×


«ԷԽՈ»-ի բարեգործական համերգին

Հայտնիները համախմբվել են «ԷԽՈ»-ի կարեւոր նպատակի շուրջ

«Իմ ապագան քո արձագանքն է»՝ այս խորագիրն էր կրում «ԷԽՈ»-ի տարվա ամփոփիչ գալա համերգը։ Բարեգործական կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոն:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ կայացած համեգը բազմաժանր էր՝ փոփից մինչեւ ժաղովրդական։ Երկուական երգերով ելույթ են ունեցել Արամ MP3-ը, Արսեն Գրիգորյանը՝ Մրրոն, Էրիկը, Մաշա Մնջոյանը, Գոհար Հովհաննիսյանը, Նառան, Նարե Գեւորգյանը, Շուշան Տոնոյանը, պատանի երգիչ Էրիկ Զաքյանը, «Մագա դանս շոու»-ի աղջիկները եւ ուրիշներ։ Բարեգործական միջոցառման տոմսերի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է վերոնշյալ կենտրոնի ստեղծմանը:

Արամ MP3-ն, Ժակը եւ Լուսինե Բադալյանը


Համերգավարներ Ժակն ու Լուսինե Բադալյանը կոչ են արել համախմբվել ու միասին կառուցել հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնը. «Բոլոր ներկաները, տոմս գնելով, որոշակի մասնակցություն ունեն այս կարեւոր ծրագրին։ Յուրաքանչյուրս կարող է հանգանակություն կատարել, ես եւ Լուսինեն սիրով միացել ենք ու վստահ ենք, որ կենտրոնի կառուցումը կերջանկացնի ու կօգնի այն մարդկանց, ովքեր վաղուց սպասում են այս նախաձեռնությանը», - հայտնել է Ժակը։

Այս համերգը «ԷԽՈ»-ի կազմակերպած առաջին միջոցառումը չէ։ Հայաստանում եւ հայաշատ քաղաքներում նրանք իրականացնում են «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով միջոցառումների շարք` բարեգործական համերգներ, երեկոներ, ֆլեշմոբեր եւ այլ միջոցառումներ:

Նառան


«ԷԽՈ»-ի նախագահ Սերյոժա Օհանջանյանը տեղեկացրել է, որ այժմ աջակցում են մանկական ուղեղային կաթված ունեցող շուրջ 200 երեխայի՝ տրամադրելով սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ եւ անհրաժեշտ այլ օժանդակ սարքավորումներ.«Աշխատանքի ընթացքում հասկացանք, որ պետպատվերի շրջանակում իրականացվող վերականգնողական ծառայությունները բավարար չեն: Որոշեցինք ստեղծել այնպիսի վերականգնողական կենտրոն, որը ոլորտում եղած բացը կլրացնի եւ կառաջարկի բուժման այլընտրանքային լուծում։ Կենտրոնը մեր շահառու երեխաների համար անվճար կլինի, սակայն կգործի այնպիսի մեխանիզմ, որ կարողանանք ծախսերը փակել: Այս փուլում բանակցությունների մեջ ենք կառավարության հետ, որ տարածք տրամադրի: Հուսով ենք՝ հարցը կկարգավորվի հաջորդ տարվա առաջին կեսին»:

Էրիկը վաղուց է ճանաչում «ԷԽՈ»-ի հիմնադիրներին.«Նրանց հետ ընկերներ ենք դարձել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս կազմակերպությանը, որ բարի ու լավ գործեր է անում, մենք էլ ինչպես կարող ենք, կօգնենք, թեկուզ մեր երգով նրանց կողքին ենք»։

Արամ MP3-ն


Արամ MP3-ը եւս կարեւորում է «ԷԽՈ»-ի գործունեությունը.«Բարի գործ անող մարդկանց շնորհիվ աշխարհը մնում է ճիշտ, կա իմաստ ապրելու ու շարունակելու մեր կյանքը»։ Մրրոն էլ հավելել է.«Երանի բոլորս հասկանանք, որ ոչ մեկս ապահովագրված չենք խնդիրներից։ Յուրաքանչյուր երեխա պիտի մեզ համար կարեւոր դառնա, ու ոչ միայն մեր կենսաբանական երեխաներն են մերը, այլեւ մյուսները: Մենք պարտավոր ենք հոգ տանել նրանց մասին»։

Հանդիսատեսը նախորդ համերգներից ծանոթ է «ԷԽՈ»-ի պատվիրակներին՝ ժողովրդական երգեր կատարող Եվա Եգանյանին, Գրիգոր Միրզոյանին եւ Մասիս Հունանյանին, որոնք ելույթ են ունեցել եվրոպական հայաշատ քաղաքներում եւ որոշակի գումար հավաքել։ Այս համերգին եւս նրանք միասին են ելույթ ունեցել։

«ԷԽՈ»-ի բարեգործական համերգին


Հանդիսականները բացի երգ ու պարից, դիտել են տեսանյութ, որում Սերյոժա Օհանջանյանը նշում է՝ երեխաները պետք է ներառված լինեն ընտանիքում ու հասարակության մեջ։ Նա պատմում է իր ուսման դժվարությունների մասին. «Մանկությանս ամենամեծ դժվարությունս այն էր, երբ 7 տարեկանում պիտի դպրոց հաճախեի: Համայնքային չորս դպրոց հրաժարվեցին ինձ ընդունել, որովհետեւ հաշմանդամություն ունեի: Լավ հիշում եմ՝ վերջին դպրոցի տնօրենը նույնիսկ չցանկացավ ծնողիս հետ խոսել։ Մինչեւ 11 տարեկանս ուսումս ստանում էի տանը, կարողացա հասնել իմ հասակակիցներին, այնուհետեւ տեղափոխվեցի դպրոց»։

Լուսինեն ու Ժակը բոլոր կատարողներին «ԷԽՈ»-ի կողմից հանձնել են շնորհակալագրեր՝ վերականգնողական կենտրոնի աջակցման ու հանրային իրազեկման բարձրացման համար եւ ավարտին բեմ հրավիրել կազմակերպության անդամներին։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին