×


«Գութան 2017» փառատոնին

«Գութանը» Կասկադում պարեցրել է հարյուրավոր ներկաների

Ազգային երաժշտություն, պարեր, տասնյակից ավելի ազգագրական խմբեր ու հարյուրավոր պարող հանդիսականներ։ Գաֆեսճյան քանդակների պարտեզում երեկ ամենամյա «Գութան» փառատոնն էր։ Ազգագրական երգի-պարի տոնի մասնակիցն էին ոչ միայն երեւանցիներն ու մարզերի բնակիչները, այլեւ մայրաքաղաք ժամանած զբոսաշրջիկները։

Արմեն Ամիրյանը եւ Արսեն Գրիգորյանը


«Գութան»-ի հիմնադիրը «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի նախագահ Արսեն Գրիգորյանն է։ Փառատոնին այս անգամ մասնակցում էր 19 խումբ, յուրաքանչյուրը ներկայացնում էր Հայաստանի մեկ տարածաշրջանը։ Առաջինը ելույթ ունեցան  «Ակունք»-ի անդամները, այնուհետեւ բեմում էին «Կարին», «Սասնա ծռեր», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մարաթուկ», «Տավրոս», «Մշո հավքեր» (Գավառ) խմբերը։

Մրրոն լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մասնակից խմբերի թիվը տարեցտարի ավելանում է։ Այս տարի միացել են վեց նոր խմբեր՝ «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ».«Բոլորը պատրաստել են նոր ծրագիր՝ ներկայացնելով Հայաստանի որեւէ տարածք՝ իր երգով ու պարով։ Մենք հզոր մշակույթ ունենք, պարտավոր ենք այն պահպանել, որովհետեւ դարեր շարունակ պետականություն չունենալով, մշակույթի շնորհիվ մեր տեսակը պահպանվել է։ Ինձ համար այսօր ամենակարեւորն այն է, որ մեծ մասամբ մասնակցում են երիտասարդները, ինչն էլ գլխավոր նպատակն է: Ես շատ ուրախ եւ հուզված եմ»։

Արա Գեւորգյանը եւ Գագիկ Գինոսյանը


Արսեն Գրիգորյանը կարեւորեց այն հանգամանքը, որ բեմում ներկայացվում է ազգային ավանդական երգն ու պարը.«Փառատոնի սկզբունքն է՝ ներկայացնել միայն ազգագրական երգեր ու պարեր, ինչպես կենդանի կատարումներով, այնպես էլ կենդանի նվագակցությամբ, այն էլ միայն օգտագործելով մեր ազգային նվագարանները»:

Հայկական ոգով այս փառատոնը մեկնարկել է 2014 թվականին։ Նկատելի էր, որ «Գութան»-ը սպասված մշակութային իրադարձություն է մասնակիցների համար։ Հայկական ավանդական երգերն ու պարերը նրանք ներկայացրին բնօրինակ տարբերակով ու կենդանի հնչողությամբ:

Ազգային երգի, պարի բացօթյա երեկոն վարում էր Արսեն Գրիգորյանը՝ ներկայացնելով հաջորդաբար բեմ բարձրացող խմբերին։ Բեմում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պարգեւատրեց Արկադի Դուրինյանին՝ ավանդական մշակույթի պահպանման եւ հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Պոլիտեխնիկի «ՀԱՊՀ թանգարան-մշակույթի կենտրոն»-ի ղեկավարը հույս հայտնեց, որ խմբերի թիվը կավելանա եւ խմբերն ավելի շատ կսիրեն միմյանց։ Արմեն Ամիրյանն էլ կարեւորեց մայրաքաղաք ժամանած հյուրերի ներկայությունը.«Այսօր փառահեղ մի տոն է՝ ազգային երգ-երաժշտության փառատոն։ Թերեւս ազգային երաժշտությունն է, որ մեր ինքնությունը կարող է սերմանել երիտասարդների սրտերում։ Կարծում եմ՝ մայրաքաղաքի հյուրերն իրենց հետ տանելու են մեր ազգային ինքնության մի մասնիկը։ Ուզում եմ ընդգծել Արսեն Գրիգորյանի փառահեղ աշխատանքը, որը, ամբողջ ջանքն ու եռանդը, իր եւ ընկերների միջոցները ներդնելով, համախմբել է բոլորին, նա կարողացել է կազմակերպել այս ազգային գեղեցիկ տոնը»։

«Գութան 2017» փառատոնին


Մեծ էկրանին ցուցադրվեց հայ ազգային երգարվեստի երախտավորների մասին ֆիլմեր՝ արժեւորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը: Փառատոնն այս տարի տեղի կունենա նաեւ Արցախում: 

Ի դեպ, եթե երեկ փառատոնին ներկա չեք եղել, այսօր երեկոյան կարող եք բացը լրացնել։ Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը Կասկադում ավանդույթ են դարձել «Մեր պարերը եւ մենք» խորագրով միջոցառումները, որը նախաձեռնել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Ազգային պարերը սովորելու հնարավորությունը բաց մի թողեք:)։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին