×


Նունե Եսայանը՝ երեխաների հետ

Նունե Եսայան. «Ամանորին առաջինը կայցելենք ծնողներիս»

«Հայաստանի ձայնը 4» նախագիծը հաղթական ավարտ ունեցավ Նունե Եսայանի եւ իր թիմից Հայկ Ղուլյանի համար։ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին ամփոփել է մրցույթը, պատմել եթերից դուրս կատարվածի եւ տոնական օրերի հետ կապված պլանների մասին:

Նունեն մրցույթի մեկնարկից շեշտում էր, որ հաղթանակ է ակնկալում.«Ամեն մարզիչ էլ կցանկանա, որ իր մասնակիցը հաղթի։ Հոլանդիայից ժամանած պրոդյուսերը փուլերի ընթացքում խորհուրդ էր տալիս, որ շոուի օրենքներով շարժվենք ու ինտրիգներ անենք, ես էլ վստահ ասում էի, որ իմ թիմը կհաղթի։ Մենք վիճում էինք, միմյանց պատասխանում, եւ այդ բանավեճերն ավելի շատ շոուի համար էին»։

Նունե Եսայանը


Երգչուհին խոստովանում է՝ մինչեւ վերջին պահը վստահ չէր, որ Հայկի անունը կհնչի.«Առաջին փուլում Հայկը ձայներով առաջին հորիզոնականում էր, բայց երկրորդից հետո մի փոքր մտավախություն ունեի։ Ամենավերջում բեմ բարձրանալիս այդքան վստահ չէի, որ մենք ենք հաղթելու։ Բնական է՝ շատերն էլ ցանկանում էին Տիգրանի հաղթանակը տեսնել, բայց կարեւորը հետագա քայլերն են։ Յուրաքանչյուր հաղթանակ իր հետ բերում է պատասխանատվություն ու այն պահելու ունակություն։ Հայկը հիմա պետք է ապացուցի, որ արժանի էր հաղթանակին, նաեւ իրեն համակրող ու իր օգտին քվեարկած հանդիսատեսին չպիտի հիասթափեցնի»։

Մրցույթի ընթացքում երգչուհին բազմիցս նշում էր, որ իր թիմի հետ կշարունակի աշխատել։ Տեղեկացնենք, որ իր տասը մասնակցի հետ նախատեսում է փետրվարին համերգ ունենալ.«Մեր կապը շարունակվում է, ես նրանց կողքին եմ։ Նրանք փուլերի ընթացքում իրենց վոկալային հնարավորությունները լիովին ցույց չեն տվել, ուստի կընտրենք նոր երգեր, որոնք դեռ չեն կատարել։ Օրինակ՝ Հայկին տեսնում եմ տարբեր ժանրերում, ժողովրդականը, պարզ է, կշարունակի, նաեւ փոփ ժանրում հետաքրքիր է երգում։ Պիտի աշխատենք ու ցույց տանք, որ բազմաժանր կատարող է»։

Նունե Եսայանը՝ դստեր հետ


Նրա եւ Ավո Խալաթյանի ընտանիքն Ամանորը կնշի Երեւանում։ Ինչպես  BRAVO.am-ին պատմել է Նունեն, տոնածառը զարդարել են, նախատոնական գնումներ են անում. «Դեկտեմբերի 31-ի գիշերը ոչ մեկի տուն չենք այցելում, այլ երեխաների հետ գնում ենք Հանրապետություն հրապարակ։ Հունվարի մեկի առավոտյան առաջինն այցելում ենք իմ ծնողների տուն։ Այս տարեմուտի գիշերը երգելու եմ Երեւանի ժամանցի վայրերից մեկում, կես ժամով տնից կբացակայեմ ու կվերադառնամ։ Նոր տարին ինձ համար ընտանեկան տոն է, տանն ենք անցկացնում, երեխաների համար նվերներ պատրաստում։ Նախորդ տարի տղաս Ձմեռ պապին նամակ էր գրել, այս անգամ երկուսն էլ բանավոր ասել են իրենց ցանկությունների մասին։ Ամանորին կտեսնեն Ձմեռ պապին ու կստանան նվերները»։

Բացելով փակագծերը՝ երգչուհին պատմել է նաեւ իրենց տոնական սեղանի մասին. «Մեր ընտանիքում հատուկ ճաշկերույթ ու պարահանդես չի լինում:)։ Ավանդական տոլման, բլինչիկն ու մյուս ուտեստները տանը կան, բայց սեղանին դրված չեն լինում։ Եթե հյուրերն ուզում են, միասին ճաշում ենք, եթե` ոչ, սեղանին դնում ենք միայն քաղցրեղեն։ Իհարկե, նաեւ պատրաստում եմ յուրահատուկ որեւէ ուտեստ, որն ուրիշների տանը չի լինում»։

Հավելենք, որ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդին, Նունեն մենահամերգով ելույթ կունենա Լիբանանում՝ Բեյրութում։

BRAVO.am
Լուսանկարները` Վահե Մինասյանի, Նունե Եսայանի եւ մրցույթի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին