Արփենիկ Հակոբյանի անձնական կյանքում հաճելի փոփոխություն է եղել: Երգչուհին երեկ իր “ֆեյսբուքյան” էջում գրառում է կատարել` նշելով, որ հարաբերութունների մեջ է, BRAVO.am-ին էլ հայտնել է, որ ընտրյալը մասնագիտությամբ էլեկտրոմեխանիկ, բելգիաբնակ Խորեն Վարդանյանն է:
Արփենիկ Հակոբյանը եւ Խորեն Վարդանյանը
Մեզ հետ զրույցում նա պատմել է իր եւ սիրելիի առաջին հանդիպման մասին.“Նա միշտ հետեւել է իմ “ֆեյսբուքյան” էջին, տարածել երգերս: Այնպես ստացվեց, որ մի օր էլ զրույց ունեցանք. շատ էր ուզում իմանալ բրյուսելյան առաջիկա համերգիս մասին եւ ներկա գտնվել: Հանդիպեցինք համերգից շուտ, միասին գինի վայելեցինք, ճաշեցինք, եւ ես ցույց տվեցի ձայնագրման իմ ստուդիան, որտեղ ձայնագրում էի նոր երգերիցս մեկը”: Արփենիկի խոսքով` Խորենն այդպես ծանոթացել է իր կյանքի կարեւոր գործոններին, հասկացել, որ անչափ նվիրված երաժիշտ է, ով անգամ առաջին ժամադրության օրն ուշ երեկոյան դարձյալ գնացել է ստուդիա:):
Երգչուհին ասում է, որ նրան շատ երկար է սպասել եւ հենց առաջին պահին էլ հասկացել է, որ Խորենն այն տղամարդն է, ում համար կարող է ոտաբոբիկ հասնել մոլորակի մյուս ծայրը.“Կարծես ծանոթ էր նրա հայացքը, խոսելաձեւն ու մաքուր ժպիտը”:
Խորեն Վարդանյանը եւ Արփենիկ Հակոբյանը
Զույգը միասին է 6 ամիս, շուտով ժամանելու են Երեւան` ընտանիքների հետ ծանոթանալու.“Հարաբերություններն օրինականացնելու փուլում ենք: Մեր բնակարանն ենք մեր ձեռքերով վերանորոգել: Արդեն մեկ ամիս է` միասին ենք ապրում: Որոշել ենք մագիստրատուրան ավարտելուց հետո էլ այստեղ հաստատվել եւ միասին հիմնադրել մեր փոքրիկ բիզնեսը, որի շրջանակում կապահովենք տարբեր ժանրերի երաժշտական ծառայություններ: Ինքս եմ հիմնականում հանդես գալու որպես թավջութակահարուհի եւ երգչուհի, իսկ կազմակերպչական հարցերով կզբաղվի Խորենը: Մտադիր ենք մեր շուրջը համախմբել ավելի քան 10 երկրի երաժիշտների` տարբեր ձեւաչափի նախագծեր ստեղծելու համար”:
Արփենիկ Հակոբյանը եւ Խորեն Վարդանյանը
Խոսելով ստեղծագործական նորություններից` Արփենիկը նշել է, որ շուտով նոր երգ կներկայացնի, իսկ այժմ զբաղված է քննություններով: Նա օգոստոսին սիրելիի հետ կժամանի Երեւան` համերգների: Որոշել են` այսուհետեւ միշտ միասին են լինելու եւ առանց իրար ոչ մի տեղ չեն գնալու:):
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ մաղթում հարատեւ սեր ու ամուր ընտանիք:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արփենիկ Հակոբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: