×


Էրիկ.“Մի՞թե հույս ունեն, որ կարող ես բոլորի հետ ամուսնանալ:)”

1988 թվականի հունիսի 5-ին Թբիլիսիի 5-րդ հիվանդանոցի 5-րդ հարկի 5-րդ հիվանդասենյակում ծնվեց հայ տղա, որին այս թիվն ուղեկցում է մինչ օրս եւ կյանքի բոլոր ոլորտներում: 2011-ին 5-րդ համարի ներքո նա հանդես եկավ “Նոր ալիք” մրցույթում եւ հաղթեց “Հանդիսատեսի համակրանք” անվանակարգում: Ինչպես արդեն կռահեցիք, խոսքն Էրիկի մասին է, որը երգելուց բացի, սիրում է ֆուտբոլ խաղալ եւ օրերս այցելել է “Հրազդան” մարզադաշտ` լուսանկարվելու BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում: Երգչի հետ էր եղբայրը` Բոկա Կարապետյանը, ով նաեւ նրա պրոդյուսերն է: Ուշադրություն դարձրեք մարզադաշտի ժամատախտակին, Էրիկի մարզակոշիկներին եւս պատկերված է 5 թիվը:):

Էրիկը


Վերջերս եմ վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ “Pasadena Civic” դահլիճում ելույթ ունեցա Ինգա եւ Անուշ Արշակյանների, Անդրեի, Արսեն Սաֆարյանի եւ Սյուզի Շահբազյանի հետ: Հանդիսատեսի “պահանջով” ծրագրից դուրս կատարեցի Առնո Բաբաջանյանի “Քո հետքերը”, ներկա վրացահայերի համար էլ նաեւ վրացերեն երգեցի:

Շուտով կրկին մեկնելու եմ Կալիֆորնիա` մասնակցելու “World Armenian Entertainment Awards” մրցանակաբաշխությանը: Չգիտեմ` ինչ է այնտեղ ինձ սպասվում, վերադառնալուն պես կպատմեմ:):

“Իմ կարոտն է” երգի երաժշտությունը գրել եմ հինգ տարի առաջ, բայց թերահավատորեն էին վերաբերվում դրան: Հետո հեղինակեցի “Առաջին ու միակ”-ը  եւ հասկացա` այնպիսին եմ, ինչպիսին կամ նաեւ իմ երգերում: Ունեմ բազմաթիվ գործեր, որոնք տարբեր կարծիքների են արժանացել, սա այն երգն է, որի մասին միայն դրական արձագանքներ եմ լսել: Տեսահոլովակն էլ իմ լավագույններից մեկն է:

Էրիկը


Ինձ համար երգ գրելը բիզնես չէ: Առաջարկներից հրաժարվում եմ: Այն, ինչ ծնվում է իմ մեջ, պետք է ապրի իմ մեջ:  “Առաջին ու միակ”-ն ուրախ սիրո մասին է, “Իմ կարոտն է” երգն էլ է իմ պատմությունը: Ունեմ գործեր, որոնք գուցե տեսահոլովակով կներկայացնեմ:

Իմ երգացանկում չկան ծննդյան տոներին, հարս ու փեսային նվիրված երգեր: Կարծում եմ` պետք չէ անել մի բան, որն արդեն հազար անգամ արվել է, բայց այդպես վարվողներին էլ չեմ մեղադրում: Իսկ ինձ, փառք Աստծո, հրավիրում են երգել “Քո հետքերը”, “Առաջին ու միակ”-ը, որը զույգերի սիրելի երգն է դարձել:

Հանդիսատեսը պետք է գա քո հետեւից եւ ոչ հակառակը: Իսկ երաժշտասերներին այսօր խառնաշփոթի մեջ են գցել, դրա համար ես երգում եմ այն երգերը, որոնք սիրում եմ:

Էրիկը


Շուտով կներկայացնեմ իմ երկրորդ ձայնասկավառակը:  Արտերկրում նորաձեւ է դարձել “ռետրո ոճով” սկավառակներ թողարկելը, հուսով եմ` Հայաստանում էլ նման միտում կնկատվի: Նոր ալբոմումս կլինեն ինչպես ռիթմիկ, այնպես էլ մեղեդային երգեր, որոնց մեծամասնության երաժշտության հեղինակը ես եմ:

Երգիչը պետք է թույլ տա, որ իրեն կարոտեն. հանդիսատեսին ձանձրացնելը լավ երեւույթ չէ: Երբ սկսում ես միանման լինել, ունկնդիրը սկսում է նորություն փնտրել, եւ դու մնում ես ստվերում:

Քսան տարի է` բեմում եմ, չորս օր շարունակ մենահամերգով եմ հանդես եկել Երգի թատրոնում, իսկ հիմա հասունացել է նվագախմբի հետ ելույթ ունենալու պահը:

Էրիկը


Իմ երկրպագուհիները մեր դուռը չեն կոտրում, քանի որ մեր շենքի մուտքը կոդով է:): Հայուհիները զուսպ են, բացի այդ, ես նախընտրում եմ, որ ինձ սիրեն իմ մատուցած երգի համար: Զարմանալի է, որ արտիստի երկրպագուհիների թիվը նվազում է նրա ամուսնությունից հետո. մի՞թե հույս ունեն, որ կարող ես բոլորի հետ ամուսնանալ:):

Ինձ շատ դժվար է կոտրել: Մեր բնագավառում բացասականն այնքան շատ է, որ հիասթափվելու դեպքում տեղում կմնամ եւ ոչինչ չեմ անի: Ուզում ես զատվել եւ ապրել այն մոլորակում, որը քոնն է: Արդեն իսկ շատ բաների եմ հասել: Երբեք վերջակետ չեմ դնում. դեռ տեսնում եմ իմ ճանապարհը, որը երկար է:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW