×


«Արվինի հեռախոսազանգը զարմացրեց ինձ». Արամ Կարախանյանի տարբերվող ֆոտոշարքը

Թատրոնի եւ կինոյի դերասան Արման Կարախանյանը հայտնվել է լուսանկարիչ Արվին Քոչարյանի ֆոտոօբյեկտիվում եւ ինքնատիպ լուսանկարներով հարստացրել իր պորտֆոլիոն: 

Նա Bravo.am-ին պատմել է, որ Քոչարյանին վաղուց է ճանաչում ու հետեւում նրա գործունեությանը: Նախկինում երկու անգամ եղել է նրա ստուդիայում՝ լուսանկարվելով «Ռադիո Վան»-ի ու «Շախմատիստ» հեռուստասերիալի համար։ 


«Արվինի հեռախոսազանգը զարմացրեց ինձ։ Նա առաջարկեց իր գաղափարներից մի քանիսը միասին կյանքի կոչել։ Ինձ համար պատիվ է նրա գովասանքին արժանանալ։ Իհարկե, համաձայնեցի։ Բայց նման դեպքերում նաեւ վախ ես զգում՝ իսկ եթե չլինես այնպիսին, ինչպիսին քեզ պատկերացնում են: Նկարահանումից մի քանի օր անց Արվինին հարցրի. «Ստացա՞ր այն, ինչ ուզում էիր», եւ նրա պատասխանն ինձ գոհացրեց:
Շատ հեշտությամբ ենք միասին աշխատել. նրա հստակ մտահղացումները պարզապես իրականացրել եմ: Անկեղծ կլինեմ՝ շատ հետաքրքիր էր, բայց զգում եմ, որ մի քիչ փորձի պակաս ունեմ»,- կիսվել է դերասանը:


Կարախանյանը նշել է, որ այժմ ստեղծագործական թեթեւ փուլում է եւ ավելի շատ հանգստանում է։ Բավական հագեցած տարի է ունեցել եւ, թեեւ դեռ հոկտեմբերն է, արդեն ամփոփել է այն։


«Նոյեմբերին մի քանի ներկայացում ունեմ խաղալու, իսկ դեկտեմբերին շրջագայելու եմ «Ռոմեո Ջուլիետ. Դեժավյու»-ով: Արդեն մի քանի ֆիլմերի, այդ թվում՝ «Ճերմակ շապիկի», ու հեռուստասերիալի պրեմիերաներ եմ ունեցել, վերջերս էլ ավարտել եմ աշխատանքս նոր սերիալում: Եվս մեկ ֆիլմ էլ էկրաններ կբարձրանա նոյեմբերին, բայց դեռ մանրամասներ չեմ հայտնի: Իմ բոլոր աշխատանքներն իրարից տարբերվում են, ինչն ինձ ուրախացնում է, բայց մեկ կինոդեր իսկապես գրավել է ուշադրությունս»,- ասել է նա:


Կարախանյանն անդրադարձել է «Ռոմեո Ջուլիետ․ Դեժավյու» ներկայացմանը. «Պարզ ու պարզունակ առօրյա կյանք ենք ստացել, որում թաքնված է մարդկային գոյության ամենակարեւոր իմաստը՝ ապրելը։ Թեման հուզիչ է ու մտորելու առիթ է տալիս այն հարցի մասին, որը վախենում ենք ինքներս մեզ տալ ու անկեղծ պատասխան ստանալ»։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW