիճներում հիմա մեռած երաժշտություն են նվագում: Պետք է մտերմիկ մթնոլորտ լինի: Պետք է զգաս հոտը, հանդիսատեսի շունչը, ու դա երկկողմանի լինի: Չպետք է երաժիշտը ավելի բարձր հարթության վրա գտնվի: Էդպիսի մի պատմություն կա, երբ Բախը գնում ու սկսում է մի ակումբում նվագել: Եթե այդ մարդիկ կենդանի լինեին հիմա` Մոցարտը, Շոպենը, Լիստը… միասին “jam session” էին անելու: Լավ կլինի, որ ակումբների ու երաժիշտների որակը բարձրանա, որ երգիչնեն ակումբ չգնան պարզապես աշխատանքի, հացի փող վաստակելու համար: Մինչեւ կյանքդ մի բանին չտաս, չնվիրես, ոչ մի բան չի լինի: - Ի դեպ, խոսեցիք “jam session”-ներից, երբ տարբեր երաժիշտները հավաքվում ու նվագում են միասին, իմպրովիզներ են անում: Ժամանակին մեզ մոտ էլ ընդունված էր դա, Ժուռնալիստի տանն էին հավաքվում: - Հիմա քիչ է լինում: 80-ական թվականներին էին հաճախ լինում: Իսկ հիմա չեն լինում, որովհետեւ հիմնականում երաժիշտները չորս երաժշտություն գիտեն, ու ամեն անգամ գալիս են ու նույն բանն են նվագում: Իսկ վերջում վեճի առարկա է դառնում, ոչ թե հաճույք: Երաժշտությունը զրույց ու համագործակցություն է բեմի վրա: - Եթե համերգներ կամ փորձեր չեք ունենում, ինչպե՞ս են անցնում Ձեր երեկոները: - Էլի համերգով ու նվագով: Համերգների եմ գնում, կամ պարապում եմ, երաժշտություն եմ լսում: Օրինակ, հետաքրքիր է, երիտասարդ երաժիշտների չեմ տեսնում համերգներին: Երբ ես 11 տարեկան էի, կապ չուներ` ժամը քանիսն է, իմանում էի` որտեղ ինչ համերգ կա, գնում ու լսում էի, արդեն գիտեին ինձ, ասում էին` եկավ էդ էրեխեն, աթոռ տվեք, թող նստի, լսի: Լինելով դաշնակահար` բասիստներին էի լսում, հարվածային գործիքներ նվագողներին էի նայում: - Այդքան շրջագայություններ եք ունենում. Կա՞ մի ելույթ կամ վայր, որն առավել հիշվել է: - Բոլորն էլ անմոռանալի են, որովհետեւ դա միակ համերգն է, ու վերջ: Եղավ, եղավ: Ու եթե անհաջող ելույթ ես ունեցել, դա էլ չպիտի մոռանաս: Հիմնականում ելույթներից սովորում ես, թե ինչ պիտի չանես: Հանդիսատեսը ամեն ինչ զգում է: Հենց իմանաս` ինչ պիտի չանես, մնացած ամեն ինչ կարող ես անել :): Հարցազրույցը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: