×


Ում տեսահոլովակի հերոսուհին է դարձել Մաշա Մնջոյանը

Մայիսը բուռն ամիս է Մաշա Մնջոյանի համար. երգչուհին ավարտում է Երեւանի կոնսերվատորիայի 4-րդ կուրսը, Հայկ Պետրոսյանի հետ համերգներ է ունենում ՀՀ մարզային քաղաքներում եւ պատրաստվում է մասնակցել Շառլ Ազնավուրին նվիրված երեւանյան համերգներին։

Մաշա Մնջոյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Մաշան պատմել է, որ առաջին անգամ կադրում իրեն փորձել է որպես դերասանուհի՝ նկարահանվելով «Ժողովրդական երգիչ 4» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանի նոր հոլովակում։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսուհին է, իսկ նկարահանումն արվել է իր ծննդավայր Գյումրիում.«Գրիգորի հետ ծանոթացել ենք Արցախի զորամասերում ելույթներ ունենալու ժամանակ։ Միասին հաճախ ենք համերգների  մասնակցում, մտերիմ ենք նաեւ աշխատանքից դուրս։ Երբ առաջարկեց դառնալ «կլիպի աղջիկ», սիրով համաձայնեցի։ Իմ առաջին փորձն է, դերասանների համեմատ միգուցե շատ եմ թերանում, բայց փորձել եմ հնարավորինս լավ խաղալ»։

Նրա փոխանցմամբ՝ հոլովակում կտեսնենք Գյումրու հայտնի վայրերը. «Երեւում են կոլորիտային ֆայտոնը, «Մեր մանկության տանգոն» ֆիլմի ամենահայտնի փողոցը, որն անվանում են կինոյի փողոց։ Մինչ ուշ գիշեր նկարահանվեցինք, սարսափելի ցուրտ էր, բայց մեկ օրում ավարտեցինք»։

Մաշա Մնջոյանը՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին


Այս օրերին Հայաստանում տեղի են ունենում «Եվրոպայի օրեր» ամենամյա ծրագիրը, որի շրջանակում Մաշան ու Հայկ Պետրոսյանը երաժիշտների նվագակցությամբ բացօթյա համերգներ են տալիս Հայաստանի մարզերում։ Նրանք արդեն ելույթ են ունեցել Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, կերգեն նաեւ Կապանի, Գորիսի, Եղեգնաձորի հանդիսատեսի համար։

Կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինն այս տարի ավարտողների թվում են նաեւ Մաշան, Սրբուկը, նրանց ավարտական քննություն-համերգը կկայանա «Մեցցո» ակումբում. «Քննական երգերն ընտրել ենք մեր դասախոսների համաձայնությամբ, այժմ պարապում ենք, որ հանձնաժողովի ներկայությամբ կատարենք, ովքեր մեզ այդ օրը կգնահատեն։ Այս ամիս այնքան անելիք ունեմ, փորձում եմ հասցնել, որ ոչինչ չտուժի։ Նաեւ պետք է մասնակցեմ Ազնավուրին նվիրված համերգի փորձերին, որին բազմաթիվ երգիչ-երգչուհիներ սոլո եւ զուգերգերով կատարելու են սիրված շանսոնյեի երգերը»։

BRAVO.am   
Լուսանկարները` Մաշա Մնջոյանի արխիվից եւ Ռոբերտ Քոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին