×


Դիանա Հովհաննիսյանը եւ Սեպուհ Սիմոնյանը

«Ոտաբոբիկ»՝ Սեբուի հետ

«Մենք կբացահայտենք, որ կա այնպիսի մի վայր, որ հնարավոր է տեսնել միայն մերկ մտքով»՝ այսպիսի տող կա «Capital Cities» խմբի երգում։ Եկեք տեսնենք, թե ուր կտանի մեզ խմբի մեներգիչը «մերկ ոտքերով»։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսը երգիչ, ստեղնաշարահար, երգերի հեղինակ Սեպուհ Սիմոնյանն է։

- Փոքր-ինչ հոգնա՞ծ ես։

- Երկու զավակ ունեմ։ Չորս տարի է՝ հոգնած եմ։

-Այս պահին, իհարկե, առաջինը հոգնածությունդ նկատեցի, Սեբո՛ւ, բայց մարդիկ առհասարակ առաջին հերթին նկատում են մորուքդ, իսկ քեզ ճանաչելուց հետո արդեն՝ արտերկրի համար յուրահատուկ անունդ. դու ո՞ր Սեպուհն ես՝ ֆիդայի՞, լե՞ռ, թե՞ ազնվական։

-Հատուկ կապ նշվածներից ոչ մեկի հետ չկա, բայց դրանցից յուրաքանչյուրի հետ էլ կապ ունեմ։ Հայկական հին անուն է, մայրս ու հայրս էլ, երեւի, շատ սիրելով այն, որոշեցին ինձ Սեպուհ անվանել։ Անգլերենով մի քիչ պարզեցված՝ «բ» տառով է գրվում, բայց ճիշտը Սեպուհն է՝ «պ» եւ «հ»: Շատերն ասում են՝ «Սեբուն եկավ», բայց իրականում՝ «Սեպուհը եկավ»։

«Ոտաբոբիկ»՝ Սեբուի հետ


- Հիմա մորուքիդ անցնենք… Հաճախ քեզ հարցնում են ՝ արդյո՞ք հիփսթեր կամ անարխիստ ես, իսկ դու ասում ես, որ պարզապես ալարկոտ ես: Իրո՞ք ալարկոտ ես, թե՞ ուղղակի այդ հարցից արագ «ազատվելու» ամենահեշտ պատասխանն ես գտել։

- Վերջին անգամ հարսանիքիս օրն եմ սափրվել՝ 8 տարի առաջ։ Դրանից մեկ-երկու ամիս անցավ, առիթ չունեցա սափրվելու, մի քիչ էլ ալարեցի ու տեսա, որ կանգ չի առնում՝ երկարում ու երկարում է։ Այդ ժամանակ ինձ ուղղակի հետաքրքիր էր գեներս ստուգել, ուզում էի հասկանալ՝ Աստված ինչպես է  ինձ «դիզայն» արել։ Ի վերջո, այնքան երկարեց, որ չափն անցավ։ Հիմա պարբերաբար կարճացնում եմ։

- Կներե՛ս, չկարողացա առիթը բաց թողնել. քնելիս մորուքդ ծածկոցի տա՞կ ես դնում, թե՞ վրան ես թողնում:):

- Փորիս վրա եմ ընդհանրապես պառկում, ինքն էլ ուր ուզում, գնում է:):

-  Սեպո՛ւհ, երբ մարդիկ ավելին են ուզում իմանալ քո մասին, առաջին հերթին գուցե այցելում են ֆեյսբուքյան քո էջ, որտեղ գրել ես՝ «Ստեղծում եմ երաժշտություն ու հարգում կենդանի ամեն բան»։ Է՞լ ինչ է պետք իմանալ քո մասին։

- Որ անկեղծորեն հայկական մշակույթն եմ շատ սիրում։ Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել հայկական երաժշտությունը, մանավանդ՝ Կոմիտասը։ Նրանից հետո եկող երաժշտական հերոսները՝ Խաչատրյանը, Բաբաջանյանը, Մնակյանը, Կանաչյանը, եւս վերջին շրջանում մեծ ազդեցություն են ունենում ինձ վրա։ Սրանից բացի, ինչպես ասացիր, սիրում եմ կենդանի ամեն բան. արդեն 2 տարի է՝ մսակեր չեմ։ Կարեւորում եմ տարբեր ազգերով իրար ընդունելու, ուրիշների արվեստը չանտեսելու փաստը։ Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել… Ընտանիքս է ինձ համար շատ կարեւոր։

Սեպուհ Սիմոնյանը


- Քանի որ ընտանիքիդ մասին նշեցիր, գիտեմ՝ ծնողներդ ի սկզբանե ստիպողաբար են քեզ տարել դաշնամուրի։ Երբ արդեն հասկացան, որ երաժշտությունը դառնում է քո կյանքի կարեւորագույն մասնիկը, ինչպե՞ս ընդունեցին այդ փաստը։

- Շատ խանդավառ էին։ Ուրախ էին, որ իմ սիրած գործն եմ գտել։ Ինձ համար էլ բավական հստակ էր, որ երաժշտությունը պետք է կյանքումս մեծ դեր ունենա. ուսումս երաժշտության մեջ առա, ռոք խմբեր կազմեցի։ Մեր տուն էի հրավիրում ընկերներիս, բարեկամներիս, որ պարապենք։ Հայրիկիս ու մայրիկիս գլուխները տանում էինք, բայց հանդուրժում էին։ Հայրս անգամ ինձ օգնեց, որ ձայնագրման փոքրիկ ստուդիա հիմնեմ։ Մի խոսքով, ծնողներս ինձ միշտ են քաջալերել, ինչի համար շատ երախտապարտ եմ։

- Տարիների ընթացքում տարբեր ժանրերում ես դրսեւորվել՝ ի վերջո քեզ գտնելով ինդի-փոփում։ Այսօր «Capital Cities»-ը հայտնի է իր ուրախ, պարային ռիթմերով։ Բայց երբ ես եմ լսում ձեր երգերը, մինչեւ անգամ խոսքերի մեջ խորանալը, միշտ ինչ-որ պահի հուզվում եմ։ Դա նորմա՞լ է, թե՞ ես եմ աննորմալ։

- Հետաքրքիր է, որովհետեւ ես էլ եմ հուզվում, երբ լսում եմ դրանք։ Երգերը գրելու ընթացքում եւս հուզվում եմ։ Շատերն ասում են՝ «Capital Cities»-ը ուրախության հնչողություն ունի, բայց մանավանդ երբ խոսքերն ես կարդում, երբեմն շատ տխուր նյութեր կան մեջը։

- Այո՛, դառնաքաղցր է ձեր երգացանկը, կյանքդ ե՞ւս դառնաքաղցր է։  

- Կարծում եմ՝ ամեն մեկիս կյանքն է այդպես՝ մի օր լավ, մի օր վատ։ Հենց այդ հակասությունն էլ հետաքրքիր է ինձ ու հատկապես արվեստում։ Այս պատճառով էլ փորձում եմ երկու ծայրահեղ կողմերը ներկայացնել երգերիս մեջ։

Դիանա Հովհաննիսյանը


-  Իսկ կյանքիդ այս պահը սե՞ւ է, թե՞ սպիտակ։

- Իրականում սեւն էլ, սպիտակն էլ շատ եմ սիրում։ Սեւն ինձ համար տխրություն չէ, պարզապես երբեմն ուզում ես մթնի, որ հանգչես։ Քնելու համար մութ է պետք, որ հանգստանաս։

Եթե պետք է հիմիկվա կյանքս նկարագրեմ, թերեւս մոխրագույն է։

Բայց առհասարակ միշտ շատ երախտապարտ եմ. երկու զավակներս, փառք Աստծո, առողջ են, Հայաստանում ենք, երաժշտությամբ եմ զբաղվում։ Մի խոսքով, շատ բախտավոր եմ։

- Կարծում եմ՝ բախտավոր ես նաեւ, որ Թամարին ունես։ Ինչպե՞ս եք հանդիպել։

- Ա՜խ, Թամա՛ր… Երաժշտական աշխարհում ենք ծանոթացել։ Թամարը ներկա էր իմ հին խմբերից մեկի համերգին. մեկ այլ խմբի համար էր եկել, ու նրանց ելույթից հետո Թամարի ընկերներից մեկն առաջարկել է, որ մեր ելույթը եւս լսի։ Դրանից մի քանի օր անց իրարից անկախ հայտնվեցինք մեկ այլ համերգի՝ որպես հանդիսատես։ Այնպես ստացվեց, որ իմ ընկերներից մեկը ճանաչում էր Թամարի ընկերներից մեկին։ Այդպես շատ պատահական ծանոթացանք, հիշեց ինձ մեր համերգից, ասաց, որ լավ էինք նվագում։ Նա սկսեց առաջինը խոսել:): Այդպես էլ ընկերացանք, եւ կյանքս փոխեց, ինձ քաջալերեց։ Այդ ժամանակ գործս շատ տկար էր եւ օգնության կարիք շատ ունեի։ Սկսեց իմ ձայնագրման ստուդիայում կազմակերպչական հարցերով զբաղվել, որ ես կարողանամ ավելի կենտրոնանալ ստեղծագործելու վրա։ Այդպես էլ մինչեւ հիմա իրար հետ ենք, իրար հետ աշխատում ենք։

-  Իսկ ռոմանտի՞կ զույգ եք։

- Ռոմանտիկ ենք, բայց ոչ այն «ռոմանտիկը», որ մարդիկ են պատկերացնում։ Հաճախ թե՛ ես, թե՛ Թամարը մոռանում ենք միմյանց շնորհավորել ու նվերներ անել հատուկ առիթներին. մեզ համար նման բաներն անկարեւոր են։ Բայց լավագույն ընկերներ ենք, սա է ամենակարեւորը. միշտ օգնում ու քաջալերում ենք իրար։

Դիանա Հովհաննիսյանը եւ Սեպուհը


- Սեպո՛ւհ, չնայած՝ հիմա շատ համեստ ու շատ «ոտաբոբիկ» ներկա ես մեր զրույցին, համաշխարհային ճանաչում ունես։ Հայտնի դառնալուց հետո ի՞նչ է փոխվել քո կյանքում։

- Երեւի թե շատ երկար տեւեց հայտնի դառնալու ճանապարհս, այդ պատճառով էլ կյանքումս շատ բան չի փոխվել։ «Capital Cities»-ը մի բան ընդամենը փոխեց՝ առիթ տվեց ինձ ամբողջ աշխարհում պտտվել։ Սա, անշուշտ, շատ հաճելի է, բայց եւ շատ հոգնեցուցիչ. շատ զբաղված եմ լինում, չեմ հասցնում անգամ այդ ճամփորդությունները վայելել։ Իսկ համբավն ինձ համար շատ կարեւոր չէ, գուցե այն պատճառով, որ ավելի տարիքն առած ժամանակ այն ստացա։ Երեւի եթե այս ամենը 10-15 տարի առաջ լիներ, ուրիշ ձեւ լիներ։ Հիմա արդեն ամուսնացած եմ, զավակներ ունեմ, այսպիսով, ամբողջ այդ ուշադրությունն անգամ չեմ էլ ուզում, որ ավելի հանգիստ ապրեմ։

- Այս պահին ու առհասարակ այնքան հանգիստ մարդու տպավորություն ես թողնում։ Թվում է՝ մարմինդ, միտքդ ու հոգիդ ներդաշնակ են։

- Իրա՞վ։ Բայց, այդպես չէ:): Չեմ զայրանում ու պոռթկում, բայց կյանքը բոլորիս համար է դժվար։ Ես էլ երբեմն չեմ կարողանում լուծել հարցերն ու ուղղակի հանձնվում եմ։ Գիտե՞ս, հանձնվելը երբեմն վատ բան չէ։ Իհարկե, միայն երաժշտության մասին կարող եմ խոսել. եթե մի բան եմ գրել, որ շատ-շատ եմ սիրում, բայց ուրիշներին այն դուր չի գալիս, միայն ես եմ լսում։ Դա է ինձ համար կարեւոր։ Չեմ ստիպում սիրել ստեղծածս։ Սա նկատի ունեմ հանձնվել ասելով։

- Իսկ ավտոմեքենայումդ ի՞նչ երգեր են հիմնականում հնչում։ «Capital Cities»-ի երգացանկից գործեր կա՞ն։

- Կան, որովհետեւ զավակս է միշտ խնդրում, որ միացնեմ։ «Safe and Sound»-ը երեւի տասը հազար անգամ լսել եմ։ Չեմ կարողանում ձերբազատվել այդ երգից, բայց ոչինչ։

«Ոտաբոբիկ»՝ Սեբուի հետ


- Անգամ ես չեմ կարողանում ազատվել այդ երգից. 2013-ից մինչ օրս սիրով լսում եմ ու այն ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ օրերից մի օր  «Capital Cities»-ի Սեպուհին «կոտաբոբիկացնեմ»:):  Վերջում ի՞նչ կասես «ոտաբոբիկության» մասին։

- Կարծում եմ՝ ընդհանրապես շատ «փակ» ենք։ Ու երբ աչքերդ բաց են, ձեռքերդ բաց են, ինչո՞ւ չէ, ոտքերդ բաց են, այդ դեպքում միտքդ եւս բաց է, ու դու հաստատ ավելի հանգիստ ես։

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Գործընկեր՝ «5concept» խանութ-սրահ
Լուսանկարահանումն իրականացրել ենք «Kololak Restaurant» -ում 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին