×


Լիլիթ Բլեյան. «Արցախը որպես Իթաքե ինձ համար ոչ թե խորհրդանիշ է, այլ նպատակ»

Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանի հետ զրույցի ընթացքում մեր աչքերի առաջ որպես ուղենիշ ունեցանք Իթաքե-Արցախը։ BRAVO.am-ի համար զրույցում փորձեցինք գտնել այնտեղ տանող ուղիներն ու խոսեցինք այդ ճանապարհին ներսի կրակը վառ պահելու կարեւորության մասին։

- 2023-ի սեպտեմբերի սկզբին գրեցիք «Թել» երգը, որը շրջափակման ընթացքում Հակարիի կամրջի երկու կողմերում հայտնված սիրահարների մասին է։ Ապա եղավ սեպտեմբերի 19-ն, ու երգի մասին 2 տարով մոռացաք: Ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ այդ գործին։

- Իմ դեպքում հաճախ է լինում, որ երգերը կորչում են: Երբեմն բուռն շրջաններ են լինում, ու երգերն անսպասելի կերպով իրար հետեւից սկսում են գալ, բայց նաեւ լինում է այնպես, որ նույնիսկ մեկ երգ չեմ կարողանում գրել։ Ու հնարավոր է՝ մի երգի վրա աշխատելու ընթացքում մյուսները մոռացվեն: Բարեբախտաբար, բոլորն էլ պահում եմ իմ արխիվներում, ու սեւագրերիս մեջ ինչեր ասեք, որ չկան։

Ամռանը պատրաստվում էի «Վերադարձ Իթաքե» խորագրով մեր նախագծին, ու պետք էր գտնել իմ բոլոր այն երգերը, որոնց մեջ կա «տուն» բառը։ Ու հանկարծ ծանոթ երգ գտա։ Հիշեցի, որ երգի զույգը Հակարիի կամրջի տարբեր կողմերում էր մնացել: Հավատում էի, որ այդ կամուրջն այլ ուղղությամբ են անցնելու, բայց հակառակը եղավ։ Որոշեցի ամեն դեպքում լավատեսությունը պահել ու ոչինչ չփոխեցի։ Եթե կա մի բան, որը թույլ է տալիս մութ ժամանակները հաղթահարել, հույսն է։



- Փորձում եք հավատը չկորցնե՞լ։

- Կարծում եմ, որ հակառակ դեպքում ամեն ինչն անիմաստ է: Կյանքն էլ ինչի՞ համար է. կենդանական բնազդը չէ միայն՝ ծնվեցիր, կերար, քնեցիր եւ հող դարձար։ Հույսը հենց թունելի վերջում երեւացող լույսն է, որը մեզ մղում է առաջ։ Ու կապ չունի, թե դա ի վերջո երբ կլինի, կամ կլինի արդյոք. կարեւորն այդ ճանապարհն է։ Հիմա «Իթաքե» երգն ենք թողարկում, որն ահեղ ծովի միջով քո գցած սեփական հետքի մասին է։

- Ինչո՞ւ են դարեր շարունակ արվեստագետներին, որոնց թվում արդեն նաեւ Դուք եք, Իթաքեն ու Ոդիսեւսը շարունակում կանչել։ Դեպի տուն տանող ճանապա՞րհն է միշտ գրավիչ մնում։

- Հավերժական սյուժե է։ Ոդիսեւսը վերջին շրջանում ինձ շատ է հետաքրքրում: Իմ պատկերացմամբ, նա այն կերպարն է, ով հիմա մեզ պակասում է։ Ոդիսեւսը գնում էր տուն: Բայց նա գնում էր տուն ամեն գնով։ Համաշխարհային գրականության մեջ միշտ կա Աքիլեսի ու Ոդիսեւսի համեմատությունը. առաջինն իսկական հերոս է՝ աներկբա դուրս է գալիս ու իր թրով սպանում, Ոդիսեւսը խորամանկ է, խորագետ եւ իր նպատակին հասնելու միջոցների միջեւ խտրականություն չի դնում։ Մենք անցել ենք Աքիլեսի փուլն ու մեր Տրոյայի պատերազմը տանուլ տվել, հիմա եկել է տուն գնալու պահը: Արդյոք մենք կկարողանա՞նք անցել Ոդիսեւսի ճանապարհը։

Լիլիթ Բլեյանը


- Համեմատությունը շատ գեղեցիկ էր, բայց հենց այնպես Ոդիսեւսը չի հայտնվում ոչ մեկիս կյանքում: Ձեզ հետ ինչպե՞ս դա տեղի ունեցավ։

- Պարզապես ներխուժեց իմ կյանք: Նույնիսկ չեմ հիշում՝ որտեղից եկավ, բայց ամենուր սկսեցի Ոդիսեւսի անունը տեսնել, ու ինչ-որ կերպ պետք է մեկնաբանեի նրա ներկայությունն իմ առօրյայում։ Հասկացա՝ պատմական իրադարձությունների հերթական պտույտի մեջ ենք հայտնվել, ու Արցախը որպես Իթաքե ինձ համար դարձավ ոչ թե խորհրդանիշ, այլ նպատակ։ Ոդիսեւսը կարող էր Իթաքեն իր մտքում ունենալ ու դրանով բավարարվելով ապրել, բայց ֆիզիկապես այնտեղ չգնալ։ Կարող էր, չէ՞, ասել. «Դե, գիտեք ինչ, դժվար էր, ինձ բռնել էին»: Բազմաթիվ արդարացումներ կարող էր գտնել, բայց չարեց։ Վերջում լրիվ մերկ հասավ իր հայրենիք ու նետվեց ափ։

Եվ ինձ շատ օգնեց հույն բանաստեղծ Կավաֆիսի «Վերադարձ Իթաքե» բանաստեղծությունը, որն ուղենիշային դարձավ։ Նա ասում է. «Երբ ելնես ճամփա դեպի Իթաքե, քեզ մաղթիր, որ ուղիդ երկար լինի։ Ու այդ ճանապարհին պիտի ամենակարեւորը հասկանաս՝ թե ինչ է Իթաքեն քեզ համար»։ Երբ մենք Արցախն ունեինք եւ չգիտեինք, թե ինչ է այն մեզ համար, լրիվ ուրիշ տարածք էր, իսկ հիմա դարձել է ինքնաճանաչման, ինքնափնտրտուքի, ինքնավերականգման ու առողջացման տարածք։

Ինձ համար Արցախը շատ թանկ տեղ է, եւ այս զտման ճանապարհը, որ ամեն մեկս ու որպես հասարակություն անցնում ենք, դարձել է շատ կարեւոր ընթացք։ Կավաֆիսն էլ հիշեցնում է ճանապարհին բոլոր գանձերը կորցնելու մասին. գուցե մենք էլ, կորցնելով, վերջապես ինչ-որ բան հասկանանք։ Պիտի Ոդիսեւսի չափ խորագետ լինենք ու չմոռանանք, թե ինչու ենք սկսել այդ ճանապարհը։

- Արցախի կորստից հետո տեսնո՞ւմ եք այդ գիտակցման սերմերը, որոնք ցույց են տալիս, որ վերականգնելու քայլեր ենք անում։

- Պետական մակարդակով արվում է ուղիղ հակառակը, բայց հասարակական տարբեր մակարդակներում տեսնում եմ։ Նուրբ եւ շատ խորքում ընթացող գործընթացներ եմ նկատում, որոնք միավորում են առաջին հայացքից իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեցող մարդկանց։ Այս ընթացքում իմ շրջապատը շատ է փոխվել. գտել եմ բազմաթիվ նոր ընկերներ ու համախոհներ, եւ հակառակը՝ կորցրել մարդկանց, որոնց համար, պարզվեց, այս ճանապարհը կարեւոր չէ։ Պետք է գտնել այն ձեւերը, որոնք ի վերջո հայկական ներկայությունը կվերադարձնեն Արցախ։ Չեմ ուզում մեծ-մեծ խոսել ու ասել, որ կվերաազատագրենք կամ նման բաներ, բայց չէ՞ որ միշտ վերադարձի ճանապարհ կա, եթե այն մեզ համար փակ չենք համարում։

Լիլիթ Բլեյանը եւ Տիգրան Տեր-Ստեփանյանը


- Կարեւոր է նաեւ մեր ինքնությունը, տեսակն ու մշակույթը չկորցնել։ Ինչպե՞ս անել, որ մեզ դարեր ի վեր պահած այդ արժեքները հիմա էլ ժողովրդի գիտակցության մեջ կարեւոր մնան։

- Էլի, ցավոք սրտի, ստիպված դուրս ենք թողնում պետական ռեսուրսները, որովհետեւ հայտարարել են, որ այդ առումով որեւէ անելիք չունեն։ Ճկուն ու ավելի ժամանակակից մտածողությամբ կրակը պահող ստեղծագործողները պիտի սոցիալական գործիքների օգնությամբ անընդհատ նոր հանրային տարածքներ նվաճեն ու մեծացնեն իրենց լսարանը։ Ամենակարեւորն այն է, որ ստեղծագործողը միշտ հավատա իր ջանքի կարեւորությանը, քանի որ իշխանություններն անընդհատ ջուր են լցնում այդ կրակների վրա։ Դրանք մեր ներքին կենդանության կրակներն են, որոնք վառ ենք պահում՝ ողջ մնալու համար։

Շատ կարեւոր է մարդկային ու արտիստական համագործակցությունը, որ միտքն ու սիրտը միասին լինեն։ Մաքուր արվեստ ստեղծելը հրաշալի ընթացք է, ու այն շատ եմ սիրում, բայց պիտի ստեղծագործելուն զուգահեռ փորձենք միջազգային համագործակցություններ գտնել ու ինքներս մեր ներսի կրակն արթուն պահել, որպեսզի վերադարձի հնարավորություն ընձեռվելու դեպքում հանկարծ չպարզվի՝ էլ վառելիք չունենք ու պատրաստ չենք։ Արվեստը կարող է օգնել հենց այս կրակն արթուն պահել։

- Ցավոք, հիասթափեցնելու ու հուսահատեցնելու գործիքները շատ են ու ազդեցիկ։

- Մարդկանց ապատիայի հասցնելն այսօրվա քարոզչական գործիքակազմի ուժեղ զենքերից է։ Ցավոք, մարդկանց սկսում են համոզել, որ տխրելուց բացի, այլ ելք չկա։ Բայց մենք էլ պիտի հակառակն անենք։ Քանի դեռ կարող եմ, անընդհատ պիտի դրա դեմ դուրս գամ։ Ի վերջո, տարերքների կռիվ է. ջուրն ու կրակը միշտ պայքարում են (ծիղածում ենք,-հեղ.)։

- Չեմ ուզում համակերպվել այն կարծքիների հետ, թե ամեն ինչ վատ է ու լույսի շող չկա։ Ամեն մեկիցս էլ շատ բան է կախված: Հանձնվելն ամենահեշտն է. Ոդիսեւսն էլ կարող էր նույն կերպ վարվել ու իրեն հանդիպած կղզիներից մեկում պարզապես վայելել կյանքը։

- Գերմանական մի լավ ֆիլմ կա՝ «Վազիր, Լոլա, վազիր». յուրատեսակ Ոդիսեւս է։ Ֆիլմն իր ավարտին է հասնում, թվում է՝ ամեն ինչ վերջացած է, բոլոր հերոսները մեռած են, ու Լոլան ասում է. «Ես համաձայն չեմ այս վերջաբանի հետ»։ Նրա չհամաձայնելու ուժն այնքան ուժեղ է, որ վերադառնում է սկիզբ ու սկսում ամեն ինչ փոխել, ընդ որում՝ մի քանի անգամ։ Այնպես չէ, որ սկսեց, չստացվեց, ու վերջ։ Եթե կենդանի ենք, դեռ շնչում ենք, բավարար ուժ ունենք, արյունը հոսում է մեր երակներով եւ ոտքի կանգնելու ունակ ենք, պիտի շարունակենք վազել. էլ ո՞րն է մեր արդարացումը։

Լիլիթ Բլեյանը


- Նախընտրել ենք վազել, բայց փախչելու իմաստով, հեռանալու, արտագաղթելու, ու դեռ շարունակում ենք։

- Ինքս այդ մասին երբեք չեմ մտածել: Ճամփորդել սիրում եմ, նոր երկրներ եմ մեկնում, ծանոթանում, բայց տուն վերադառնալն ինձ համար այնքան պարտադիր մի բան է (ծիծաղում է,-հեղ.)։ Տեղաշարժեր ու փոփոխություններ կարող են լինել, բայց դրանք չպիտի մեզ խանգարեն։ Չէ՞ որ մարդիկ նաեւ գալիս են. տարիներ շարունակ դրսում ապրելուց հետո հանկարծ ինչ-որ մի բան կանչում է, ու չես էլ հասկանում, թե այդ ինչն էր: Դա էլ է շատ հետաքրքիր։ Պատմություններ գիտեմ, որ արտերկրում են ծնվել, ու հանկարծ որոշում են գալ, վերադառնում են Երեւան, հետո գնում Արցախում ապրելու։

- Ապրելո՞ւ: Դեռ չեք կարողանում ընդունել...

- Գնում էին, ու դա փաստորեն նրանց կյանքի իմաստն է։ Նպատակից ու շարժումից հրաժարվել նշանակում է կյանքից հրաժարվել։ Այսօր վերանորոգվող դպրոցների պատերին մերօրյա կոնֆուցիոսները գրում են. «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Եթե այս ամենը միայն նրա համար է, որ մենք ուղղակի լավ ապրենք, այսինքն՝ լավ ուտենք, տունը տաք լինի, այդ դեպքում ամեն ինչ է իմաստը կորցնում, եւ մնացած բոլոր հարցերից ենք հրաժարվում։ Մարդը ծնվում է հարցերի հետ՝ ո՞վ եմ ես, ո՞ւր եմ գնում, ինչի՞ համար է այս ամեն ինչը, ու երբ պատասխանների փոխարեն ուտելիք ենք ստանում, ամեն ինչ շատ էժանագին է դառնում, պարզապես առեւտուր՝ ամեն ինչ տալ հանուն ոչնչի։

- Ի՞նչն է Ձեզ առաջ տանում, ուժ տալիս, հանուն ինչի՞ եք Դուք պայքարում։ Այն քիչ հանդիպող տեսակից եք, որը չի լռում ու համարձակ արտահայտում է իր դիրքորոշումը։

- Չեմ մտածել այդ մասին: Իմ ներսում բնածին զսպանակ կա. որեւէ անարդարության հանդիպելիս այն միանգամից բացվում է։ Նաեւ այնպիսի ընտանքիում եմ մեծացել, որտեղ անարդարությունների դեմ զսպանակվելը խրախուսվել է։ Հետո դրա հաստատումն եմ ստացել կրթահամալիրում, նաեւ իմ կազմած ընտանիքի դեպքում է բախտս բերել։ Այդպիսով իմ ճանապարհին հակառակի մասին որեւէ հավաստում չեմ ստացել (ծիծաղում ենք,-հեղ.)։ Հետո հայտնվել եմ լրագրությունում ու տեսել, թե ինչպես են լրագրողները փորձում, մութ շերտերը հեռացնելով, տակից հանել իրականությունը։ Ու նաեւ երգերիս շնորհիվ է, որոնք գալիս են ազատության աշխարհից։ Վերապահումների ու քողարկումների դաշտից երգեր ինձ պետք չեն։ Երբեմն կարող է մի բառի պատճառով ասեմ. «Կներես, բառ, ես քեզ հետ համաձայն չեմ, դու այս երգի ու ինձ հետ կապ չունես, այստեղ ավելորդ ես»։

- Բայց չէ որ դրանք Ձեզնից են ծնվում։

- Երբեմն ուղղակի բառ եմ փնտրում, չի գտնվում, եւ փոխարինողներն են գալիս, որոնց չեմ ընդունում։ Բառերի հետ աշխատանքը շատ հետաքրքիր է: Վերջերս մի երգ ձայնագրեցինք, որը վաղուց եմ գրել անգլերեն լեզվով իմ ալբոմի համար: Հերթով այդ աշխատանքները վերաձայնագրում եմ հայերեն։ Այդ երգն ինձ համար շատ թանկ է, բայց տեքստի հետ բավական երկար կռվում էի եւ ուզում, որ հուզական հագեցվածություն ունենա. բառերը հասարակ լինեն, բայց ոչ՝ պարզ։ Երբ զգացի, որ ստացվել է, գնացինք ստուդիա։ Անգլերեն տարբերակում կոչվում է «Եվ ուզում եմ», հայերենում, երեւի, կլինի՝ «Քո մասին»։ Այն կորստի մասին է, որը թույլ է տալիս շարունակել ապրել։

Լիլիթ Բլեյանը եւ Տիգրան Տեր-Ստեփանյանը


- Հիմա ձայնագրությունների ու ակտիվ աշխատանքային փուլում ենք, ի՞նչ նորություններ սպասենք։

- Երգեր են կուտակվել, որոնք ձայնագրում ենք։ Գործընկերս՝ Տիգրան Տեր-Ստեփանյանը, որի հետ արդեն 12 տարի աշխատում ենք, անում է երգերիս գործիքավորումն ու կիթառի հատվածները կատարում: Նա բնակվում է Հայաստանից դուրս, ընդմիջումներով է գալիս, ու այդ ընթացքում փորձում ենք ամեն ինչ հասցնել։ Հիմա հենց այդ հագեցած մի ամիսն է. նոր երգեր են ծնվել, նաեւ հայտնաբերվել (ծիծաղում ենք,-հեղ.)։ Դրանցից մեկն էլ «Թեւը կոտրած հրեշտակ»-ն է: Այն 2 տարի առաջ շատ միանգամից է գրվել։ Իրադարձությունների հորձանուտում մոռացել էի նրա մասին, բայց հետո ընկերներիցս մեկի փոքրիկ տղան շատ ծանր հիվանդությունցից հետո այս աշխարհը լքեց, ու իր կյանքի վերջին օրերին այդ երգը սկսեց պտտվել իմ գլխում։ Հանկարծ հասկացա, որ երգը շատ նման է իրեն, եւ որոշեցի անպայման նրա հիշատակին ձայնագրել։ Նաեւ «Իթաքե»-ն ենք ձայնագրել ու էլի մի քանի երգ, դեկտեմբերի 9-ին էլ «Չտեսնված, չլսված երգեր» խորագրով փոքրիկ համերգ ունեցանք՝ մեր ամենամտերիմ մարդկանց համար։ Այս գործընթացները մեզ կենդանի են պահում։

- 2010-ին Ձեր երկրորդ դստեր հետ գրեթե միաժամանակ ծնվեց նաեւ Ձեր առաջին երգը։ Ինչպե՞ս հասկացաք, որ հենց այս ասպարեզում եք ցանկանում շարունակել Ձեր գործունեությունը։

- Երգեր գրում եմ՝ ինչ ես կամ, պարզապես դա առաջին երգն էր, որը որոշեցինք ձայնագրել, եւ «Սպասող գնացքները» մարդկանց դուրը շատ եկավ։ Քանի որ դստերս քնեցնելու եւ օրորելու ընթացքում շատ երգեր էի գրել, ընդգրկեցի մեկ ալբոմում ու դրանից հետո էլ կանգ չառա։ Մեծ հաշվով շատ ուշ եմ զբաղվել նրանով, ինչը դարձել է կյանքիս գործը։ 2008-ին դարձա 30 տարեկան, ու այդ օրերին ունեցած զգացողությունս շատ լավ եմ հիշում. ընկել էի էքզիստենցիալ մտորումների մեջ։ Մտածում էի, թե ի՞նչ եմ արել իմ կյանքում, գուցե ինչ-որ բան է պետք ստեղծել, որը կմնա ինձնից հետո։ Ամուսնուս հետ Բեռլինից Պրահա մեկնող գնացքում էինք, ու հենց դա էլ դարձավ իմ երգի հիմնական մոտիվը։ Ամեն ինչ բնականորեն ստացվեց, ու շատ շնորհակալ եմ, որ ինձ նման հնարավորություն տրվեց։ Նաեւ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք այդ ճանապարհին ինձ պատահեցին ու մինչեւ հիմա պատահում են։ Գիտեմ, որ այդ շնորհակալության զգացումն ինձ շատ է օգնում։

- Այդ մարդկանցից մեկն էլ Ռուբեն Հախվերդյանն է, որը խորհուրդ տվեց երգել։

- Ռուբիկին հենց ամենասկզբում ցույց տվեցի իմ գրած երգերն ու հարցրի, թե ում տամ, որ կատարեն, որովհետեւ լավն էին, ու ափսոս կլիներ, որ մնային։ Լսեց ու ասաց. «Դու էլ կերգես», ես էլ մտածեցի՝ եթե ասում է, ուրեմն մի բան գիտի, ու այդպես ամեն ինչ սկսվեց։ Դրանից հետո եղան համագործակցություններ ու հայտնվեցին այն մարդիկ, որոնց համար այս երգերը կարեւորություն ունեն։ Մինչեւ հիմա էլ նամակներ եմ ստանում, որ երգերն իրենց օգնում են դժվար պահեր հաղթահարել, ու օրեր են անցկացնում դրանց ուղեկցությամբ։ Այս ամենով կիսվում եմ ոչ թե ցույց տալու համար, թե որքան հրաշալի երգեր են, այլ որ դրանք բաց թողնելուց հետո առանձին կյանքով են ապրում ու գտնում իրենց մարդկանց։ Մենք էլ ենք, չէ՞, այդպես անում։

- Իհարկե, գտնում ենք մեր երգերը, գրքերը, ֆիլմերին ու հեղինակներին, որոնք անհրաժեշտ պահերին մեզ հուշումներ են տալիս։

- Ընկերոջ պես են դառնում եւ ցույց տալիս, որ այս կյանքն ուտելու մասին չէ։ Ու այս ընթացքում սկսեցի լուրջ վերաբերվել ու հարգել հենց այդ փոքր երգի ժանրը։ Դրանք փոքրության ու փխրունության, առաջին հայացքից աննկատության մեջ այնքան ուժ ունեն իրենց մեջ։ Այդ փոքրիկ երգը կարող է հազարամյակներով ապրել ու հասնել մինչեւ մեզ։ Ինձ շատ է սկսել ոգեւորել այդ միտքը, որ ես զարմանալի մատերիայի հետ առնչություն ունեմ ու արարման մասնակից եմ, որովհետեւ լրիվ ոչնչից ինչ-որ բան եմ ստեղծում։ Շատ սիրուն ընթացք է ու շնորհակալ եմ, որ այն ինձ հետ է տեղի ունենում։

Լիլիթ Բլեյանը


- Շատ ճիշտ եք, արվեստն անբացատրելի է, հզոր ու անչափելի։ Իսկ հեղինակ-կատարողները կարողանում են միավորել իրենց գնահատող մարդկանց։

- Մեծ հաշվով, եթե երգերը չգտնեն իրենց «ընկերներին», ինքնաբավարարման ակտ կդառնան։ Կան երգեր, որ հենց այսօր մարդկանց օգնում են անջատվել աղմուկից։ Բռնի տեղահանությունից հետո իմ լսարանում շատացել են Արցախից եկած ընկերները. իրենց համար երգերը դարձել են փախուստի համար կարեւոր տարածք։ Երբ կենսական տարածքը կորցնում ես, իսկ իրենք ամենակենսականն են կորցրել, սկսում ես այն փնտրել աննյութական վայրերում։ Եվ գրքերը, ֆիլմերը, մարդկային շփումն ու երգերը դառնում են այդպիսի մի տարածք։ Հիմա, առավել քան երբեւէ, չափազանց պատասխանատու եմ ամեն բառի համար՝ հասկանալով, որ դրանք կարող են օգնել ու բուժել, բայց նաեւ հանկարծ ինչ-որ բանի դիպչել, որ չէի ցանկանա։ Անգամ ցավոտ տեղին դիպչելիս պիտի բուժեն, ոչ թե վերքը փորեն։ Երգերով արտահայտում եմ իմ սերն ու ընկերությունը, որն աշխարհի ամենամեծ պարգեւն է։

- Իսկ Ձեզ համար որո՞նք են փախուստի աննյութական տեղերը, որտեղ վերագտնում եք Ձեզ։

- Ճամփորդություններն են, չնայած՝ իմ միջավայրից բացարձակ չեմ դժգոհում ու սիրում եմ այն, բայց առիթ ընձեռվելու դեպքում գլուխս մաքրելու համար որեւէ տեղ եմ մեկնում։ Շատ եմ սիրում ոչնչով չպայմանավորվող մարդկային շփումը, որը դժվարացվել է, բայց մյուս կողմից էլ՝ հեշտացել։ Մարդիկ, որոնց առաջ ընկեր էինք զգում, հանկարծ պարզվեց՝ անցել են մյուս ափ, մյուս կողմից հայտնվել են նրանք, որոնք իրենց հետ բերել են նոր արժեքներ։ Ու դե, իհարկե, կարեւոր են փոքրիկ ուրախությունները, որոնց համար առիթ կարող է ծառայել ամեն ինչ։

Լիլիթ Բլեյանը եւ Տիգրան Տեր-Ստեփանյանը


- Դուք երկու դուստրերի մայր եք, ինչպիսի՞ն են նրանք ու ի՞նչ ձգտումներ ունեն։

- Արաքսն ու Սոնան շատ տարբեր են, գուցե նաեւ նրանց տարիքային տարբերությունից է, որը մոտ 7,5 տարի է։ Մեծ աղջիկս շուտով 24 տարեկան կդառնա, ավելի ռացիոնալ է, ժամանակակից գիտությունների ու թվերի աշխարհում է, որը ես չեմ կարողանում հասկանալ, բայց ենթադրում եմ՝ այնտեղ ինչ-որ գեղեցկություն կա։ Փոքրն ավելի թեթեւ ու պոետիկ է, նրան դուրս է գալիս արտիստական աշխարհը։ Երկուսն էլ շատ լուսավոր մարդիկ են, ինչն ինձ համար կարեւոր է: Իրենց մեջ էլ եմ զգում այդ զսպանակը։ Նույնիսկ այդքան շատ լինելով այսօրվա մեջ՝ նրանց հաջողվել է փրկվել նյութապաշտությունից ու էգոիզմից։ Ստեղծել ենք երկու նոր մարդ, որոնք այս աշխարհի համար հետո անպայման բարիք կստեղծեն ու լույս կտարածեն։ Շատ գոհ եւ ուրախ եմ, որ իմ աղջիկներն են։

- Ձեր «Հայր մեր» բանաստեղծությունն առաջին անգամ Արեւիկ Գեւորգյանի կատարմամբ լսելուց հետո ինձ շատ է տպավորել։ Ինչպե՞ս են այդ տողերը ծնվել։

- Հետաքրքիր հարց է։ Դրանք բանաստեղծություն չեմ անվանում, բայց շատ խորիմաստ ու հոգուն դիպչող խոսքեր են։ Հետո «Հայր մեր»-ը շարք դարձավ, իսկ Արեւիկի կատարածն առաջինն էր։ Սովորաբար, քնելուց առաջ են այդ տողերը գալիս, արագ-արագ գրում եմ, որ չմոռացվեն, տեղադրում եմ Ֆեյսբուքում ու քնում։ Այդպես եղավ նաեւ «Հայր մեր» շարքի հետ, որն անսպասելիորեն սկսվեց 2018 թվականին ու շարունակվում է մինչեւ հիմա։ Հետո երգ գրեցի՝ մտածելով, որ դրանով շարքը կեզրափակվի, բայց չստացվեց (ծիծաղում ենք,-հեղ.)։ Հիմա դադար է, չգիտեմ էլ՝ երբ կշարունակվի, կամ առհասարակ կշարունակվի՞։ Բայց ենթադրում եմ, որ նոր տողեր դեռ կգան։ Հիմա շարքը կարդալիս այնպիսի բաներ եմ գտնում, որ ինքս էլ կուզեի հասկանալ, թե որտեղից են եկել։ Այն սովորական մտքերը չեն, որոնք օրվա ընթացքում ունենում եմ։ Կարծում եմ՝ դրանք ինչ-որ թելադրանք են կամ ոգեշնչում, բայց ուրախ եմ, որ ինձից են դուրս գալիս (ծիծաղում ենք,-հեղ.)։

- Կա՞ մի գործ, որ կուզեիք արած լինել, բայց դեռ չեք հասցրել։

- Շատ կան այդպիսի գործեր, շատ կուզեմ Լոռիում փոքրիկ տուն ունենալ (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ինձ թվում է, որ մի օր կունենամ։

- Ի՞նչ է սերը Ձեզ համար։

- Իմ երգերում խուսափում եմ այդ բառից. միայն թարգմանվածներում կհանդիպեք։ Այնքան համապարփակ է ու ամեն ինչի մեջ, որ վախենում եմ նրան անունով դիմել, որպեսզի չփոքրացնեմ։

Լիլիթ Բլեյանը


- Ինչի՞ց եք վախենում։

- Իսկ ահա վախի անունը շատ եմ տալիս, որ փոքրացնեմ։ Անկեղծ եմ ասում ու առանց պաթոսի, որ Արցախի հայաթափումից հետո էլ ոչնչից չեմ վախենում։ Կասեի՝ վախենում եմ, որ Ոդիսեւսը չհասնի Իթաքե, բայց այդ դեպքում ե՛ւ Ոդիսեւսը անիմաստ կլիներ, ե՛ւ Իթաքեն, դրա համար էլ չեմ վախենում։

- Հավատո՞ւմ։

- Մարդուն եմ շատ հավատում ու երգի ուժին: Եվ հավատում եմ, որ շուտով Հայաստանում շատ լավ է լինելու։

- Ինչի՞ համար եք ափսոսում։

- Անձամբ ես՝ ոչնչի համար: Միայն ափսոսում եմ, որ ավելի շուտ չեմ եղել Արցախում. մի քանի շրջան կա, օրինակ՝ Հադրութը, չեմ տեսել։

- Ինչի՞ համար եք ամաչում։

- Ես շատ կամաչեմ, եթե ինչ-որ մեկին գիտակցաբար ցավ պատճառեմ կամ վնասեմ։ Շատ կամաչեմ, եթե հանկարծ ինքս ինձ ավելի մեծ նշանակություն տամ, քան մարդն իր փոքր կյանքում կարող է ընդհանրապես ունենալ։ Շատ կամաչեմ, եթե կարողանամ օգտակար լինել ու ծուլության, թուլության ու էգոիզմի պատճառով չանեմ։

- Ի՞նչն է Ձեզ պակասում։

- Ժամանակը։

- Ինչի՞ մասին է կյանքը։

- Անվերջ հայտնագործելու։

- Մեկ միտք, որ կուզեք հասնի մարդկանց։

- Շատ եմ ուզում, որ մարդիկ կարեւորեն ու հավատան մեկ հոգու անհատական ուժին եւ ջանքին։ Չտարրալուծեն մեծ աշխարհի մեջ, քանի որ ի վերջո դա է օգնում կառուցել մեծ կայսրություններ ու հասնել ահռելի ձեռքբերումների։ Դրա շնորհիվ չենք դառնում կենցաղային կենդանի, ինչն ամենատխուր բանն է, որ կարող է պատահել կյանքում։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW