×


Ովքեր կամուսնանան 2019-ին

Մոտենում է ամառը, ինչը նշանակում է, որ հարսանիքների շքերթ է սպասվում: BRAVO.am-ն առանձնացրել եւ ներկայացնում է այն հայտնի զույգերին, որոնք արդեն հասցրել են նշանադրվել եւ գուցե, հենց այս տարի՝ 2019-ին էլ կազմակերպեն իրենց հեքիաթային հարսանեկան հանդեսը:

Մարինկա Խաչատրյան եւ Հրաչ


Դերասանուհի Մարինկա Խաչատրյանի եւ ընտրյալի՝ Հրաչի մեծ եւ շքեղ նշանադրությունը կայացավ դերասանուհու 21-ամյակի օրը: Նշանադրության բուն արարողակարգը զույգն անցկացնել է բնության գրկում` գողտրիկ մի վայրում, որից հետո հյուրերի հետ ռեստորանային համալիրներից մեկում նշել են առիթը:

Հենրիխ Մխիթարյան եւ Բեթթի

Հենրիխ Մխիթարյանը եւ Բեթթին


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նշանադրության լուրը եւս անցած տարի հայտնվեց համացանցում: Ամեն բան պարզ դարձավ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը ընկերուհու հետ մասնակցեց Լոնդոնում կայացած ՀԲԸՄ գալա-ընթրիքին: Հենց այդ երեկույթի լուսանկարներում էլ երեւում է նրա ընտրյալի՝ Բեթթիի նշանադրության մատանին: Ի դեպ, վերջինս «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն է։

Դիանա Գրիգորյան


Դերասանուհի Դիանա Գրիգորյանը մոտ մեկ տարի է՝ նշանադրված է: Թեեւ նա չի սիրում խոսել անձնականի մասին, սակայն BRAVO.am-ին հայտնել էր, որ նշանածը բացարձակապես կապ չունի իմ ասպարեզի հետ՝ չցանկանալով նշել ընտրյալի անունը: Դերասանուհու խոսքով, հասունացել էր հարաբերությունները որոշակիորեն օրինականացնելու պահը: Արարողությանը ներկա են եղել զույգի միայն ամենամտերիմ մարդիկ. «Խնջույքը շատ լավ է անցել, հարսանիքն էլ սարերի հետեւում չէ: Ես երջանիկ եմ, նույնը մաղթում եմ բոլոր աղջիկներին»:

Լիկա Սալմանյան եւ Աշոտ Սարգսյան


Լիկա Սալմանյանն իր 23-ամյակի օրն է ամուսնության առաջարկություն ստացել սիրելիից՝ Աշոտ Սարգսյանից: Զույգի նշանադրությունը կայացել է ճամփորդության եւ հանգստի ժամանակ՝ Դուբայի ծովափներից մեկում: Զույգը հարսանիք իրականացնելու ծրագրեր դեռ չունի: «Աստված առաջ, երբ գա այդ օրը, բոլորը կիմանան: Մենք ոչինչ գաղտնի չենք պահում»,- նշել է Լիկան:

Կարեն Բոքսյան եւ Էլիզաբեթ


Երգիչ Կարեն Բոքսյանի եւ ազգությամբ հայ, ամերիկաբնակ իրավաբան, 25-ամյա Էլիզաբեթի հարսանիքը եւս սարերի հետեւում չէ: Զույգի նշանադրությունն աչքի է ընկել վենետիկյան ոճով: «Միացյալ Նահանգներում Գոհաբանության օրն էր: Էլիզային ասացի, որ ուզում եմ օվկիանոսի ափին ֆոտոշարք իրականացնենք՝ որպես հուշ: Նավակի մեջ էինք, հանեցի մատանին ու առաջարկություն արեցի: Համաձայնեց: Այդ օրն երբեք չենք մոռանա: Երկար էի պատրաստվել, ու անակնկալը ստացվեց: Հարսանիքի օրը դեռ չենք որոշել, բայց այն սարերի հետեւում չէ»,- պատմել է երգիչը:

Արաքսյա Ամիրխանյան եւ Լազարո


Ժողովրդական ու գուսանական երգեր կատարող Արաքսյա Ամիրխանյանն ու երաժիշտ, գործիքավորող Լազարոն նշանադրվել են անցած տարի հունիսին: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ ավանդական նշանադրության փոխարեն ամուսնության ռոմանտիկ առաջարկ է ստացել. «Նա անակնկալ կերպով մատանի նվիրեց, երբ երկուսով էինք։ Ինձ համար անսպասելի էր, որովհետեւ մտածում էի՝ դեռ վաղ է։ Բայց որոշմանդ մեջ վստահ ես լինում, երբ շփվելով ու ճանաչելով, հասկանում ես, թե ինչպիսի մարդ է, ինչպես է ուզում քեզ երջանկացնել»:

Սեյրան Մովսիսյան եւ Մարինա Մնացականյան


Վերջերս պարզ դարձավ, որ Սեյրան Մովսիսյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Մարինա Մնացականյանին: Երջանիկ դերասանուհին պատմել է, որ Սեյրանն այս անգամ եւս սկզբում վախեցրել, հետո էլ անակնկալի է բերել իրեն. «Սեյրանը սկսեց անտեղի վիճել ինձ հետ, ձեռքիցս բռնեց, իջանք բակ, ու ծնկի եկավ, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում: Նա ինձ դարձրեց իր հարսնացուն»: Իսկ երբ հնչել է հայտնի հարցը, նա ասել է. «Հարցրեց՝ կամուսնանա՞մ իր հետ, ես էլ ասացի՝ այո»:

BRAVO.am
Լուսանկարները՝ զույգերի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին