Դիանա Գրիգորյանը դարձյալ հեռուստաէկրաններին է: Դերասանուհին 5-ամսյա դադարից հետո նկարահանվում է «USArmenia»-ի «Մեղրամիս» սերիալում: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոսել է նոր կերպարից, քննադատություններից, նաեւ թե ինչպես է հաղթահարում հիասթափությունները եւ ինչի մասին է երազում:
Դիանա Գրիգորյանը
Միշտ դրական կերպարներ եմ մարմնավորել, այս մեկն էլ բացառություն չէ, բայց սիրով կհամաձայնեմ նաեւ բացասական դեր խաղալ: Հերոսուհիս՝ Լյուսին, Լոնդոնում ուսանողուհի է:
Նախորդ սերիալից հետո մոտ 5 ամիս դադարի շրջան էր: Այդ ընթացքում հանգստանում էի: Ճիշտն ասած, պետք էլ չի, որ դերասանն անդադար լինի էկրանին:
Սերիալում դերասանը գրեթե ժամանակ չունի կերպարի վրա աշխատելու: Ամեն ինչ շատ արագ է արվում: Դա է սերիալի ռիթմը: Համենայն դեպս, մեզ մոտ այդպես է: Իսկ թատրոնում այլ է. փորձերի արդյունքում կերպարդ առավելագույնս «եփվում է»:
Լավ է, որ դերասանը զբաղված է թե՛ սերիալներում, թե՛ թատրոնում: Ուրիշ հարց է` որքան որակով կներկայանա: Մյուս կողմից էլ ամեն երկրորդն, ով հայտնվում է էկրանին, իրեն դերասան է անվանում: Հենց այդ պատճառով շատ ժամանակ ամաչում ես ասել, որ դերասանուհի ես: Հիմա գրեթե բոլորն են այդպես կոչում իրենց:
Դիանա Գրիգորյանը
Կերպար ստեղծելիս անազատ կզգամ, եթե առաջարկված դերն անճաշակ է, գռեհիկ, անտրամաբանական:
Հիասթափություններ շատ են լինում, բայց ուշադրություն չեմ դարձնում, պարզապես աշխատում եմ: Ամեն բնագավառ լի է դժվարություններով, այս ոլորտը՝ եւս, պարզապես աշխատանքդ ավելի է քննարկվում եւ քննադատվում:
Դժվար է կարդալ աղջիկների եւ միջին տարիքի կանանց անհավանական չար մեկնաբանությունները: Դերասանին վատ պիտակավորումներ տալը տգիտության եւ անտեղյակության նշան է:
Այդ ամենի դեմ պայքարում եմ միմիայն ժպիտով: Իմ քննադատն ու խորհրդատուն մանկության եւ ուսանողական ընկերներս են: Նրանց կարծիքն իսկապես շատ կարեւոր է: Եթե ասում են՝ այս կամ այն տեսարանում այնքան էլ լավ չեմ խաղացել կամ հակառակը, ուրեմն այդպես է:
Դիանա Գրիգորյանը
Հիմա զբաղված եմ նաեւ նոր ներկայացումում, որի մասին ավելի ուշ կարող եմ խոսել: Այն պատրաստ կլինի գալիք տարեսկզբին:
Երազելի կերպար, որպես այդպիսին, չունեմ: Փոխարենը երազում եմ նկարահանվել որակյալ եւ մնայուն ֆիլմում:
Տեքստը` Հասմիկ ՄԻկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Դիանա Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: