×


Անի Ավդալյան. «Պաշտոնապես հանդիսանում եմ Հայաստանի վարսահարդարների հավաքականի գլխավոր մարզիչը»

Ոճաբան ու վարսահարդար Անի Ավդալյանի թիմը սեպտեմբերին Փարիզում մասնակցել է Վարսահարդարների եւ դիմահարդարների աշխարհի առաջնությանը (Hairworld OMC World Cup) եւ հաջողություններ գրանցել: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է այդ կարեւոր մրցաշարում ելույթ ունենալու, ձեռք բերած հմտությունների ու մյուս տարվա կարեւոր անելիքների մասին:

- Անի, կպատմե՞ք, թե ինչ է իրենից ներկայացնում Վարսահարդարների եւ դիմահարդարների աշխարհի առաջնությունը: Երբվանի՞ց է անցկացվում:

- OMC-ն համարվում է գեղեցկության ոլորտի ներկայացուցիչների համար աշխարհի խոշորագույն հարթակը եւ գործում է 1946 թվականից: Այն միավորում է 1 միլիոնից ավելի մասնագետների 5 մայրցամաքից` հնարավորություն տալով նրանց ելույթ ունենալ Աշխարհի առաջնությունում եւ որոշել լավագույններին: Մրցաշարը միակն է, որտեղ իրենց ուժերն են փորձում գեղեցկության ոլորտի ներկայացուցիչները՝ վարսահարդարները, դիմահարդարները, բարբերները, մատնահարդարները։


- Տեւական դադարից հետո Հայաստանը կրկին ներկայացավ մրցույթին, այն էլ՝ թիմով: Ինչո՞վ էր պայմանավորված նախորդ տարիների պասիվությունը:

- Երկար տարիներ Հայաստանը մասնակցություն է ունեցել Աշխարհի առաջնությանը: Այն ժամանակ ելույթ ունենալն ավելի դժվար էր, քան՝ հիմա. պարտադիր էր մասնակցել Հայաստանի առաջնությանը, որին հաջորդում էր Եվրոպայի առաջնությունը, ինչից հետո նոր հնարավորություն կունենայինք մասնակցել Աշխարհի առաջնությանը: Ես սկսել եմ հանդես գալ 17 տարեկանից ու առաջին ելույթի ժամանակ զբաղեցրել եմ 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները։ Այդպես սկսվեց իմ մրցութային կյանքը, որը շատ հետաքրքիր ու տարբերվող էր անցնում, աշխատանքներն էլ յուրահատուկ էին լինում։ Հայաստանում էլ եմ առաջատար հորիզոնականներ գրավել, իսկ 2007 թվականին դարձա Եվրոպայի չեմպիոն։ Բայց այնպես ստացվեց, որ ծանրաբեռնվածության պատճառով որոշեցի մի քանի տարով դադար վերցնել. շոու բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ էի աշխատում եւ չէի հասցնում։ Շաբաթական մեկ տեսահոլովակ կամ համերգ էինք ունենում, դրա հետ մեկտեղ էլ տարբեր նկարահանումներ եւ հաղորդումներ էին լինում։ 2008-ին «Եվրատեսիլ»-ի թիմում էի, դրան էլ նախորդել էին հյուրախաղեր։

- Այս տարի Հայաստանը ներկայացրեց 11 մասնագետ, որոնք աշխատում են Հայաստանում եւ արտերկրում: Ինչպե՞ս է եղել նրանց ընտրությունն ու ի՞նչ մասնագիտացում ունեն:

- Այս տարի մեծ թիմով մասնակցեցինք։ Ներգրավված էին իմ սրահի մասնագետներն ու այն աշխատակիցներս, որոնք Ֆրանսիայից են, Բելգիայից, Գերմանիայից: Կոսմետոլոգիայում էլ մասնակից ունեցանք՝ Քրիստինա Պետրոսյանը հաջողություն գրանցեց, թեեւ ընդամենը 15 օրում էր պատրաստվել. զբաղեցրեց 5-րդ տեղը։


- Մրցել եք 4 անվանակարգերում, ինչպիսի՞ պայքար է ծավալվել ու ինչպե՞ս եք գնահատում հայ մասնագետների ելույթները:

- Մրցել ենք «Կրեատիվ գույն եւ հարդարում», «Կոմերցիոն կտրվածք եւ հարդարում», «Հյուսքերի տեխնիկա եւ ոճ», «Հոնքերի ներկում եւ ձեւավորում» անվանակարգերում։ Մեր վարսահարդարներն էլ բավական հաջող մասնակցեցին եւ ընդգրկվեցին լավագույն տասնյակում։ Շատ կարեւոր է նշել, որ մրցույթին մասնակցել է ավելի քան 1000 մասնագետ, ու մեր թիմն առաջին անգամ էր ուժերը չափում նման խոշոր մրցաշարում։

Յուրաքանչյուր կերպար ստեղծելուց առաջ պարտադիր էսքիզ ենք արել, որին կտրվածքի դեպքում հաջորդում է գունային եւ հարդարման պրոցեսը, նույնը ներկերի դեպքում է՝ գունավոր մատիտներով շերտերով ամեն ինչ ներկվում է: Ունեցել ենք նաեւ տրաֆարետային ներկում, որը հիմնականում վրձնով է արվում. ինչպես թղթի վրա կնկարես, նույն կերպ մազի վրա ենք նկարել: Ներկերի անվանակարգում ամեն մանեքենի վրա 11-16 ժամ ենք ծախսել, կտրվածքների դեպքում՝ 4-5 ժամ, իսկ հյուսքերը տեղում ենք արել, ինչը տեխնիկապես ավելի բարդ է: Ամեն ինչ նախապես մտածված է եղել, բոլոր ուղղությունների եւ գծերի վրա էսքիզային տարբերակով ենք աշխատել:

- Ի՞նչ տվեց Ձեր թիմին Աշխարհի առաջնությունն ու ի՞նչ նոր գիտելիքներ կամ հմտություններ օգնեց ձեռք բերել:

- Առհասարակ յուրաքանչյուր մրցույթ բարձրացնում է մասնագետների ինքնավստահությունը եւ գիտելիքների նոր պաշար տալիս։ Այդ ամենի արդյունքում ծնվում է նորը ստեղծելու մեծ ցանկություն եւ առաջանում մտքի անսահման թռիչք։ Աշխարհի առաջնությունը հիմք կհանդիսանա նոր կերպարներ ձեւավորելու համար։

Մարինա Առաքելյանը եւ Անի Ավդալյանը


- Ինչպիսի՞ միտումներ կան աշխարհում այս ոլորտում եւ Հայաստանն այդ առումով որքանո՞վ է մրցունակ:

- Մրցութային աշխատանքները տարբերվում են առօրյաներից ու հենց դա էլ պատճառ է հանդիսանում, որ մասնագետը կարողանա ցուցադրել իր մտքի թռիչքը, կերպար ստեղծել ու մրցել։

- Հաջորդ տարվա պլաններն ինչպիսի՞ն են, արդյո՞ք նորից մասնակցելու եք:

- Արդեն իսկ պատրաստվում ենք մյուս տարվա առաջնությանը, եւ այն մասնագետները, որոնք կցանկանան ելույթ ունենալ, նույնպես կարող են հայտ ներկայացնել Հայաստանի վարսահարդարների եւ դիմահարդարների միություն։ Կարող եմ հպարտորեն նշել, որ ասոցիացիայի նախագահ Մարինա Առաքելյանը հայտարարել է՝ պաշտոնապես հանդիսանում եմ Հայաստանի վարսահարդարների հավաքականի գլխավոր մարզիչը։ 2024-ին Աշխարհի առաջնությանը ժյուրի կլինեմ:

Անի Ավդալյանի գործունեությանը կարող եք հետեւել Ինստագրամում եւ Ֆեյսբուքում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին