“Արմենիա Մարիոթ” հյուրանոցում ավանդույթ է դարձել տոնածառի զարդարումն իրականացնել երեխաների ներգրավվածությամբ: Երեկ` դեկտեմբերի 2-ին, նախատոնական տրամադրությամբ միջոցառմանը մասնակցել է մոտ 50 փոքրիկ` “Օրրան”, “Հայաստանի մանուկներ հիմնադրամ” ու “Սոս մանկական գյուղեր” հասարակական կազմակերպություններից:
“Արմենիա Մարիոթ” հյուրանոցում նախատոնական բարեգործական միջոցառում է իրականացվել
Երեխաները թխվածքաբլիթները զարդարել են գունեղ քաղցրավենիքով եւ կոնֆետներով, որից հետո համտեսել են հյուրանոցի խոհարարների պատրաստած ուտեստները: Ճաշելուց հետո նրանք իրենց ուսուցիչների, հյուրանոցի աշխատակիցների հետ հավաքվել են նախասրահի տոնածառների շուրջ, ամանորյա երգեր են կատարել, կախել իրենց ձեռքով պատրաստած քաղցր խաղալիքներն ու երազանք պահել:):
“Օրրան” բարեգործական կազմակերպություն հաճախող 10-ամյա Նարինեն, որն ուզում է խոհարար դառնալ, ոգեւորությամբ պատրաստել էր խաղալիքները, որ Ձմեռ պապիկն իր ցանկացած նվերը բերի.“Ուզում եմ` տաբատ, գլխարկ, ձեռնոց, մեկ էլ շարֆ բերի, շատ կուրախանամ: Նոր տարին շատ եմ սիրում, ուրախ ու հետաքրքիր տոն է”:
“Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը եւ միջոցառմանը մասնակիցներից
15-ամյա Մերին առաջին անգամ էր մասնակցում այս միջոցառմանը: Նա եւս “Սոս” մանկական գյուղից իր ընկերների հետ եկել էր զարդարելու տոնածառը.“Անհամբեր սպասում եմ, երբ ենք խաղալիքները կախելու. թխվածքներով խաղալիք պատրաստելը շատ հետաքրքիր միտք է”:
“Օրրան” ցերեկային խնամքի կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով` տոնածառի զարդարումը փոքրիկների համար դարձել է բարի ավանդույթ.“Հյուրանոցը երեխաների համար արդեն ծանոթ ու հարազատ անկյուն է, եւ ստանալով բարություն` նրանք էլ ավելի բարի են դառնում: Երբ հարցնում էի` ինչ են անելու պատրաստած կարկանդակները, ուզում էին մայրերին կամ քույրերին նվիրել, ինչը հաճելի է լսել երեխաների շուրթերից”,-նշել է նա` ավելացնելով, որ բնական եղեւնու փոխարեն նախընտրում է արհեստականը.“Իհարկե, բնական եղեւնու բույրն ավելի հաճելի է, բայց քանի որ Հայաստանում բնության պահպանության խնդիր ունենք, վերջին տարիներին տանը եւ “Օրրան”-ում արհեստական տոնածառ ենք զարդարում”:
Երեխաները քաղցրավենիքից տոնածառի խաղալիքներ են պատրաստել
“Արմենիա Մարիոթ” հյուրանոցի կոմերցիոն ղեկավար Անահիտ Թանթուշյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ միջոցառման ձեւաչափը երեխաները հավանում են, ուստի փոփոխելու անհրաժեշտություն չկա.“Սիրված օր է դարձել: Երեխաները փորձում են թխվածքաբլիթները գեղեցիկ ձեւավորել ու հնարավորինս շատ խաղալիք պատրաստել”,-հայտնել է նա` հավելելով, որ ամանորյա նախաձեռնությունը շարունակական կլինի:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: