×


«The Beautified Project»-ի ալբոմի շնորհանդեսը, Վաչե Կավիճի կոտրած կիթառն ու նվերները հանդիսատեսին

Երեւանի տիկնիկային թատրոնում երեկ ռոքային մթնոլորտ էր, առիթն էլ՝ «The Beautified Project» ռոք-խմբի նոր՝ 4-րդ ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը։ Նիդերլանդների համերգից օրերս վերադարձած երաժիշտները՝ Անդրե Սիմոնյանը, Արմեն եւ Առլեն Շահվերդյաններն ու մյուսները, երկրպագուներին հրավիրել էին համերգի՝ առաջին անգամ կատարելու նոր ալբոմի բոլոր գործերը։

«The Beautified Project» ռոք-խմբի նոր ալբոմի շնորհանդեսին


11 տարի առաջ հիմնադրված բենդի 4-րդ՝ «Pale Nightingale»/«Գունատ սոխակ»/ ձայնասկավառակում ներառված է 8 երգ՝ «Lost Innocence», «I Found a Way», «One More Day», հայտնի «Արագիլ»-ը եւ այլ գործեր։ CD-ի շապիկի դիզայնի հեղինակն Արվին Քոչարյանն է։

Երաժիշտները համերգը սկսել են առաջին, երկրորդ ալբոմի հայտնի երգերից, այնուհետեւ կատարել նոր երգերը, այդ թվում՝ «Lily Flower»-ը, որի տեսահոլովակի պրեմիերան օրեր առաջ էր։ Անդրեն պատմել է «Sweet Memories» երգի ստեղծման պատմությունը. «Երբ Եվրոպայում համերգների ենք, լողանալիս շատ գեղեցիկ մեղեդի լսեցի։ Գիտեի, որ Առլենը սիրում է քավրներ նվագել, ինձ թվաց՝ Բրդին նոր ալբոմ է թողարկել, հետո ասաց, որ իր գրած երգերից է, ես էլ նշեցի, որ արդեն «The Beautified»-ի երգն է:)»։

Անդրե Սիմոնյանը


Սոնա Ռուբենյանի հետ երկու տարի առաջ թողարկած հայտնի «Wait»-ը եւս սկավառակում է։ Ինչպես հայտնել է երգչուհին, հավանում է ալբոմի շապիկն ու բովանդակությունը.«Մեր զուգերգը չեմ հիշում, թե քանի անգամ ենք միասին կատարել, բայց ամեն անգամ ցանկացած բեմում տղաների հետ երգելիս մեծ բավականություն եմ ստանում։ Շնորհակալ եմ համագործակցության ու գեղեցիկ երգի համար»։

Երաժիշտները բեմից նվերներ են հանձնել խմբի հավատարիմ երկրպագուներին՝ շապիկ, ձայնասկավառակ եւ «Lily Flower» հոլովակից հայտնի չուպաչուպսերը:)։ «Red Rivers» երգի ընթացքում էլ բաս-կիթառահար Վաչե Կավիճը նվագելիս կոտրել է գործիքը, ինչպես փաստել են Անդրեն ու Արմենը, նրա մոտ սովորություն է:).«Մի անգամ բաս-կիթառը մեջտեղից էր ջարդել, ում մոտ տանում էինք, զարմանում էին։ Մի անգամ էլ ամբողջ կիթառի վրա արյուն էր հոսում, մատներն էր «ջարդել»»։

«The Beautified Project» ռոք-խմբի համերգին


Խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանի խոսքով՝ սկավառակի «Գունատ սոխակ» անվանումն իր իմաստն ունի։ Սոխակի դայլայլը համարվում է բնության ամենագեղեցիկ ձայներից, որը ժամանակի ընթացքում նվազել է: Ալբոմի շապիկի սոխակն արտահայտված է աղջկա տեսքով, որը շղարշի միջոցով թաքնվում է աշխարհից.«Թռչունների երգը պակասել է, ինչը համեմատել ենք լավ երաժշտության հետ, որը եւս պակասել է վերջին տարիներին»։

Համերգային հատվածից հետո խմբի անդամները մակագրել են ալբոմի առաջին օրինակները եւ լուսանկարվել իրենց ստեղծած երաժշտությունը գնահատող երկրպագուների հետ։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport