Ոճաբան, վարսահարդար Անի Ավդալյանի համար տարին բավական հագեցած ու մեծ միջոցառումներով առատ է եղել։ Մեկնարկը տրվել է նորաձեւության շաբաթով, ապա նրա թիմը Փարիզում մասնակցել է Վարսահարդարների եւ դիմահարդարների Աշխարհի առաջնությանը, Դուբայում կայացած «Միջազգային որակի նշան» (International Quality Mark) մրցանակաբաշխությունում նա արժանացել է ոլորտի առաջատար մրցանակի, իսկ օրեր առաջ իր առաջին վարպետության դասն անցկացրել։
BRAVO.am-ին Ավդալյանը պատմել է այդ պատասխանատու միջոցառման կազմակերպման, դրական արձագանքների ու սեփական փորձն ուրիշներին փոխանցելու մասին։
«Ալեքսանդր» հյուրանոցում կայացած հարսանեկան սանրվածքներին նվիրված վարպետության դասին մասնակցել է 60 մասնագետ Երեւանից, Գորիսից, Գավառից, Հրազդանից, Աբովյանից, Արտաշատից, Արարատից եւ Արցախից։
Ավդալյանը շեշտել է, որ բավական երկար ժամանակ ու պրոֆեսիոնալ մակարդակով են պատրաստվել միջոցառմանը, աշխատել ամեն մանրուքի վրա, որպեսզի ամեն ինչ տեխնիկական, մասնագիտական եւ էսթետիկ առումով գեղեցիկ ստացվի։
«Նույնիսկ սանրվածքների տեխնիկայի մասին նյութերը, որ պետք է փոխանցեի տպագիր տարբերակով, հատուկ գծագրված ու պատվիրված էր։ Ինձ համար շատ կարեւոր էր, որ մաստեր-կլասն անցնի հիանալի վայրում, որտեղ կլինեն ամենալավ լուսավորությունն ու տեխնիկան։ Ցանկացել ենք, որ մասնակիցներն իրենց ամեն առումով շատ լավ զգան»,- անկեղծացել է նա։
Մինչ այս Ավդալյանն անհատական ու խմբային ուսուցումներ է արել, բայց նման զանգվածային միջոցառում առաջին անգամ է կազմակերպել։ Երկար է պատրաստվել իր մասնագիտական խոսքն ու տարիների ընթացքում սեփական փորձի արդյունքում մշակված տեխնիկաները մյուսներին փոխանցել.
«Մշակված ինֆորմացիա եմ մատուցել ու բարդագույն տեխնիկաներ ցույց տվել, թե որ դեպքում ինչ պետք է արվի՝ արդյունքի հասնելու համար: Առհասարակ, պատմել եմ մասնագիտական կարեւոր գաղտնիքների մասին։ Առանց վերապահման կամ որեւէ բան թաքցնելու կիսվել եմ իմ իմացած ամեն հմտությամբ։ Ցույց եմ տվել բոլոր այն ձեւերը, որոնց արդյունքում կատարյալ սանրվածք է ստացվում։ Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ նման արձագանքներ ստացա ու այդքան շնորհակալական խոսքեր լսեցի։ Անգամ 15 տարվա աշխատանքային փորձով մասնագետներ էին ներկա, զգացված եմ նման գնահատականի համար։ Սա ինքս ինձ նվեր էր, իմ պատկերացրածից ու սպասածից առավել լավ անցավ, վկայությունն այն ամենն էր, ինչ զգացի»։
Ավդալյանին տպավորել է, թե որքան պատասխանատու են եղել մասնակիցները՝ ուշացումներ կամ բացակայություններ չեն ունեցել, ամբողջ ընթացքում ուշադիր եւ մեծ հետաքրքրությամբ հետեւել են դասընթացին։ Առավոտյան ժամը 11-ին մեկնարկած միջոցառումը պետք է ավարտվեր ժամը 18:00-ին, սակայն Ավդալյանն ինքն էլ չի նկատել, թե որքան է տարվել ընթացքով ու ավելի երկար շարունակել վարպետության դասը։ Անկեղծանում է՝ հաճելի է գիտակցել, թե որքան իրական էր մասնակիցների ներգրավվածությունն ու հետաքրքրությունը։ Ցուցադրելու համար ընտրել է 5 բարդագույն տեխնիկայով սանրվածք։ Տեխնիկաները հեղինակային են եւ օգնում են ամենակարճ ժամանակում շատ բարդ, բայց միեւնույն ժամանակ, գեղեցիկ սանրվածքներ ստանալ։
Վարպետության դասին մասնակցել են պրոֆեսիոնալ ու իրենց գործում կայացած մասնագետներ, որոնք ստացած գիտելիքները կկարողանան կիրառել սեփական աշխատանքում:
«Իսկական մասնագետների հետ գործ ունեի, որոնք մեծ գոհունակությամբ եւ սիրով հետեւեցին, թե ինչ եմ ցուցադրում, ինքս էլ էի զարմացած նման ակտիվությունից։ Երբ հրավիրված եմ եղել նմանատիպ միջոցառումների, նկատել եմ, որ մասնակիցները ձանձրանում էին ու կեսից դուրս գալիս, բայց փաստորեն ես չհոգնեցրի նրանց։ Պատմում են, որ ստացած գիտելիքներն արդեն սկսել են օգտագործել»,- անկեղծացել է Ավդալյանը:
Անի Ավդալյանի գործունեությանը կարող եք հետեւել Ինստագրամում եւ Ֆեյսբուքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: