«Շոպենիանա» բալետային ներկայացումը կրկին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում է: Ֆրեդերիկ Շոպենի երաժշտության հիման վրա ստեղծված բալետային սյուիտի վերականգնված տարբերակի առաջնախաղը երեկ էր:
«Շոպենիանա»-ն առաջին անգամ ներկայացվել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Սյուիտի առաջին տարբերակը, որը 1906թ.-ին ստեղծել է բալետմայստեր Միխաիլ Ֆոկինը, ոչ մի ընդհանուր բան չունի այժմյան «Շոպենիանայի» հետ: Նոր բեմադրությունը ծնվել է 1908-1909 թվականներին, որտեղ Ֆոկինը, հրաժարվելով իր նախնական գաղափարից՝ սյուժետային առանձին պարեր բեմադրել Շոպենի պիեսների համար, ստեղծել է ոճաբանական իմաստով ամբողջական խորեոգրաֆիկ կոմպոզիցիա: Այստեղ ամեն ինչ տրամաբանորեն ենթարկված է երաժշտական մտքին եւ իմաստին:
«Շոպենիանա» բալետային ներկայացման պրեմիերային
«Շոպենիանան» վերականգնելու եւ հայ թատրոնի բեմ վերադարձնելու հարցում օգնել են ներկայացման նախկին արտիստներ, այժմյան փորձավարներ Էլվիրա Մնացականյանը, Էմմա Նահապետյանը եւ Ելենա Պավլիդին: Տարիներ անց էլ նրանք նույն հուզմունքով ու ոգեւորությամբ պատրաստվում էին նոր բեմադրությանը: Ասում են՝ շատ ներկայացումներ կային թատրոնի խաղացանկում, որոնք ժամանակի ընթացքում դուրս են եկել ինչ-ինչ պատճառներով, բայց հիմա փորձում են աստիճանաբար վերականգնել դրանք:
«Հույս ունենք, որ այս անգամ «Շոպենիանան» ավելի երկար կմնա խաղացանկում. մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Փոփոխություններ, իհարկե, չկան բեմադրության մեջ. դասական ներկայացում է: Փոխվել են միայն արտիստները: Սա արդեն նոր սերունդ է, որը դասական ներկայացումների շնորհիվ շատ բան կարող է սովորել: Լավ կլիներ, եթե երիտասարդներն ավելի շատ հետաքրքրվեին բալետային ներկայացումներով, այլապես հետաքրքրվածության պակաս չկա հասարակության շրջանում: Մենք միշտ ունենք մեր հանդիսատեսը, իհարկե, նայած՝ ինչ ներկայացում է»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանը:
«Շոպենիանա» բալետային ներկայացման պրեմիերային
Էմմա Նահապետյանն էլ ընդգծեց՝ շատ մեծ է այս բեմադրության նշանակությունը համաշխարհային բալետային արվեստի պատմության մեջ: Այն բալետմայստերներին հնարավորություն տվեց բալետային ներկայացումներում օգտագործել դասական երաժշտական ստեղծագործություններ, որոնք պարի միջոցով արտահայտվելու համար չէին ստեղծվել:
Նշենք, որ բալետը չունի կոնկրետ, զարգացող սյուժե: Այս սյուիտի պարերում պլաստիկ կերպարների լեզվով արտահայտված են Շոպենի երաժշտությանը հատուկ տրամադրություններ՝ ռոմանտիկ երազկոտությունից եւ մելամաղձոտ տխրությունից մինչեւ պայծառ, լուսաշող ուրախություն: Պարը հանդիսատեսի առջեւ բացում է կոմպոզիտորի պոետիկ աշխարհը:
Առաջնախաղին դահլիճը լեփ-լեցուն չէր, բայց ներկա էին նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված էին ներկայացմամբ: Նրանք բուռն ծափողջույններով էին ընդունում յուրաքանչյուր գեղեցիկ տեսարան ու գործողության ավարտ:
«Շոպենիանա» բալետային ներկայացման պրեմիերային
Նշենք, որ «Շոպենիանա»-ի գլխավոր դերերում հանդես են գալիս Մերի Հովհաննիսյանը (Յոթերորդ վալս), Միլիտոն Կիրակոսյանը (Պատանի), Տաթեւիկ Բոլշիկյանը (Մազուրկա) եւ Արշալույս Մարգարյանը (Տասնմեկերորդ վալս)։ Ներկայացման խորեոգրաֆիան թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանինն է, դիրիժորը Հարություն Արզումանյանն է:
Ի դեպ, նույն երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաեւ «Լորկիանա» եւ «Կարմեն-սյուիտ» բալետային ներկայացումները, որոնք նույնպես հավակնում են երկար ժամանակ մնալ թատրոնի խաղացանկում:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: