Այսօր լրանում է անվանի գրողի 103-ամյակը Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: Ամերիկահայ անվանի գրողը ծնվել է 1908 թվականին Ֆրեզնոյում: Նրա ընտանիքը Միացյալ Նահանգներ է գաղթել Բիթլիսից: Գրական կյանքի առաջին տասնամյակում մեծանուն գրողը հեղինակել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում: Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձեւեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն եւ ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն: Սարոյանը լայն ճանաչում է ձեռք բերել “Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա եւ այլ պատմվածքներ” գրքով: Ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն հետեւյալն է գրել աշխարհահռչակ հայի մասին. “Ի՞նչն է հատկանշական Սարոյանի համար որպես գրողի: Սարոյանը բուռն է, պոռթկուն եւ խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձեւանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը”: Վիլյամ Սարոյանը առաջին անգամ տպագրվել է 1933 թվականին` Բոստոնում լույս տեսնող “Հայրենիք’’ շաբաթաթերթում` ներկայանալով Սիրակ Գորյան կեղծանվամբ: Ամերիկաբնակ գրողը 1950-1960-ական թվականներին ապրել է Եվրոպայում, այնուհետեւ կրկին վերադարձել Միացյալ Նահանգներ: Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին: Նրա աճյունի մի մասը թաղված է Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: