×


Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»

Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա առաջիկայում, իսկ մինչ այդ BRAVO.am-ը զրուցել է գլխավոր հերոսուհուն մարմնավորող Անի Ղազարյանի հետ: Համազգային թատրոնի դերասանուհին պատմել է հուզիչ նկարահանումների, իր մարմնավորած կերպարի մասին, եւ ոչ միայն:

Անի Ղազարյանը` «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի նկարահանումներին


«Չնայած իմ ու հերոսուհուս տարիքային մեծ տարբերությանը…»


2015-ի հոկտեմբերն էր, Մհեր Մկրտչյանը եկավ Համազգային թատրոն՝ դերասանների հետ հանդիպման: Այդ օրը նրան հրավիրեցինք «Լյու-Բոֆ» ներկայացումը դիտելու: Հենց այդ ներկայացման ժամանակ էլ աչքի ընկա: Սկզբում շատ ավելի փոքր դերի համար կանչեց, բայց հետո առաջարկեց գլխավոր դերը փորձել ու հաստատեց՝ չնայած իմ ու հերոսուհուս տարիքային բավական մեծ տարբերությանը:

Անհանգստություն, վախեր

Դերի առաջարկը ստանալիս չգիտեի, որ այսքան մեծ հաջողություն կունենա առաջին ֆիլմը: Պատասխանատվության զգացումը, անհանգստությունն ու վախերն առաջացան հանդիսատեսի բուռն արձագանքից հետո: Այդ ժամանակ երկրորդ մասի 80 տոկոսն արդեն նկարահանված էր:

Անի Ղազարյանը` «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի նկարահանումներին


«Չէի ճանաչում Մհեր Մկրտչյանին»

Մինչ առաջարկը ստանալը չէի ճանաչում Մհեր Մկրտչյանին, չէի դիտել նրա նկարահանած ոչ մի ֆիլմ: Ինձ ուղղակի շատ դուր եկավ սցենարը, նաեւ ամենակարեւորը՝ հետեւեցի ներքին ձայնիս, որ ինձ հուշում էր՝ լավ արդյունք պիտի լինի: Երկրորդ մասի հիմնական նկարահանումները սկսել ենք 2016-ի ապրիլի կեսերից եւ ավարտել հոկտեմբերին:

Արցախի ապրիլյան պատերազմից հետո

Մեր նկարահանումները հաջորդեցին ապրիլյան դեպքերին: Միանգամից սցենարում ներառվեցին այդ իրադարձությունները: Նկարահանումները, բնականաբար, անսահման հուզիչ չէին: Ավագ սերնդի դերասանների հետ խաղալն ինձ մասնագիտական մեծ փորձ տվեց: Կերպարիս զարգացումների մասին խոսել չեմ կարող: Ֆիլմի պրեմիերային հաշված օրեր են մնացել, եւ շուտով հանդիսատեսը կտեսնի սիրված պատմության շարունակությունը:

Անի Խաչիկյանը եւ Անի Ղազարյանը


«Իմ ու Անի Խաչիկյանի հերոսուհին»

Հերոսուհիս իմ ավելի հասուն տեսակն է: Նմանություններ շատ կան, կամ էլ միգուցե նկարահանման ժամանակ նմանվեցինք: Բայց դերը ես միայնակ չեմ կառուցել: Առաջին ֆիլմի նկարահանումները դեռ չէին սկսվել, երբ ես ու Անի Խաչիկյանը միասին սկսեցին աշխատել կերպարի վրա: Չէ՞ որ շատ կարեւոր է, որ երիտասարդ եւ հասուն Աննաները նույն միս ու արյունից լինեն:

«Շնորհակալ եմ»

Նկարահանումների ընթացքում Համազգային թատրոնում ոչ մի խնդիր չեմ ունեցել: Տնօրինությունն ընդառաջեց ինձ եւ հարմարվեց նկարահանումների իմ գրաֆիկին, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Օրը՝ դստեր հետ


Այս շրջանում բավական ազատ է աշխատանքային գրաֆիկս: Գրեթե ամեն օրս անցնում է աղջկաս հետ: Փորձում եմ բացերս լրացնել:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Ղազարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW