Առաջնեկի` Ալեքսանդր կրտսերի լույս աշխարհ գալուց ամիսներ անց դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթը, լուսանկարվեց BRAVO.am-ի ֆոտոշարքում՝ ցույց տալու, թե ինչպես է հղիությունից հետո վերականգնել կազմվածքը եւ ազատվել 33 կգ ավելորդ քաշից: Դիետոլոգն օրերս նոր լուսանկարահանման է մասնակցել եւ ֆոտոշարքն առաջինը տրամադրել է մեզ:
Լիլիթ Բաբասյանը
Շուրջ երկու տարի է՝ նա շարունակում է ակտիվորեն մարզվել եւ հետեւել հատուկ սննդակարգի: Ինչպես հայտնել է, նպատակը մեկն է՝ ունենալ առողջ եւ գեղեցիկ մարմին.«Սպորտն ինձ համար կյանք է դարձել: Երբ տխուր եմ, մարզվում եմ, լավ տրամադրություն ունեմ` նույնպես: Անգամ այն ժամանակ, երբ զայրացած եմ, այցելում եմ մարզասրահ եւ լիցքաթափվում: Սպորտն իմ ընկերն է դարձել, ընկեր, ով երբեք չի դավաճանի: Երբեք»:
Կախված նպատակից՝ Լիլիթը մարզման ծրագիրը մշտապես փոխում է: Օրինակ, ձմռանը ցանկացել է մկանային զանգված ձեռք բերել, ուստի օրական 3 ուժային եւ մեկ կարդիո վարժություն է արել: Պարզվում է՝ նա եւ Ալեքսանդրը մարզվում են տարբեր մարզասրահներում.«Ամուսինս, իհարկե, երբեմն դեմ է լինում հաճախակի այցերիս. խանդում է:)»:
Լիլիթ Բաբասյանը
Նա ուրախությամբ շեշտել է, որ մարզվողների թիվն աստիճանաբար աճում է.«Երկու տարի առաջ, երբ նոր էի սկսել պարապմունքները, բոլորն ինձ թեք հայացքով էին նայում: Այսօր յուրաքանչյուր երկրորդը մարզվում է: Անկեղծ ասած՝ հետեւում եմ, թե ովքեր են մարզասրահի «բնակիչները», ովքեր` «հյուրերը»: Վերջիններս չեն գալիս մարմինը ձգելու համար, մեծ մասը ցուցամոլ են: Հուսով եմ` մի քանի տարի անց մեր աղջիկները սրահներ կհաճախեն՝ իրենց նպատակին հասնելու համար»:
Հարցին՝ արդյոք չի կարող ցանկալի արդյունքին հասնել միայն հատուկ սննդակարգի միջոցով, Լիլիթը պատասխանել է` եթե միայն նիհարելն է նպատակը, ապա՝ այո. «Բայց եթե ուզում ես ամրակազմ լինել, անհրաժեշտ է ե՛ւ ճիշտ սնունդ, ե՛ւ մարզումներ»:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Աստղիկ Միրաքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: