×


Ի՞նչ նոր սերիալներ կլինեն եթերում. պարզաբանում է հայկական ամենահայտնի նախագծերի պրոդյուսեր Գեղամ Մարգարյանը

Հեռուստատեսության, կինոյի ոլորտներում եւ շոուբիզնեսյան տարատեսակ նախագծերի հաջողությունն ու բարձր վարկանիշն առավելապես պայմանավորված են պրոդյուսերի վարած քաղաքականությամբ: Հայաստանում նույնպես ստեղծվում են հաջողություն վայելող հեռուստանախագծեր, որոնցից շատերի դեպքում որպես պրոդյուսեր հանդես է գալիս Գեղամ Մարգարյանը: Մասնագիտությամբ լինելով մաթեմատիկոս եւ ֆիզիկոս՝ նա պրոդյուսերի իր կարիերան սկսել է 2006 թվականից:

Տարբեր տարիների ընթացքում հենց նրա աշխատանքի արդյունքն են եղել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման նոր տաղավարի պատրաստումն ու եթեր հեռարձակումը, «Դժբախտ երջանկություն», «Հարեւաններ», «Կյանքի գինը», «Դժվար ապրուստ», «Եզրագծից այն կողմ», «Եղբայրներ», «Ո՞ւր է իմ տղամարդը» եւ հայտնի ու սիրված այլ սերիալներ:

Թաթա Սիմոնյանը եւ Գեղամ Մարգարյանը


Գեղամ Մարգարյանը բազմաթիվ աշխատանքներ է հեղինակել նաեւ «Արմենիա» հեռուստաընկերությունից դուրս՝ «Ընտրյալներ», «Մեղրամիս», «Վտանգավոր խաղեր» եւ ներկայումս Միացյալ Նահանգներում նկարահանվող «Ինտրիգ», «Ուշացած սեր» հեռուստասերիալները:

BRAVO.am-ը նրա հետ զրուցել է հաջողության հասնելու գաղտնիքների եւ ընթացիկ նախագծերի մասին:

- Պարոն Մարգարյան, հետաքրքիր է՝ ի սկզբանե ինչպես որոշեցիք հանդես գալ որպես պրոդյուսեր: Գաղտնիք չէ, որ այդ մասնագիտությունն այնքան էլ պահանջված չէ Հայաստանում, ինչպե՞ս կարողացաք հաջողության հասնել այդ ոլորտում:
- Ինձ միշտ էլ հետաքրքրել է շոու-բիզնեսի ներքին աշխարհը. այն, ինչ կատարվում է հեռուստաէկրանի մյուս կողմում: Եվ զգում էի, որ կարող եմ նորամուծություններ անել այդ ոլորտում, դրա համար էլ որոշեցի դառնալ պրոդյուսեր: 2006 թվականին տեսա «Արմենիա» հեռուստաընկերության հայտարարությունը, մասնակցեցի հարցազրույցներին, կարողացա իմ ունակություններով շահագրգռել մարդկանց, որ ինձ ընդունեն աշխատանքի:

Առաջին ամիսների ընթացքում սկսվեց աշխատանքային ակտիվությունը, եւ ես կարողացա ինձ բացահայտել այդ ոլորտում: Արդյունքում հասկացա, որ այդ մասնագիտությունն իմն է: Իսկ դրանից հետո ինձ օգնեց իմ ինժեներական մտածելակերպը՝ յուրաքանչյուր հարցի մոտենալ ավելի մաթեմատիկական եւ ֆիզիկական լուծումներով: Դրանք, ինչպես հայտնի է, ճշգրիտ գիտություններ են, հետեւաբար, երբ ամեն ինչին նայում ես ոչ թե երազանքներով, այլ ստույգ ես գնահատում իրավիճակը, դա արդեն իսկ հաջողության գրավականն է:

Սյոմա Կոդաբաշյանը, Գեղամ Մարգարյանը եւ Արամեն


- Որպես պրոդյուսեր` աշխատում եք թե՛ լրատվական թողարկումների, թե՛ հեռուստասերիալների, եւ թե՛ համերգների ու շոու-ծրագրերի շրջանակներում: Ձեզ համար ո՞ր նախագծերն են ավելի հոգեհարազատ:
- Երբ ամբողջությամբ ներգրավվում ես աշխատանքային գործընթացի մեջ, նախագիծն արդեն իսկ հաճելի է դառնում, կապ չունի` խոսքը որ ոլորտին է վերաբերում: Մարդկանց հետ աշխատելը, տարբեր ծրագրեր կազմակերպելն ու մեկ ուղղությամբ տանելը բերում են նրան, որ աշխատանքում հասնում ես առավելագույն արդյունքի, ինչը միանշանակ հաճելի է: Պրոդյուսերի աշխատանքը շատ կարեւոր է, այդ պատճառով էլ պետք է պատասխանատվության մեծ զգացում ունենալ: Իսկ երբ աշխատանքիդ արդյունքը քեզ գոհացնում է, ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում:

- Ըստ Ձեզ` Հայաստանում հաջողության հասնելու համար ի՞նչ հնարավորությունների եւ կարողությունների պետք է տիրապետի պրոդյուսերը:
- Կապ չունի՝ Հայաստանում ես, թե աշխարհի այլ ծայրում, առաջին հերթին պետք է ունենաս լավ սցենար, եւ երկրորդ հերթին պետք է կարողանաս դերասանների ճիշտ ընտրություն կատարել: Իսկ մնացածը տեխնիկական հարցեր են, այսինքն՝ տեղանքին ու ժամանակին հարմարեցնելը, նկարահանումների ոճը եւ այլն: Շատ կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ պետք է լավ աշխատակազմ ունենաս, թիմ, որը նույն ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ կաշխատի քեզ հետ:


- Այս պահին ի՞նչ հիմնական նախագծերում եք աշխատում: Կպատմե՞ք դրանց մասին:
- Ներկայումս ես աշխատում եմ երկու կարեւոր նախագծի վրա`չհաշված հեռուստատեսության մյուս ծրագրերը, որոնք նույնպես իրականացնում եմ: Մեկն «Ինտրիգ» հեռուստասերիալն է, որի առաջին եթերաշրջանն արդեն ցուցադրվել է: Ընդհանուր առմամբ` այն բաղկացած է 26 մասից, որի առաջին 13 սերիաներն արդեն հեռարձակվել են եւ բարձր դիտողականություն են ունեցել: Սերիալն ամբողջությամբ նկարահանված է ամերիկյան ստանդարտներին համապատասխան, այժմ էլ աշխատում ենք հաջորդ 13 սերիայի վրա: Իսկ դերասանական կազմն իսկապես շատ լավ է ընտրված:

Մյուս նախագիծն «Ուշացած սեր» հեռուստասերիալն է, որը հեռարձակվում է ԱՄՆ-ում, ինչպես նաեւ Հայաստանում՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում: Այն նույնպես բավական բարձր վարկանիշ ունի: Հիմնական շարժառիթն այն է, որ մարդիկ հիմա ուզում են մեծ սեր տեսնել ֆիլմերում, սերիալներում, եւ մենք մարդկանց տալիս ենք այդ մեծ սիրո զգացողությունը:

- Ինչպես ինքներդ էլ նշեցիք, աշխատում եք թե՛ Հայաստանում, եւ թե՛ ԱՄՆ-ում: Ինչպե՞ս է հաջողվում համատեղել երկու երկրներում կատարվող աշխատանքները:
- Այո, ճիշտ նկատեցիք, ես երկու երկրում էլ աշխատում եմ, բայց ամենակարեւոր հանգամանքն այս դեպքում լավ թիմակիցներ ունենալն է: «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատելու ընթացքում իմ ձեռքբերումը եղել է այն, որ Հայաստանում ես ունեմ շատ լավ թիմակիցներ, եւ այստեղ՝ ԱՄՆ-ում, նույնպես ձեռք եմ բերել այդպիսի գործընկերներ, որոնց օգնությամբ կարողանում եմ համատեղել ու վերահսկել երկու կողմի աշխատանքներն էլ: Հայաստանում հիմնականում աշխատել եմ մինչեւ 2014 թվականը, դրանից հետո արդեն երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում եմ:

- Իսկ մոտ ապագայում նոր այլ ծրագրեր ունե՞ք, որ պիտի ներկայացնեք հեռուստադիտողին:
- Ճիշտն ասած՝ այս պահին Հայաստանում` դեռ ոչ, բայց ԱՄՆ-ում աշխատում եմ շատ մեծ նախագծի վրա: 10-մասանոց հեռուստասերիալ է, որը, կարծում եմ, մոտ վեց ամսից կհանձնենք մարդկանց դատին: Համոզված եմ` այն հեղափոխություն է լինելու հայկական հեռուստաեթերում:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գեղամ Մարգարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին