×


Ջուլիա Սաղաթելյան.«Վթարից հետո նա աղջկաս համար լավ հայր է դարձել»

Ջուլիա Սաղաթելյանն իր կյանքը բաժանում է երկու փուլի՝ 2015-ի հոկտեմբերի չարաբաստիկ ավտովթարից առաջ եւ հետո։ Դերասանուհին վիրահատությունից ու երկարատեւ բուժումից հետո ապաքինվել է, բայց հեռուստաէկրան դեռեւս չի վերադարձել։ BRAVO.am-ը Ջուլիային լուսանկարել է Երազի այգում: Դերասանուհին ոգեւորված նախապատրաստվում էր ֆոտոշարքին, ավարտին էլ անկեղծացել է իր ընտանեկան հարցերի շուրջ։

Ջուլիա Սաղաթելյանը


Արդեն երկու տարի դուրս եմ նկարահանման անցուդարձից, ուստի, ինձ համար հետաքրքիր ու տարբերվող օր էր: Անկեղծ ասած, երբ ֆոտոշարքի առաջարկ արեցիք, զարմացա, որովհետեւ վաղուց էկրաններին չեմ, կարծում էի՝ մոռացվել եմ։

Կյանքը հետաքրքիր, երբեմն անկանխատեսելի ու տհաճ անակնկալներ է անում
: Հիմա կյանքս բաժանում եմ երկու փուլի, բայց նախքան ավտովթարն էլ բազմաթիվ դժվարություններ ունեցել եմ, պարզապես ֆինանսական խնդիրները կարողանում էի հաղթահարել:

Այդ դեպքից հետո ներփակվեցի, նյարդայնանում էի վթարի թեմայից, չէի ուզում ոչ ոքի տանը հյուրընկալել ու խոսել: Ծանոթներիս զանգերն ու հանդիպումները հետզհետե քչացան։ Հիմա էլ հազվադեպ եմ երկար ժամանակով տնից դուրս գալիս, բայց արդեն ակտիվ կյանքով ապրելու ցանկություն ունեմ:

Աղջիկս՝ Եվան, 13 տարեկան է. երաժշտական դպրոցում կիթառի դասերի է հաճախում: Դեռեւս չի ընտրել ապագա մասնագիտությունը, դերասանուհի դառնալու մտքեր ունի, բայց ես դեմ եմ: Այս ասպարեզում կրթությունն ու մասնագիտական որակները չեն կարեւորվում, ցանկալի է, որ այլ մասնագիտություն ընտրի: Մեկ անգամ իրեն առաջարկել են նկարահանվել, բայց ես չթույլատրեցի, քանի որ երեխաները մեծահասակների նման ժամերով նկարվում են, դրա փոխարեն ավելի լավ է` դասերը սովորի, հայտնիությունն իրեն ի՞նչ պիտի տա: Պատանեկության շրջանում նաեւ աստղային հիվանդության վտանգը կա. երեխաները երբեմն չեն ըմբռնում իրավիճակը: Թեպետ եթե հետագայում ցանկանա, չեմ արգելի, զգում եմ, որ արտիստիկ է։

Ջուլիա Սաղաթելյանը


Ծնվել ու մեծացել եմ Վրաստանում. աշխատել եմ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնում։ 1998 թվականին լավագույն դերասանուհու տիտղոսը ստանալուց հետո գիտակցեցի, որ սահմանափակված եմ։ Երկու տարի անց որոշեցի կրթությունս շարունակել Երեւանի կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում, բայց գումարային խնդիրներ առաջացան։ Ծնողներս հնարավորություն չունեին այդքան մեծ գումար վճարել կրթությանս համար։ Կոնսերվատորիայում ուսումս կիսատ թողեցի, բայց հետո ընդունվեցի Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ:

Նախկին ամուսնուս հետ ծանոթացել եմ Թատերական ինստիտուտում. մոտ 7 տարվա տարիքային տարբերություն կար: Սովորելու տարիներին ամուսնացանք, բայց կարճ ժամանակ անց ամուսնալուծվեցինք։ Բաժանումից հետո աղջկաս միայնակ էի մեծացնում, ծանր ժամանակաշրջան էր… Վթարից հետո նա լավ հայր է դարձել, չգիտեմ՝ դա ազդեց, թե՝ ոչ, բայց ուրախ եմ, որ երեխայի հետ կապ ունի, իսկ ես շփում չունեմ: Եվայի համար հոգատար եւ ուշադիր հայր է դարձել, չնայած` նախկինում էլ չեմ արգելել հանդիպել։ Վիրավորված ու նեղացած կնոջ դիրքում չեմ, շնորհակալ եմ միայն նրա համար, որ աղջկաս ունեմ: Բաժանությունը չպիտի անդրադառնա երեխայի վրա, հայրը նույնքան իրավունք ու պարտականություն ունի, որքան՝ մայրը: Նա այժմ կին ու երեխաներ ունի, իսկ ես հետ չեմ նայում, եթե թողել եմ անցյալում, ուրեմն ավարտված է:

Աղջիկս իմ թիկունքին է, հիմա ավելի շատ ընկերուհիներ ենք, քան՝ մայր ու աղջիկ: Վթարից հետո մայրս ու Եվան էին ինձ խնամում։ Քանի որ մայրս ապրում է Վրաստանում, վերադարձել է տուն, եւ այժմ աղջկաս հետ մեր վարձակալած տանն եմ ապրում: Եթե նրանք չլինեին, ինձ համար չափազանց դժվար կլիներ։ Աղջիկս միանգամից հասունացավ, ինձ հետ կիսում է կենցաղային հոգսերը:

Ջուլիա Սաղաթելյանը


Հեռուստաէկրան վերադառնալու մեծ ցանկություն ու կարիք ունեմ: Մի քանի խոստումներ եղել են, բայց չեն հրավիրել: Ինքս չեմ կարողանում զանգել ու դերեր խնդրել։ Երկու տարի չեմ աշխատում, անգամ հաճելիորեն զարմանում եմ, երբ փողոցում մարդիկ մոտենում ու հետաքրքրվում են, թե ինչու չեմ երեւում։ Ինձ թվում էր՝ վերջ, էլ ում եմ պետք, բայց այդ դրական կարծիքների շնորհիվ չեմ ուզում մասնագիտական ուղին փոխել։

Աշնանը նպատակ ունեմ թատերական խմբակ ստեղծել, որի գաղափարը շատ վաղուց ունեմ։ Հետաքրքրվող ծնողներ ու երեխաներ արդեն կան, հուսով եմ՝ կհաջողվի կայուն թատերախումբ ունենալ։ Ֆրանսիայում բնակվող ընկերուհիս առաջարկում է տեղափոխվել, բայց սիրում եմ Երեւանը, թե ինչու, պատասխանը չգիտեմ։ Ուզում եմ՝ աղջիկս Հայաստանում ապրի, չնայած` հասկանում եմ, որ այնտեղ հնարավորություններն ու հեռանկարներն ավելի մեծ են։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Դիմահարդարումը՝ Ժենյա Ստեփանյանի
Վարսահարդարումը՝ «Չի-չի» գեղեցկության սրահ
Զգեստը՝ Ամինա Մարդոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին