×


Լիլիթ Բաբասյան. «Ամաչում էի ամուսնուս ներկայությամբ հանվել»

Առաջնեկի` Ալեքսանդր կրտսերի լույս աշխարհ գալուց 4 ամիս անց դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթը, վերականգնել է նախքան հղիությունն ունեցած իր կազմվածքը: Հատուկ սննդակարգի ու մարզումների շնորհիվ նա նիհարել է 33 կիլոգրամ: BRAVO.am-ի հետ զրույցում երիտասարդ մայրիկն ասել է, որ հետծննդաբերական շրջանում այնքան գիրացած է եղել, որ ամուսնու ներկայությամբ ամաչել է հանվել:

Լիլիթ Բաբասյանը


Մոսկվայում հայտնի դիետոլոգների մոտ վերապատրաստում անցած Լիլիթը վերջերս «Նոր կյանք` նոր մարմնում» վերնագրով ռուսալեզու գիրք է հրապարակել, որում նիհարել ցանկացող կանանց հետ կիսվում է իր փորձով: Նրանից տեղեկացանք, որ Երեւանում էլ հատուկ ճաշացանկով ռեստորան բացելու մեծ ցանկություն ունի:

Երեխայի լույս աշխարհ գալուց հետո զույգի հարաբերություններն էլ ավելի են ամրացել: Լիլիթի խոսքով` այժմ ավելի լավ են հասկանում միմյանց. «Խանդս փոքր-ինչ մեղմացել է. նախկինում ամեն մանրուքից տեսարան էի սարքում, բայց հիմա հանդարտվել եմ: Հասկանում եմ, որ նրան նվիրել եմ այն, ինչը նախկինում երբեք չի ունեցել: Բոլորովին նոր աշխարհ եմ տվել՝ վստահ լինելով, որ երբեք չի խաբի, չի դավաճանի, չի նեղացնի, նույնն էլ՝ ես: Այնքան եմ փոխվել, որ Ալեքսանդրը մեկ-մեկ հարցնում է, թե ինչու էլ իրեն չեմ խանդում, կարո՞ղ է էլ չեմ սիրում:)»:

Լիլիթ Բաբասյանը


Ինչպես բոլոր զույգերը, Ալեքսանդրն ու Լիլիթն էլ հաճախ տարաձայնություններ են ունենում, այս դեպքում էլ նրանց կռվի թեման ամուսնու խանդն է, ով դժվարությամբ է համակերպվում կնոջ աշխատանքի հետ.«Զբաղվածությանս պատճառով հաճախ եմ տնից բացակայում, քիչ եմ նրան զանգահարում: Ինչպես նախկինում, ամեն պահ ժամանակ չեմ ունենում նրան տեղեկացնել, թե ուր եմ եւ ում հետ, բայց միմյանցից նեղանալը 2 ժամ էլ չի տեւում: Մեր ընկերները հաճախ ծիծաղում են՝ ասելով, որ կամ իրենց ենք ձեռք առնում, կամ՝ ինքներս մեզ:): Երկուսս էլ շատ էմոցիոնալ ենք. եթե կռված ենք, ուրիշների ներկայությամբ ձեւ չենք տալիս, թե իբր ամեն բան կարգին է: Հաշտվելուց հետո էլ չենք հիշում կռվի մասին:)»:

Լիլիթը խստորեն հետեւում է ամուսնու սննդակարգին եւ հաճույքով վերջինիս համար տարբեր ճաշատեսակներ ու թխվածքներ է պատրաստում. «Սաշը շատ է սիրում համեղ ուտել, իսկ ես՝ իր համար պատրաստել: Այս շրջանում ինքն էլ մեծ ցանկություն ունի մի փոքր նիհարել»:

Լիլիթ Բաբասյանը


Որդու խնամքի հարցում Լիլիթը շատ բծախնդիր է, վստահում է միայն մայրիկին. «Դայակ ունենալու մասին խոսք լինել չի կարող. ես հիվանդագին եմ վերաբերվում տղայիս, սիրում եմ նրա հետ կապված ամեն բան ինքնուրույն անել: Դժվարությամբ եմ բաժանվում փոքրիկիցս, աշխատում եմ անընդհատ կողքին լինել: Կարծում եմ՝ նրան ինձնից լավ ոչ ոք չի խնամի: Երեխայի իրերին ու սննդակարգին շատ ուշադիր եմ, փորձում եմ միայն էկոլոգիապես մաքուր սնունդ տալ, խաղալիքներն էլ պարբերաբար եռման ջրով ախտահանում եմ: Որդուս հանդեպ էլ շատ խանդոտ եմ. եթե օրվա մեջ ավելի շատ է հայրիկի մոտ է գնում, «պապա-պապա» կանչում, նեղանում եմ ու անշնորհակալ անվանում:)»:

Լիլիթ փոխանցմամբ՝  Ալեքսանդրը ոչ միայն հիանալի ամուսին է, այլ նաեւ շատ հոգատար հայր.«Իմ պապան է ինձ համար կատարյալ հոր օրինակ, չէի պատկերացնի, որ աշխարհում կլինի նրան հավասար մեկ ուրիշը: Ալեքսանդրը գերազանցել է հայրիկիս. չափից շատ հոգատար ամուսին ու հայր է: Տղայիս նոր ծնված ժամանակ լինում էին գիշերներ, երբ ինձ թույլ չէր տալիս վեր կենալ, ինքը պատրաստում էր կաթիկն ու կերակրում նրան: Հիշում եմ՝ հղի ժամանակ բարձր ջերմություն ունեի, իսկ ծնողներս քաղաքում չէին, նա երեխայի պես հոգ էր տանում ինձ. ժամերով խոհանոցում ճաշ էր պատրաստում, հագուստս փոխում»:

Լիլիթ Բաբասյանը


Խոսելով Ալեքսանդրի բնավորության դրական ու բացասական կողմերի մասին՝ Լիլիթը նշել է, որ ամուսնուն ընդունել ու սիրում է այնպիսին, ինչպիսին կա.«Նա ավելի շատ դրական կողմեր ունի, քան բացասական: Ժամանակի ընթացքում հարմարվել եմ նրա բնավորությանը»:

Դերասանը կնոջը հաճախ է անակնկալներ մատուցում՝ չսպասելով որեւէ առիթի: Ծաղիկները նրանց տնից անպակաս են.«Նախկինում շատ էի ուզում օդապարիկով թռչել, սակայն թույլ չէր տալիս: Օրեր առաջ իմացա, որ ինձ համար անակնկալ է պատրաստում, չնայած՝ շատ է վախենում բարձրությունից: Թույլ է տվել, որ դաջվածք անեմ, ինչը նախկինում քննարկման ենթակա չէր: Օրեր առաջ փակեց աչքերս ու տարավ «Հաղթանակ» զբոսայգու բարձունք. բացեցի աչքերս ու տեսա` հարակից տարածքում մոմեր է վառել, սեղանին սուշի է դրված. սուշիի սիրահար եմ»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Նկարահանումն իրականացվել է “Lady Space” մարզասրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW